Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի եղել առհասարակ ատելության խոսք, չի եղել բռնության խոսք, հետեւաբար՝ անիմաստ է դրանց ազդեցության մասին խոսելը»

Հուլիս 17,2021 13:30

Հուլիսի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանն ավարտեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Հայոց հայրենիք» եւ «Զարթոնք» կուսակցությունների՝ 2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Սահմանադրական դատարանի դատավորները հեռացան դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու։ «Առավոտ»-ը զրուցել է դիմումների քննության ընթացքում որպես երրորդ կողմ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներից Սուրեն Գրիգորյանի հետ։

-Պարոն Գրիգորյան, ձեր ընդդիմախոսներից «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը գործի քննության վերջին օրն ակնարկեց ՍԴ-ի՝ կողմնակալ լինելու մասին, խորհուրդ տվեց դիտել «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը։ Մինչ այդ էլ այդ թվում փորձագիտական գնահատականներ են հնչել, որ դատավորներից Արեւիկ Պետրոսյանն ու Հրայր Թովմասյանը կարծես դատավարության կողմեր լինեն, ոչ թե դատավորներ։ Դո՞ւք ինչ տպավորություն ստացաք։

-Ձեր ձեւակերպմամբ «մեր ընդդիմախոսների» ասածին բավականին սպառիչ անդրադարձավ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ Երկրորդ հարցադրումը չեմ մեկնաբանի։ Առհասարակ՝ կարծում եմ, որ երբ արդեն դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այլեւս դրա մասին խոսելը ոչ մի օգուտ չի տա, բացի վնասից։ Այսինքն, եթե մենք այդ մասով ասելիք ունենայինք եւ դրա դատավարական հնարավորությունը տեսնեինք, կասեինք դատաքննության փուլում։ Այս պահին դրան հարցազրույցի ձեւաչափով անդրադառնալը նպատակահարմար չեմ գտնում։

-Եթե համադրենք դիմումատուների փաստարկները եւ «Քաղաքացիական պայմանագրի»՝ դրանց ուղղված պատասխանները, կարո՞ղ եք եզրակացնել՝ որո՞նք էին ուժեղ, իսկ որոնք՝ ոչ այնքան։

-Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ մեր՝ երրորդ կողմի գնահատականը փաստարկների հիմնավորվածության եւ մնացածի վերաբերյալ պարոն Ռուստամ Բադասյանն արդեն ասել է իր եզրափակիչ խոսքում։ Ինքնանպատակ չի նաեւ այն, որ այս գործերով ոչ միայն բանավոր քննություն է հրավիրվում, այլեւ գործնականում ապահովվում է մամուլի ներկայությունը։ Թող բոլոր անձինք, որոնք կողքից նայել են, իրենք գնահատեն։ Ես երրորդ կողմի ներկայացուցիչ եմ, եւ պարզ է, որ իմ ընկալումները սուբյեկտիվ են։ Չեմ կարծում, որ այս հարցում ես չակերտավոր «օբյեկտիվ դատավոր» կլինեմ։ Թող մարդիկ գնահատեն, եւ, ամենակարեւորը, դատարանը գնահատի։

-Դիմումատուներն առաջին իսկ օրից մատնանշում էին իշխանության կողմից բռնության խոսքի, ատելության մթնոլորտի տարածման մասին։ Ձեր գնահատմամբ՝ դա ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ ընտրողների կամարտահայտության վրա։

-Հարցի սկզբում կա պնդում, որն ինձ համար անընդունելի է։ Չի եղել առհասարակ ատելության խոսք, չի եղել առհասարակ բռնության խոսք, հետեւաբար՝ անիմաստ է դրա ազդեցության մասին խոսելը։ Այսինքն, անիմաստ է խոսելը մի բանի մասին, որը չի եղել։ Եղել է քաղաքական երկկողմանի սուր խոսք եւ, կարելի է ասել, նաեւ բազմակողմանի։

-Որպես հակադրություն ձեր ասածի՝ ընդդիմախոսները մեջբերում էին, որ իրավականի անվան տակ իրականացվող հետընտրական գործընթացները, մասնավորապես՝ Սյունիքի համայնքապետերի կալանավորումներն իրականում Նիկոլ Փաշինյանի խոստացած պողպատե մանդատի արդյունքն են։ Որպես օրինակ Դավիթ Հարությունյանը մատնանշեց, որ ոստիկանության շենք ներկայացած Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին անհամաչափ ուժի կիրառմամբ պառկեցրել են, նկարահանել ու տարել։

-Դուք մի դեպքի մասին եք խոսում։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ տվյալ անձի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց կալանքի միջնորդությունը բավարարվել է, անձը կալանավորվել է։ Դեռեւս պատգամավոր եղած ժամանակից ես միշտ հրաժարվել եմ որեւէ ընթացիկ քրեական գործով մեկնաբանություն տալուց, որովհետեւ չեմ տիրապետում գործի նյութերին։ Բայց ուշադրությունս գրավեց այն, որ Արամ Վարդեւանյանը հաջորդ օրն անդրադառնալով այդ դեպքին՝ ասաց, որ ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց կալանքի միջնորդությունը բավարարվել է, ինչը եւս կանխատեսելի էր։ Ըստ երեւույթին նա ակնարկեց, որ կրկին տեղի է ունենում քաղաքական հետապնդում, բայց հետաքրքրական է այս դիրքորոշումը, որովհետեւ որքան ինձ է հայտնի՝ ձերբակալման իրավաչափությունը քննող դատավորը նաեւ քննում է կալանքի միջնորդությունը։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է ստացվում, որ նույն դատավորը, որը ոչ իրավաչափ է ճանաչում ձերբակալումը, արդար դատավոր է, իսկ այն ժամանակ, երբ բավարարում է կալանքի միջնորդությունը, դառնում է անարդար դատավոր։ Ինձ թվում է՝ ակնհայտ է, որ շահարկվում են այս թեզերը, բայց էլի եմ ասում՝ կոնկրետ քրեական գործից տեղյակ չեմ, չեմ կարող մեկնաբանել։

-Դիմումների քննության առաջին օրը ՍԴ-ի դիմաց էին ընտրությունների արդյունքները պաշտպանող քաղաքացիներն ու որոշ քաղաքական գործիչներ, որոնք պնդում էին՝ այս որոշումից է կախված, թե արդյոք ժողովուրդը ՍԴ-ին կտա՞ «երկրորդ շանսը»։ Ձեր կարծիքով՝ որպիսի՞ն է Սահմանադրական դատարանի՝ այս գործով որոշումից բխող դերակատարումը։

-ՍԴ-ի բոլոր որոշումներով է առհասարակ, որ ժողովուրդը դատողություններ է անում դատարանին այս կամ այն չափով վստահելու հարցում։ Բնականաբար, հանրային մեծ հետաքրքրություն ունեցող որոշումներն ավելի շատ են ազդում այդ ընկալման վրա։ Քաղաքացիների եւ քաղաքական գործիչների գնահատականները, թե ՍԴ-ի այս որոշմամբ իրենց մոտ վստահել-չվստահելու համոզմունք է ձեւավորելու, դա նորմալ գործընթաց է։ Այսինքն, որոշումներով է, որ վստահությունը ձեւավորվում է, կամ՝ ոչ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031