Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվել է արտասահմանցիների համար Հայաստանում պատվաստում ստանալու կարգը

Հուլիս 07,2021 00:18

Իրանագետ Տիգրան Դավթյանը հայտնում է. «Ժամեր առաջ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Թեհրանի «Համշահրի» ԶԼՄ-ին հայտնել է, որ հուլիսի 15-ից Հայաստանում միայն այն արտասահմանցիները կարող են COVID-19 ի դեմ պատվաստում ստանալ, որոնք նվազագույնը տաս օր Հայաստանում եղած լինեն»:

Ավելի ուշ Իրանում ՀՀ դեսպանությունը հրապարակեց «Համշահրի» օրաթերթի հարցազրույցի ամբողջական տարբերակը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ, որտեղ դեսպանն անդրադարձել է Հայաստանում օտարերկրացիների՝ Կորոնավիրուսի դեմ պատվաստման խնդրին:

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում Հայաստանում Կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստումներ իրականացնելու ուղղությամբ:

-Սկսած այս տարվա մարտ ամսվանից մեր երկրում իրականացվում են բնակչության պատվաստման աշխատանքներ: Այդ նպատակով օգտագործվում են երեք տիպի պատվաստանյութեր՝ Սպուտնիկ-V, Աստրա Զենեկա և Սինովակ: Պատվաստումներն իրականացվում են անվճար և կամավորության սկզբունքով: Ներկա դրությամբ նշված պատվաստանյութերի կիրառման ուղղությամբ տարիքային սահմանափակումներ չկան:

Մինչ օրս իրականացված պատվաստումների քանակությունը խիստ հեռու է բավարար լինելուց, սակայն ՀՀ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տվյալ աշխատանքի տեմպերն արագացնելու ուղղությամբ:

Ի դեպ, համաճարակային վիճակը ներկայումս բավարար է, թեև զգոնությունը կորցնելը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արձանագրվել է ինչպես հիվանդացության, այնպես էլ մահվան ցուցանիշների կայունացում: Կորոնավիրուսային համաճարակի գնահատման տեսանկյունից ԵՄ-ը Հայաստանը ճանաչել է «կանաչ գոտի»:

-ԻԻՀ առանձին պաշտոնյաներ իրանցիներին հորդորում են պատվաստման նպատակով չմեկնել Հայաստան: Ի՞նչ կարող եք ասել այս մասին: 

-Ես էլ եմ հանդիպել որոշ պաշտոնյաների և առանձին անհատների կողմից ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ինչ-ինչ մեկնաբանությունների և վերլուծությունների: Եղել են իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ, նույնիսկ արվել են ոչ պատշաճ արտահայտություններ, որոնց հարկ չեմ համարում անդրադառնալ: Ակնհայտ է, որ Հայաստան-Իրան բարձր մակարդակի հարաբերություններին անհարիր են իրականության հետ կապ չունեցող և անկարևոր թեմաների անհարկի արծարծումը:

Բոլոր դեպքերում, քանի որ առկա են նաև որոշ թյուրընկալումներ, հարկ եմ համարում որոշակի տեղեկություններ հաղորդել: Ս.թ. ապրիլի 23-ին հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով թույլատրվել է Հայաստանում գտնվող օտարերկրացիների պատվաստումն անվճար և կամավորության սկզբունքով: Նման որոշման համար հիմք են ծառայել Հայաստանում գործող մի շարք օտարերկրյա դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հանգամանքների բերումով Հայաստանում գտնվող այլ անձանց կողմից մեր երկրում պատվաստումներ ստանալու մասին բազմաթիվ դիմումները: Հարկ է նշել, որ մինչ օրս իրականացված պատվաստումների բացարձակ մեծամասնությունն իրականացված է ՀՀ քաղաքացիների և Հայաստանում մշտական բնակություն ունեցողների նկատմամբ, և որոշակի չափով նաև այս ծառայությունից օգտվել են օտարերկրացիները: Այս ընթացքում այդ հնարավորությունից օգտվել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում նաև իրանցիներ:

-Փաստորեն օտարերկրացիների հետ կապված որոշումը հիմնվա՞ծ է վերջիններիս դիմումների վրա:

-Նախևառաջ, հաշվի է առնվել մարդկանց կողմից դրսևորված ցանկությունը, սակայն նաև կարևորվել են հետևյալ երկու հանգամանքները: Առաջինը՝ մարդասիրական վերաբերմունքն է այդ անձանց նկատմամբ և երկրորդը՝ Հայաստանում որոշակի ժամանակահատված (շաբաթներ, ամիսներ և ավելի երկար ժամանակ) գտնվող անձանց պատվաստումը խիստ դրական է ազդում երկրում համաճարակային վիճակի վրա:

Մի հանգամանք էլ կարող եմ Ձեր ուշադրությանն արժանացնել: Լրացում է կատարվել գործող կարգում, համաձայն որի՝ օտարերկրացիների նկատմամբ Կորոնավիրուսի դեմ պատվաստումներ թույլատրվում են, եթե վերջիններս Հայաստանում են գտնվում ավելի քան 10 օր: Դա հնարավորություն կտա առավել հասցեական դարձնել պատվաստման գործընթացը՝ թիրախավորելով Հայաստանում օբյեկտիվ անհրաժեշտությամբ գտնվող օտարերկրացիներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031