Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Մեր երկու կողմերի թուրք ժողովուրդները ծաղկում են, իսկ մեր մոտ խայտառակ վիճակ է՝ իշխանությունը պետք է փոխել»

Հունիս 18,2021 18:08

«Ինչ կարողացանք՝ արեցինք: Ունեցել ենք համեստ միջոցներ: Իմ աշխատած փողերն են եղել, մի երկու ընկերներ փող տվեցին: Մեծ ֆինանսավորում չունեինք: Բայց շրջեցինք հանրապետությունով, լավ հանդիպումներ ունեցանք եւ ներկայացրինք, անխոս, լավագույն ծրագիրը: Ես կարծում եմ՝ երեկվա, այսպես ասած, դուելը ցույց տվեց, որ ավելի լավը, համենայն դեպս, չկա: Նույնիսկ այն պարագայում, երբ որ իշխող կուսակցությունը ունի տեղեկատվություն եւ կարող էր ներկայացնել նորմալ ծրագիր՝ սկսած տնտեսականից:

Քաղաքական մասով մեծ հաղթանակ է ինձ համար, որ իբր կան արեւմտամետներ եւ ռուսամետներ: Ցույց տվեցինք, որ արեւմտամետ չկա, այդպիսի բան չկա: Արեւմուտքը մեզ համար որպես արեւմտամետ ներկայացնում է Թուրքիային: Պայքարը ռուսամետների եւ թուրքամետների մեջ է: Այլ հարց չկա՝ թուրքամետ լինել չենք կարող: Ինչ վերաբերում է ռուսամետությանը, մենք մեծ հաշվով ռուսամետ լինել էլ չենք կարող: Պետք է լինենք հայամետ: Բայց պետք է հասկանանք, որ գալ այստեղ, ժողովրդին ասել, թե Ռուսաստանը մեզ խաբում է, ինչի՞ համար է: Ռուսաստանն անում է այն, ինչն իրեն շահավետ է: Սա պետք է հասկանալ, եւ մենք ամբողջ քարոզարշավում ազգին սա հասկացնում էինք:

Ընթացքում մենք բախվեցինք, այսպես կոչված, արեւմտամետների հետ: Ասում ենք՝ ցույց տվեք, որ Միացյալ Նահանգները կամ Եվրամիությունը լրջորեն գալու են այստեղ եւ պայքարելու են թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ: Պարզվեց՝ այդպես չի, չեն գալու, չեն պայքարելու: Ասեք, որ Թուրքիան չի ներկայացնում Արեւմուտքը եւ ՆԱՏՕ-ն՝ չէ, ներկայացնում է: Ասեք, որ ՆԱՏՕ-ն անցած տարվա աշնանը համաձայն չէր թուրքաադրբեջանական ագրեսիային, չէ՝ պարզվում է դա էլ չկա: Մնացածը բլյա-բլյա է»,- ասաց պարոն Բագրատյանը:

«Ազատություն» կուսակցության նախագահը նաեւ գոհ է, որ իրենք հանրության հետ շփումներում եղել են պարզ ու անկեղծ, իշխանության գալու համար անիմաստ ու սուտ խոստումներ չեն տվել, որ մարդկանց հետ շփումներում իրենք էլ իրենց համար նոր բացահայտումներ են արել, տեսել ու ծանոթացել են բազմաթիվ իսկական հերոսների, հայրենասերների հետ, որոնք արժանի են պատշաճ գնահատումի: Նա նաեւ կոնկրետ, առարկայական համեմատություններ արեց այսօրվա իշխանությունների ստեղծած նախկին թալանչի հների՝ շատ դեպքերում կեղծ կերպարի եւ մեր օրերում տեղի ունեցող իրողությունների միջեւ:

Վերջում Հրանտ Բագրատյանը շնորհակալություն հայտնեց քարոզարշավի ամբողջ ընթացքում իրենց ու քաղաքական մյուս ուժերի հետ հավասարապես չարչարված, գործունեությունը լուսաբանած լրատվամիջոցներին ու լրագրողներին եւ դիմելով ընտրողներին՝ հորդորեց. «Հունիսի 20-ին իշխանություն է փոխվում: Ես դրանում համոզված եմ: Դրա համար պայքարում եմ: Ձեզանից շատ բան է կախված: Եկեք՝ ցույց տվեք դա: Մտածում եմ հունիսի 21-ից սկսվող հնարավոր ակցիաների մասին: Բայց մենք պետք է իշխանությունը փոխենք: Փաշինյանը չի կարողանում կողմնորոշվել: Պետությունը պետք է կառուցվի: Մեր երկու կողմերի թուրք ժողովուրդները ծաղկում են, իսկ մեր մոտ խայտառակ վիճակ է: Մենք ծանր պարտություն ենք կրել: Լացս գալիս է, երբ հիշում եմ՝ ինչ գնով ենք կրել այդ պարտությունը, թե ինչքան թուրք ագրեսոր ենք ոչնչացրել, բայց դրանով հանդերձ, հաղթանակը մեզ չի հասել: Գնացեք՝ ընտրեք: Բայց մի ընտրեք Նիկոլին: Ինձ կընտրեք՝ ավելի լավ: Ես ապացուցեցի այս ընթացքում, որ կարողանում եմ ինքնուրույնաբար կառավարել, որ հասկանում եմ տնտեսությունը: Հիշեք անցած տարիների իմ ելույթները: Ինչ ասացի՝ կատարվեց: Հասարակ քաղաքական հոտառություն է պետք: Կան ուրիշ ուժեր, ուրիշին ձայն տվեք: Ում ուզում եք, ձայն տվեք, բայց ոչ Նիկոլին: Ամեն ինչ արդեն խոսվել է: Շնորհակալություն ձեզ համբերության համար: Հավատացեք, ես անկեղծ եմ եղել իմ ամեն մի խոսքի մեջ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930