Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայկական ժողովրդավարություն. մաս 1

Հունիս 28,2021 23:50

Հունիսի 20-ի «ընտրություններից» հետո ֆրանսիական «France 24» հեռուստաընկերություն անդրադարձել է դրանց արդյունքներին։

Հեռուստաընկերության հյուրն էր ֆրանսահայ ականավոր, համաշխարհային համբավ ունեցող քաղաքագետ Տիգրան Եկավյանը։ Լրագրողը Եկավյանին տարակուսած հարցնում է, թե այդ ինչպե՞ս պատահեց, որ պատերազմում պարտություն կրած Նիկոլ Փաշինյանը նորից ընտրվեց։ Եվ իմաստուն վերլուծաբանը, ով հիանալիորեն տիրապետում է հայաստանյան քաղաքականությանը, տալիս է շատ խորքային պատասխան․

-Հայաստանն ընտրեց ժողովրդավարությունը։

Ծափահարություններ․․․

Այժմ ավելի լուրջ։ Այ, մսյո Եկավյան, դուք ի՞նչ իրավունք ունեք, ձեր տաքուկ փարիզներից մտավարժանքներ անել Հայաստանի, հայկական ընտրությունների մասին։ Եվ ինձ ստիպեցիք գրելու սույն հոդվածը։

1991թ․ անկախություն ստանալուց հետո, Հայաստանում հռչակվեց ժողովրդավարություն։ Հետագայում, 1995թ․ հուլիսի 5-ի կեղծված սահմանադրությամբ արդեն ամրագրվեցին ժողովրդավարական արժեքները՝ ընտրություններ, իրավական պետություն, խոսքի ազատություն և այլն։ Իհարկե, արդեն իսկ կեղծված հանրաքվեն կասկածներ էր առաջացնում այդ արժեքները հռչակած սահմանադրության հեղինակ-իշխանավորների անկեղծության մասին։

Չխորանանք անցած տարիներին Հայաստանում հաստատված կեղծ ժողովրդավարության մասին՝ հոդվածը շատ ծավալուն կլինի։ Հատուկ շեշտեցի՝ կեղծ ժողովրդավարություն, քանի որ Հայաստանում նաև բռնապետություն հաստատված չէր, նաև բռնապետությանը բնորոշ խորհրդանիշներով։ Իսկ որո՞նք են այդ խորհրդանիշները։

Բոլոր ժամանակներում բռնապետական հակում ունեցող, կամ այն հաստատող անձինք իրենց տոտալիտար մտածողությամբ շատ նման են, համոզված եմ, ոչ այնքան այլ բռնապետերից օրինակներ վերցնելով, որքան բնազդորեն։ Բռնապետության խորհրդանիշերից են՝ երկրի ղեկավարի արձանների, նկարների տեղադրումը, նրա «իմաստուն» ասույթների տարածումը, տեսանելի վայրերում՝ փողոցներ, հրապարակներ։ Բռնապետի շրջագայությունները բազմաթիվ զինված թիկնապահների ուղեկցությամբ, դեպի իրեն երկրպագող «ժողովրդի» հետ հանդիպումների։ Այդ հանդիպումների ժամանակ բռնապետին դիմավորում են աղուհացով, իսկ նա ժպտում է, գրկում և համբուրում երեխաներին, ոչ միայն խոստումներ տալիս, այլև հենց տեղում՝ հանդիպման ժամանակ նվերներ, գումար շռայլում։

Այս ամենը դուք կարող եք տեսնել և կարդալ ոչ միայն միջնադարյան, նախորդ դարերի, այլև այսօր՝ 21-րդ դարում։ Օրինակնե՞ր, խնդրեմ՝ Հյուսիսային Կորեա, Թուրքմենստան, ինչ-որ չափով Ադրբեջան, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկյան այլ երկրներ։ Ի դեպ, սրանք բոլորը ՄԱԿ-ի անդամ, շատերը ԵԱՀԿ, մեկն էլ ԵԽ անդամ պետություններ են և ընդունել են այդ կառույցների ժողովրդավարական արժեքները։

Տարիներ առաջ Վարշավայում ներկա էի Թուրքմենստանի մասին նկարահանված վավերագրական ֆիլմի ցուցադրության։ Ոչ միայն մայրաքաղաք Աշխաբադում, այլև բոլոր բնակավայրերում տեղադրված էին Թուրքմենբաշու (Սափարմուրատ Նիյազով) արձաններն ու մեծադիր նկարներն ու «իմաստուն» խոսքերը։ Երբ Թուրքմենբաշին իր աշխատասենյակից դուրս էր գալիս, նաև շրջագայությունների ժամանակ, նրան ուղեկցում էին գեղեցիկ երիտասարդ աղջիկներ, որոնք զարդանախշերով սափորներից վարդաթերթիկներ էին շաղ տալիս նրա ոտքերի առջև։ Կառավարության նիստերի ժամանակ, Թուրքմենբաշու, իհարկե՝ ուշացումով, ներս մտնելուն պես, բոլոր նախարարները ոտքի են կանգնում և ողջունում առաջնորդին։ Շրջագայությունների ժամանակ Թուրքմենբաշին «հանկարծ» որոշում էր այցելել մոտակա բնակավայրը։ Միանգամից նրա ոտքերի առջև փռվում էր գորգը, և նրան ընդառաջ էր գալիս տեղի «ժողովուրդը»՝ ժպտերես երեխաներով և աղուհացով։ «Ժողովրդի» միջից առաջ էին գալիս տարազով կանայք և համբուրում առաջնորդի ձեռքերը։ Թուրքմենբաշին ժպտալով հարցնում էր ժողովրդի որպիսությունը, հարցեր տալիս նրանց կարիքների մասին։ Եվ հանկարծ․․․ ժողովրդի միջից ինչ-որ մեկը համարձակվում էր բարձրացնել իր խնդիրների մասին։ Թուրքմենբաշին ուշադիր լսում էր և տեղում հարցերը լուծում՝ գումար նվիրում, նույնիսկ՝ ավտոմեքենա։ Պարզվում է, որ Թուրքմենստանում պետական բյուջե գոյություն չուներ, գազանավթային և այլ հոսքերը կուտակվում էին Թուրքմենբաշու անձնական հաշվին, իսկ նա արդեն իր ցանկությամբ բաշխում էր ֆինանսները։ Թուրքմենբաշին անապատում կառուցել է մի սարսափելի բանտ, որտեղ կորչում են քաղաքական այլախոհները, որոնք չեն հասցրել հեռանալ երկրից։ Թուրքմենբաշին հռչակված էր Թուրքմենստանի ցմահ նախագահ։ Նրա առեղծվածային մահից հետո նախագահ դարձավ, ներեցեք՝ ընտրվեց Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Սակայն, ինչպես միջնադարում էին ասում՝ «Մեռավ թագավորը, կեցցե թագավորը»։

Սակայն նորից վերադառնանք Հայաստան։ Ինչպես նշեցի՝ մինչ 2018թ․ Հայաստանը, մեղմ ասած, չէր փայլում ժողովրդավարությամբ։ Շատերին, այդ թվում նաև ինձ, զայրացնում էին դպրոցներում պատից քեզ նայող նախագահի նկարները։ Սակայն, բարեբախտաբար փողոցներում, հրապարակներում դրանք բացակայում էին։ 2018թ․ «ժողովրդավարական» հեղափոխության անվան տակ տեղի ունեցավ կասկածելի (այդ մասին մեկ այլ հոդվածով) իշխանափոխություն և շատերը մեծ ակնկալիքներ ունեին, որ, վերջապես, Հայաստանում կհաստատվի անշրջելի ժողովրդավարություն։

Իշխանության գալուց հետո («Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա»․․․ ծափահարություններ), Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն, այսպես կոչված նախկին իշխանական «կոստյումը» չփոխեց (վարչապետին և կառավարությանը կից և վարչապետի հրահանգները կատարող ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ,ՔԿ, ՊԵԿ), այլև․․․

Այլև, իշխանության գալուց օրեր անց Գյումրու ճանապարհին և Իջևանի մատույցներում տեղադրվեցին առաջնորդի արձանները։ Երևանի և Հայաստանի այլ բնակավայրերի փողոցներում քեզ էին նայում առաջնորդի «իմաստուն» խոսքերը՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն՝ իմ ընտանիքը» («Жить стало лучше, жить стало веселее» Ի․ Վ․ Ստալին)։

Հետո սկսվեցին շրջագայություններն ու «հպարտ» ժողովրդի հետ հանդիպումները։ Հանդիպումների ժամանակ առաջնորդին էին մոտենում պատահական կանայք, պատրաստ համբուրելու առաջնորդի ոտքերը, համբուրում ձեռքերը։ Նրան ընդունում էին և են աղուհացով, երեխաներով, որոնց գրկում, համբուրում է առաջնորդը։ Հանդիպումներից մեկի ժամանակ առաջնորդի առջև վարդաթերթիկներ շաղ տվեցին։ Առաջնորդը պատահական մտնում է, օրինակ Շուռնուխի տներ և այնտեղ բնակիչներին նվիրում 500 000-ական դրամ։ Կառավարության վերջին, «ընտրություններից» հետո՝ առաջին նիստին, առաջնորդի, իհարկե՝ ուշացումով ներս մտնելուն պես նախարարները հրահանգով ոտքի կանգնեցին։

Հայաստանում, իհարկե դեռևս գոյություն ունի պետական բյուջե հասկացողություն։ Բայց այն միանձնյա տնօրինում է Նիկոլ Փաշինյանը, շքեղ նորոգումներով, թանկարժեք զրահապատ մեքենաներ ձեռք բերելով, պարգևավճարներ շռայլելով, մեծաքանակ պատվիրակություններով, առանց պաշտոնական հրավերների, արտասահմանյան շրջագայություններով, իրեն հպատակ ուժային կառույցների աշխատողների աշխատավարձերի բարձրացումով և այլն, և այլն։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրահանգով քրեական գործեր են թխվում ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն դեռևս նրան չի հաջողվել իրեն ենթարկեցնել ողջ դատական համակարգը։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ակնարկեց իր՝ մինչև 2050թ․ իշխանության մնալու մասին։

Ահա և զուգահեռներ բռնապետական Թուրքմենստանի և «ժողովրդավարական» Հայաստանի միջև։

Եվ այս ամենը չեն նկատում (թե՞ չեն ուզում նկատել) Հայաստանի և սփյուռքի ժողովրդավարները և շարունակում են ծափահարել առաջնորդին։

Այո՛, մսյո Եկավյան, եթե Թուրքմենստանում այսօր շուրջ 100% -անոց ժողովրդավարություն է, ապա Հայաստանում դեռևս ընդամենը ավելի քան 50%-անոց։

Իհարկե, Հայաստանը Թուրքմենստան չի և հավատացեք երբեք չի դառնա։ Տարբերությունները շատ են։ Նախ՝ Թուրքմենստանը պարտությություն չի կրել։ Երկրորդ, Թուրքմենստանը հարուստ է նավթագազային անսպառ պաշարներով և ապահովում է բնակչության նվազագույն բարեկեցությունը։ Ի տարբերություն Կենտրոնական Ասիայի այլ երկրների, Թուրքմենստանից արտագաղթ, աշխատանքային միգրանտներ չկան։ Այո՛, քաղաքական այլախոհները վաղուց հեռացել են Թուրքմենստանից։ Երրորդ, Թուրքմենստանը չունի բացահայտ թշնամիներ, ավելին` ջերմ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, Իրանի, այնպես էլ թուրքական աշխարհի հետ։ Իսկ հանուն էներգակիրների՝ Արևմուտքը «աչք է փակում» մնացածի վրա։

Բռնապետության ռեսուրսներն են նավթը, գազը, որևէ գաղափարախոսությունը (ազգայնական, կրոնական, ծայրահեղ ձախակողմյան) կամ որևէ հզոր պետության աջակցությունը: Ինչպես տեսնում եք, Հայաստանը զուրկ է վերը նշված որևէ ռեսուրսից։ Հարցն այստեղ մտածողության, նկատի ունեմ՝ տոտալիտար մտածողության մեջ է։

Այս տեսակետից, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր տոտալիտար մտածողությամբ, նույնիսկ գերազանցում է ռեսուրսներ ունեցող երկրների բռնապետներին։ Ինչպես նշեցի, չունենալով ռեսուրսներ, բայց ձգտելով անձնական բռնապետություն հաստատելու, Նիկոլ Փաշինյանն իր մտածողությամբ և գործունեությամբ ուղղակի կործանման կհասցնի Հայաստանը։

Բայց, թերևս, ես սխալվում եմ, Նիկոլ Փաշինյանի բռնապետական ռեսուրսը գուցե ինչ-որ հզոր պետություն է, օրինակ՝ Թուրքիան․․․

Հ․Գ Հուսով եմ, որ շուտով կհանվեն նախընտրական պաստառները։ Հատկապես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը՝ ընդամենը ՆԻԿՈԼ անվանումով․․․ հայտնություն, առաքյալ, մեսիա․․․

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930