«Ես դատարանին ասացի՝ ուզում եմ, որ նա գնա, միանա իր ընտանիքին»,-Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում էպոսագետ, Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձի գործով դատապարտված Վարդան Սեդրակյանի վաղաժամկետ ազատելու հարցի օրինականությանն ու հիմնավորվածությանը նվիրված դատական նիստի մասին, հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նա ասաց, որ դատարանի դահլիճում նշել է՝ եթե Վարդան Սեդրակյանը ներողություն է խնդրում, զղջում իր արածի համար, ապա որպես անհատ նրան կարող է ներել, որպես ազգային գործիչ էլ կարող է ներել, եթե Սեդրակյանն ասի, թե ո՞րն էր իր դրդապատճառը:
Մեզ հետ զրույցում Պարույր Հայրիկյանը նկատեց. «Ներողություն խնդրելն այլ բան է, բայց ի՞նչն էր քեզ ստիպում գնալ այդ քայլին: Զղջում ես, լավ ես անում, որպես մարդ քեզ ներում եմ, բայց որպես քաղաքական, ազգային գործիչ՝ իմ իրավունքներից դուրս է ներելը, քանի որ դա միայն իմ դեմ չի ուղղված»:
Պարույր Հայրիկյանն ընդգծեց՝ եթե դատարանի դահլիճում այսպիսի հայտարարություն չաներ, Վարդան Սեդրակյանին պետք է նորից կալանավորեին: Մեր զրուցակիցը հավելեց. «Այն երկուսին՝ կատարողներին, վաղուց էի ներել, հիմա թող ինքն էլ գնա իր ընտանիքի մոտ»: Մեր հստակեցմանը՝ փաստորեն գործը փակվե՞ց, Պարույր Հայրիկյանը դրական պատասխան տվեց:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Վարդան Սեդրակյանը, Խաչիկ Պողոսյանը դատապարտվել էին 14 տարվա ազատազրկման, Սամվել Հարությունյանը՝ 12 տարվա:
Պարույր Հայրիկյանը նաև հրապարակել է Վարդան Սեդրակյանի՝ իրեն ուղղված նամակը , որտեղ ընդունում է իրեն ուղղված մեղադրանքն ու զղջում կատարածի համար: Պարույր Հայրիկյանից հետաքրքրվեցինք՝ անձամբ իրե՞ն է նամակն ուղարկել, նա պատմեց. «Ինքն ինձ այդ նամակն ուղարկել էր մայիսի 12-ին: Ես չեմ ստացել. երևի հետ էր գնացել: Բայց, քանի որ բնօրինակը կար և կտրոնը, համարեցի, որ ինքն իմ հիմնական պահանջը՝ հանրությունից ներողություն խնդրելը չի արել, բայց ինձնից խնդրել է ներողություն: Դա է կարգը. մարդը, եթե ներողություն է խնդրել, պետք է ներել»:

Պարույր Հայրիկյանն ասաց՝ այսօր Վարդան Սեդրակյանն իրենից առանձին էլ է ներողություն խնդրել, դատարանի դահլիճում էլ: Ասել է, թե յոթ տարի մտածել է, հասկացել, որ սխալ էր:
Մեր հիշեցմանը՝ մարդիկ կային, որ ժամանակին պնդում էին, թե մահափորձ չի եղել, նրա՞նց ինչ կասի, Պարույր Հայրիկյանն այսպես արձագանքեց. «Բանաստեղծ Եղիշե Տերտերյանի խոսքերն են՝ մարդիկ կան, որ մարտիկ են, մարդիկ էլ կան, որ մարդուկ են: Հիմա այդ մարդկանց ի՞նչ պիտի ասեմ՝ թող մտածեն՝ ինչ պիտի ասեն իրենց զավակներին, նրանք երբեք ի վիճակի չեն հասկանալ Հայրիկյանի թռիչքը, որ մարդ կարող էր հինգ անգամ դատվել ու հետ չկանգնել իր գաղափարներից: Վնասեցին իրենց ու իրենց զավակներին: Զոհվածների կեսը, եթե ոչ ավելին, զոհվեց այն պատճառով, որ այն ժամանակ իմ ճանապարհը կանգնեցրին նախ կրակոցով, հետո էլ այդ կրակոցի առիթով այդ բամբասանքներով և Հայրիկյանի վարկանիշն իջեցնելով: Իրենք իրենց դեմ արեցին»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջից


















































