Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչինչ չանել ու ասել՝ չէ, ես մեղավոր չեմ, դո՛ւ էիր մեղավոր, անընկալելի է: Վաղուց ժամանակն է, որ մեզնից յուրաքանչյուրը զբաղվի հայրենիքը սիրելով եւ խնամելով». Սիփան Զադոյան. «Հայկական ժամանակ»

Հուլիս 15,2021 10:45

Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ուրախ եռուզեռ էր. պարոնյանցիները մեծ շուքով դիմավորել էին բանակից զորացրված դերասան Սիփան Զադոյանին. տոնական տրամադրությունը դեռ շարունակվում էր:
Հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարած երիտասարդը զորացրման անմիջապես հաջորդ օրը շտապել է հարազատ թատրոն: «Թատրոնս ինձ գրկեց, թատրոնիս ողջ անձնակազմը, տնօրինությունը այնքան ջերմ ընդունեցին, որ պարզապես նկարագրել չեմ կարող»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ժպիտով պատմեց դերասանը, որը մեր այցելության պահին էլ շնորհավորանքներ էր ստանում՝ անփորձանք վերադառնալու համար: Թատրոնի որեւէ աշխատակից անտարբեր չէր: Ով էլ չէր հասցրել Սիփանին երեկ տեսնել, գրկում ու ողջագուրվում էր այսօր:

Սիփանն ասում է՝ ինչքան էլ փորձում է պատերազմից չխոսել, չի հաջողվում. նոր զորացրված երիտասարդի մտքում այս ամիսներին միայն մեկ բան է՝ ինչով պիտի արժանանա հանուն հայրենիքի իրենց կյանքը տված ծառայակից ընկերների զոհողությանը:
«Սարսափելի էր, երբ պատերազմի առաջին օրերին զորամասի պատվոպահակային վաշտի տղաները Եռաբլուրից հետ եկան: 18-20 տարեկան տղաներ՝ սառած աչքերով, ցավը՝ սրտներում, անհաղորդ, որոնք երկար ժամանակ խոսել չէին ուզում: Այդ տղաներից մեկը հետո պատմեց, որ հերթական զինվորը, որի դագաղն իրենք ձեռքերի վրա տեղափոխում էին Եռաբլուր, իր ընկերն էր. վերջին պահին է պտտվել ու լուսանկարով ճանաչել: Պատերազմում ամեն ինչն է ծանր. ծանր է վերցնել ծառայակցիդ դագաղն ու վերջին ճանապարհը տանել, տանել ամենաբարդ ճանապարհը՝ Եռաբլուր»:

Նրա խոսքով՝ մեր խնդիրներից շատերին լուծում չի գտնվում, քանի որ չափից ավելի ենք սկսել երկրում տեղի ունեցող անախորժությունների մեղքը մեկս մյուսի վրա բարդել: «Պատերազմի օրերից մինչեւ օրս մենք նաեւ ներքաղաքական պատերազմի մեջ ենք: Պատերազմն սկսվեց՝ մենք իրար էինք մեղադրում: Պատերազմի սարսափելի ելքից անցել է 8 ամիս, մենք շարունակում ենք նույնն անել: Թե ովքեր էին մեղավոր, գուցե այդպես էլ չիմանանք, կամ գուցե շատ քիչ մարդիկ իմանան, նրանք. ովքեր սրան հանգեցրին: Բայց ոչինչ չանել, նստել ու ասել, որ՝ չէ, ես մեղավոր չեմ, դո՛ւ էիր մեղավոր, այդպես ապրել մի ողջ կյանք, անընկալելի է: Մանավանդ, երբ տեսնում ես, որ այսօր քո երկրի թշնամին նորից անում է զորավարժություններ, տեխնիկա է համալրում, փորձում կրկին առաջխաղացում ունենալ»:

Ասում է՝ չնայած ծառայությունից նոր է վերադարձել, բայց այդ ընթացքում էլ այն աստիճանի կտրված չի եղել արտաքին աշխարհից, որ չիմանա՝ այստեղ ինչ է կատարվում: Մեծ ցավ է ապրում՝ տեսնելով տարանջատված, միմյանց հանդեպ չարությամբ լցված մարդկանց: «Հիմնականում երկու մասի են բաժանվել: Ես չեմ ուզում այդ անձանց պիտակավորող հայտնի բառերն ասել, բայց մի բան կասեմ՝ ով էլ լինի պետության ղեկին, միեւնույն է, այդ նույն մարդիկ են էլի ապրելու այս երկրում՝ բեւեռների բաժանված: Նրանց բոլորին մի մարդ է ղեկավարելու: Չեմ ուզում մոռանանք, որ այդ մարդիկ բոլորը հայ են»,- ասում է նա:

Դերասանի համոզմամբ՝ սովորական քաղաքացին եւս իրավունք չունի անհաղորդ մնալ այն ամենին, ինչ կատարվում է երկրում, քանի որ ապրում ենք շատ բարդ ժամանակներում: Միեւնույն ժամանակ նկատում է՝ վաղուց ժամանակն է, որ մեզնից յուրաքանչյուրը զբաղվի հայրենիքը սիրելով եւ խնամելով. «Շատ փոքր բաներից պիտի սկսենք: Սոս Սարգսյանը ժամանակին ասել է՝ մեր սերունդը հայրենիքն այլ կերպ էր սիրում, մենք ավելի շուտ ծխախոտի մնացորդը կուլ կտայինք, քան փողոց կնետեինք: Ես միշտ մտքումս ունեմ վարպետի այս միտքը»:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031