Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան էտյուդներից մինչեւ հարգանքի տուրք Սպենդիարյանին

Մայիս 22,2021 12:00

Օրեր առաջ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում կայացավ «Երեւանյան էտյուդներ» լուսանկարչական մրցույթը։ Այն իրենից ներկայացնում էր երեւանյան լուսանկարների ցուցահանդես, որոնցում պատկերված էին Երեւանն ու երեւանյան տրամադրությունը։

«Մրցույթի մասին կարողացանք իրազեկ պահել հանրությանը Aravot.am-ի, մեր սոցիալական պաշտոնական էջերի եւ հովանավորների շնորհիվ։ Ծավալուն բնութագրական էինք ներկայացրել մրցույթի համար, սակայն ամենակարեւոր կետն այն էր, որ ժյուրին առավելությունը տալու էր այն լուսանկարիչներին, որոնց հեղինակած լուսանկարներում առավելագույնն էր ներկայացված լինելու երեւանյան տրամադրությունը։ Լուսանկարիչն այստեղ մեծ խնդիր ուներ` լուսանկարել այն, ինչն իրոք կհաղորդեր այդ տրամադրությունը։ Իրականում դիմումները շատ էին եւ գոհացնող, շատ էին հետաքրքրվողները նաեւ արտերկրից։ Կային լուսանկարիչներ, որոնք շատ գեղեցիկ լուսանկարներ էին ուղարկել, սակայն դրանք չէին համապատասխանում մեր թեմատիկային։ Ստացանք ընդհանուր 120 հեղինակից 400 լուսանկար, այդ լուսանկարները խմբավորվեցին եւ մնացին 32 հեղինակ, թեպետ մնացածն էլ ունեին բավականին հետաքրքիր մոտեցում»,- ասում է թանգարանի հանրային կապերի պատասխանատու Մարիամ Հովունին։

Մարիամի խոսքով, ժյուրին գերպրոֆեսիոնալ էր, քանի որ կազմում ավագ սերնդի լավագույն լուսանկարիչներն էին` Զավեն Խաչիկյանը, Մելիք Բաղդասարյանը, Սամվել Սեւադան, նաեւ թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը եւ Արազ Արթինյանը։ Քննարկումներն արվել են նաեւ օնլայն տարբերակով, քանի որ Արազ Արթինյանը ԱՄՆ-ում էր։

«2-րդ հորիզոնականը կիսվեց, որովհետեւ ժյուրին հավասար էր գնահատել այդ մասնակիցների աշխատանքը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հովանավորներին եւ աջակիցներին, որոնք ցուցահանդեսի շրջանակում մեր կողքին եղան։ Մրցույթը կոչեցինք «Երեւանյան էտյուդներ»՝ ի պատիվ Սպենդիարյանի եւ իր գործի, քանի որ Սպենդիարյանը շատ էր սիրում Երեւանը։ Մրցույթով, ինչպես նշեցի` հետաքրքրված էին նաեւ արտերկրի մեր հայրենակիցները, իրենցից եւս լուսանկարներ ստացանք։ Ֆրանսիայից մեր հայրենակիցը, որը եւս մասնակցեց մրցույթին` մեծ լուսանկարային շարք էր ուղարկել»,- եզրափակեց իր խոսքը Մարիամ Հովունին։

Խոսեցինք նաեւ մրցանակակիրների հետ:

«Մրցույթի մասին պատահական իմացա եւ որոշեցի մասնակցել։ Առհասարակ նման մրցույթները բաց եմ թողնում, սակայն այս անգամ որոշեցի բացառություն անել։ Գեղեցիկ լուսանկարներ արեցի, ուղարկեցի, եւ չնայած նրան, որ չէի սպասում որեւէ տեղ գրավելուն` գրավեցի առաջին հորիզոնականը։ Լուսանկարել էի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող նորաբաց այգում խաղացող երեխային, որը բրոնզե արձանիկի հետ էր։ Մենք այդ պահին նստած էինք իրենց հարեւանությամբ եւ երբ տարածքը բացազատվեց` գտա ճիշտ պահն ու լուսանկարեցի»,- ասում է Դավիթ Հակոբջանյանը։
Դավիթը սիրում է պատահական լուսանկարներ անել, երբ մարդիկ չեն էլ իմանում, որ իրենց նկարում են։ Ասում է` երբ իմանում են, որ կադրում են` ինքնաբերաբար դուրս են գալիս իրենց բնական վիճակից եւ լուսանկարը հաջող չի ստացվում։ «Իմ ոճը բնականը նկարելն է։ Բնականը նկարելու արդյունքում ստացա մրցանակները` մեկ վկայական մասնակցության համար եւ մեկ պատվոգիր` լուսանկարներիս համար։ Հուսամ՝ նման մրցույթների մասնակցելս ու լուսանկարներ անելը շարունակական կլինի, պարզապես երբեմն ժամանակը չի ներում։ Կնոջս հետ «սթրիթ ֆոտոներ» շատ ենք անում։ Ցավոք, ձեռքով նկարել չեմ կարողանում, չնայած նրան, որ փորձել եմ»։

Մեր մյուս զրուցակիցը Ելենա Առաքելովնան է, որի խոսքով՝ «Երեւանյան էտյուդներ» մրցույթի իր մասնակցություն ավելի շատ հարգանքի տուրք էր Սպենդիարյանին։

«5 լուսանկար էի ներկայացրել, որոնցից 3-ն ընտրեցին։ Կայծակով նկարը՝ «Գարնանային օրատորիա» վերնագիրն ունի, արձանիկով նկարը՝ «Մոռացված երազանք», իսկ տոնածառով նկարը՝ «Հունվարյան մտորումներ»։ Աշխատում եմ օպերային թատրոնում եւ մեծ երկրպագուն եմ Թամանյանի հանճարի։ Օպերայում շատ եմ լուսանկարում, փորձում եմ գեղեցիկ պահերը որսալ եւ անմահացնել։ Կարծում եմ` նմանատիպ այլ մրցույթների եւս կմասնակցեմ, եթե նախաձեռնողներ լինեն։ Առաջ էլ ինքս ինձ համար էի գեղեցիկ լուսանկարներ անում, կարելի է ասել` զբաղվել եւ զբաղվում եմ լուսանկարչությամբ։ Թեմատիկաս էլ հիմնականում երեւանյան է, բայց ունեմ նաեւ լուսանկարներ Արեւմտյան Հայաստանից»։

Ելենային բոլոր ճանապարհները տանում են դեպի օպերա եւ դեպի արվեստ։ Կարծում է` թե՛ իր, թե՛ բոլորիս մոտիվացիան սերն է առ հայրենիք եւ առ Երեւան։ Իսկ հիասթափություններ հաղթահարում է` արվեստով։

«Արվեստն ապրեցնում է, փրկում, լուսանկարելը արվեստի մի առանձին ճյուղ է։ Կցանկանայի, որ արվեստը լիներ բոլորի կյանքում` լինի դա նկարչության, երաժշտության, պարի, թե մեկ այլ բանի տեսքով, բայց լինի։ Մի՛ հեռացեք արվեստից, որովհետեւ արվեստն այն փրկող օղակն է, որը լուսավորում է բոլորիս կյանքը»,- եզրափակում է իր խոսքը մեր զրուցակիցը։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31