Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրել են` Գավառում սնունդ են բաժանում, բայց էդ Ծառուկյանի այցից հետո էր». Տիգրան Արզաքանցյան

Հունիս 09,2021 23:33

«Երեք ժամ պահել են, հիմա նոր բաց են թողել: Արդեն էդ երեխեքի ծնողները ընկել էին ման էին գալիս»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԴԿ նախընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Տիգրան Արզաքանցյանն` անդրադառնալով այսօր Արտաշատում քարոզարշավից հետո եղած միջադեպին:

Ինչպես հայտնի է, քարոզարշավի ավարտից հետո ՀԴԿ շտաբի անդամներին բերման էին ենթարկել:

Պարոն Արզաքանցյանը հստակեցրեց, որ բերման են ենթարկվել իրենց ութ կուսակից եւ համակիր, այդ թվում նաեւ Մասիս քաղաքի շտաբի պետին. «Ութ հոգու տարան, մի հոգի էլ 15 տարեկան երեխայի`դրոշակ բռնող»:

Ըստ նրա, բերման ենթարկելու պատճառը եղել է մեքենայում հայտնաբերված սնունդը, որը նախատեսված է եղել իրենց աշխատակիցների համար: «Պատկերացնում ես, ուզել են, որ մեր երիտասարդներն անպայման ասեն, որ մենք այդ բուտերբրոտները բերել ենք բաժանելու համար: Բայց մենք  մեզ թույլ չենք տա նման բան անենք: Էդ երեխեքը բուտերբրոտները վերցրել են իրանց համար, շտաբի աշխատողների համար, քաղմասում էլ վերցրել են ֆանտաստիկ թվեր են գրում: Մեր ժողովրդին ես բուտերբրո՞տ եմ բաժանում: Դու պատկերացնո՞ւմ ես»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը:

Նա կարծում է, որ այս միջադեպը կապ ունի Գավառում քվեի դիմաց՝ սննդի տեսքով, ընտրակաշառքի հետ: Ըստ «Սպուտնիկ Արմենիայի» ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, կուսակցություններից մեկի Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը ընտրողներին կաշառք տալու համար գրասենյակի քարտուղարի Գավառում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին: 2021թ. հունիսի 9-ի առավոտից սկսած՝ 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 ՀՀ դրամ արժողությամբ։

Տիգրան Արզաքանցյանը նեղսրտած է, որ այդ դեպքը կապում են իր հետ, մինչդեռ ինքը պնդում է, որ դեպքը եղել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի`Գավառ այցից հետո. «Գրել են` Գավառում սնունդ են բաժանում: Բայց էդ Ծառուկյանի այցից հետո էր: Գավառ անունն հիմա լրիվ կապում են իմ հետ: Բոլոր կուսակցություններն էլ տարբեր մարզեր գնում են, պրի չյոմ, որ կապեն մեր հետ: Իրավունք չունեն մեր հետ բան կապեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930