Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ չեն «կիսում» Հայկ Մարությանը եւ իշխող ուժը

Հունիս 25,2021 21:07

«Ես էլ չեմ հերքի, բայց, կարծում եմ, որ խնդիրները զուտ աշխատանքային են. ավագանու վերջին նիստին էլ դա ընդգծվեց`ապօրինի շինարարության մասին եւ այլն: Այդ հարթության խնդիրները միշտ եղել են, էլի միշտ կլինեն, որեւէ անձնական բան չկա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը:

Նրանից հետաքրքրվել էինք` ի՞նչ հակասություններ կան Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի միջեւ: Երեւանի ավագանու վերջին նիստին, համենայնդեպս, ակնհայտ էր, այդ հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է: Իր հերթին Հայկ Մարությանն էլ կառավարությանն էր քննադատել:

Հիշեցնենք, որ ավագանու վերջին նիստում «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներից Գայանե Եղիազարյանը, դիմելով քաղաքապետին, ասաց՝ ապօրինի կրպակների մասին «շատ ենք խոսել, բայց միշտ լսել ենք պատասխան օրենքի բացի մասին»։

«Երբ խոսում ենք վարչական շրջանի ղեկավարի հետ, օրենքից դուրս ինքը չի ուզում ոչինչ անել, այսինքն` չկա օրենքում մի կետ, որը պաշտպանում է համայնքային հողերը, վախենում ենք դատվելուց։ Ի՞նչ է նշանակում վախենում են դատվելուց, ինչի՞ համար են իրենք վարչական շրջանի ղեկավարներ, եթե իրենք պետք է չպաշտպանեն համայնքի հողը», – ասաց Եղիազարյանը։

Արձագանքելով ավագանու անդամին՝ Հայկ Մարությանն  ասաց՝ դեռ 2019-ին իրենք դիմել են կառավարություն, որ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու» մասին կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարվեն, որպեսզի բացառվի հանրային տարածքներում ապօրինի շինարարությունը և կրպակ տեղադրելը։ Իսկ այսօր օրենքում, ըստ քաղաքապետի, կետեր կան, որոնք թույլ են տալիս, որ սեփականատերը քաղաքի ցանկացած վայրում, օրինակ, կրպակ տեղադրի, հետո դիմի քաղաքապետարան, որ այդ ինքնակամ կառույցն օրինականացվի։ «Այդպես էլ այդ որոշումը չի ընդունվել, ես չգիտեմ պատճառները, պատճառները կարող եք հարցնել ձեր գործընկերներին։ Այսինքն՝ եթե ուզում եք, որ մեր վարչական շրջանի ղեկավարները գործեն օրենքից դուրս, չի լինելու այդպես, որովհետև մենք ունենք դեպքեր, որ քրեական գործ է հարուցված», – ասաց Հայկ Մարությանը։

Նաեւ Նիկոլ Փաշինյանի Արայիկ Հարությունյանը չէր հերքել, որ խնդիրներ կան Հայկ Մարությանի հետ եւ նախընտրական քարոզարշավին Հայկ Մարությանի բացակայությունը հենց դրա մասին է խոսում:

«Իմ քայլը» խմբակցության քարտուղարից հետաքրքրվեցինք`իսկ քաղաքական հակասություններ կա՞ն «Իմ քայլի» թիմի եւ Հայկ Մարությանի միջեւ: Արմեն Գլջյանը պատասխանեց. «Ես կբավարարվեմ այդքանով: Ավել բան չեմ կարող…աշխատանքային բանավեճեր միշտ էլ լինում են»:

Քաղաքական կուլիսներում խոսակցություններ կան, որ Հայկ Մարությանը վերջին շրջանում արմատական ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամների հետ է հաճախակի հանդիպումներ ունեցել, նրան քաղաքական համագործակցության առաջարկ է արվել, որը Հայկ Մարությանը, համենայնդեպս, կտրուկ չի մերժել. կհաստատե՞ք, թե՞ կհերքեք սա, հարցին, Արմեն Գլջյանը պատասխանեց. «Ես նման տեղեկատվություն չեմ կարող հաստատել: Չունեմ նման տեղեկատվություն»:

Մյուս հարցին`Երեւանի քաղաքապետի փոփոխության կամ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների սպասե՞նք, պատասխանն էլ եղավ. «Նման տեղեկատվություն էլ չկա: Նման քննարկումներ ընդհանրապես չեն եղել»: Ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնում տեսնում է Խաչատուր Սուքիասյանին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Իսկ երկիր մոլորակի ուղեծիրը չի փոխվի՞………..

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930