Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ն է Արսեն Ջուլֆալակյանը մրցագորգից դուրս (ֆոտոշարք)

Հուլիս 18,2021 10:05

Հայկական սպորտի աստղ Արսեն Ջուլֆալակյանի՝ ակտիվ սպորտին հրաժեշտ տալու մասին հայտարարությունից հետո Aravot.am-ը նրա հարազատներին եւ ընկերներին խնդրեց մի քանի բառով բնութագրել նրան:

Լեւոն Ջուլֆալակյան, օլիմպիական չեմպիոն, Արսենի հայրը. «Հուզմունքս շատ մեծ է, զգացողությունը՝ ծանոթ: Երբ 1993 թվականին ինքս էի հրաժեշտ տալիս մեծ սպորտին, չստացվեց, որ մրցագորգում պաշտոնական վերջին գոտեմարտս հաղթանակով ավարտեմ: Բայց ես սպորտից եւ որպես մարզիկ, եւ որպես մարզիչ ստացել եմ բոլոր բարձրագույն տիտղոսները, ընդհուպ, օլիմպիական չեմպիոնի:

Արսենիս պարագայում երազել եմ, որ նա էլ դառնա օլիմպիական չեմպիոն, որին արժանի է իր անցած ամբողջ ճանապարհով: Ցավոք, եղան խանգարող հանգամանքներ եւ չստացվեց օլիմպիական ոսկի նվաճել: Բայց նա անչափ շատ մեդալներ ու տիտղոսներ ունի, որոնք բնութագրում են, թե Արսեն Ջուլֆալակյանն ով է: Ի դեպ, ի տարբերություն ինձ, Արսենս իր վերջին գոտեմարտն անցկացրեց Դանիայում, 2019 թվականի փետրվարին: Դա միջազգային մրցաշար էր, որտեղ նա յոթ գոտեմարտ անցկացրեց ու բոլորում էլ հաղթելով գրավեց առաջին տեղը:

Հիմա պետք է շարունակել ապրել, աշխատել, ստեղծել: Ու Արսենը դրա բոլոր հնարավորություններն ունի թե սպորտում, թե գիտության, թե դիվանագիտության եւ թե այլ ոլորտներում: Նա արդեն հիմա դա անում է՝ համագործակցելով միջազգային օլիմպիական կոմիտեի, ըմբշամարտի համաշխարհային միության եւ այլ մարզաձեւերի միջազգային կառույցների հետ: Այնպես որ, կարծում եմ, Արսենի խիղճը հանգիստ է:

Ես իմ որդուն ցանկանում եմ, որպեսզի նա մեծ հաջողությունների հասնի նաեւ հետագայում, այն ոլորտում, որտեղ ինքը կցանկանա շարունակել»:

Հերմինե, Արսեն Ջուլֆալակյանի կինը. «Ջուլֆալակյանների հարս լինելը պարտավորեցնող է թե հայրիկի գործոնը հաշվի առնելով, որ նա օլիմպիական խաղերի չեմպիոն է, թե Արսենի, որ օլիմպիական փոխչեմպիոն է, աշխարհի ոսկե մեդալակիր, թե Արսենի մայրիկի: Այս առումով են քայլդ, արարքդ, պահվածքդ  պարտավորեցնող: Բայց ավելի էական են նրանց մարդկային որակները: Արդեն 12 տարի հարսիկի կարգավիճակում եմ ու նրանց շատ-շատ եմ սիրում եւ իմ հարազատ ծնողներից չեմ տարբերում: Կարեւոր է, որ մեր ընտանիքում բոլորս փոխադարձ սիրում ենք միմյանց ու վստահում: Իսկ Արսենը ոչ միայն իմ ամուսինն է, այլեւ լավագույն ընկերը, եղբայրը: Նա իմ ամենավստահելի հենարանն է: Արսենի բուռն սպորտային կյանքում մենք միասին ենք եղել: Բայց նրա գոտեմարտերին անմիջականորեն հետեւել չեմ կարողացել: Դիտել եմ ավելի ուշ, երբ արդյունքն արդեն գիտեի: Ու կարեւոր չէր՝ հաղթել է, թե պարտվել, ինչը, բարեբախտաբար, շատ քիչ է եղել: Դիտում էինք միասին ու ավելի շատ տանուլ տված գոտեմարտերը: Նա նայում էր թույլ տված սխալները ու  միասին դրանք քննարկում էինք: Ուղիղ հեռարձակմամբ առաջին մրցումը, որին հետեւել եմ, 2014 թվականի աշխարհի առաջնությունն է: Պատճառն այն էր, որ ներքին համոզմունք ունեի Արսենի հաղթանակում: Չէի ցանկանում այդ պատմական պահը բաց թողնել: Եվ այդպես էլ եղավ»:

Վահրամ Պետրոսյան, ԵՊՀ միջազգային հարաբերությունների դիվանագիտության ամբիոնի վարիչ. «Արսենին ճանաչում եմ 2004 թվականից: Նա 2-րդ կուրսի ուսանող էր: Հենց առաջին հանդիպմանը սեմինարի ժամանակ իմացա, որ ըմբիշ է: Բայց երբ ամենից լավ ինքը պատասխանեց, ասացի՝ վերջ, սրանից հետո միայն ըմբիշների պիտի հրավիրեմ, եթե ըմբիշը այսքան լավ միջազգային հարաբերություն գիտի: Իսկ եթե ավելի լուրջ, Արսենը մեր այն ուսանողն է եղել, որը երբեք չի հանդուրժել իրեն գնահատական նվիրելը: Ինչ բալ, որ նա ստացել է, անձամբ է վաստակել, ինչպես մրցագորգում նվաճած միավորները: Նա երբեք չի ասել՝ մրցումների եմ, գնահատական նշանակեք»:

Արսեն Ավագյան, դասախոս. «Արսենը նաեւ իր գիտական աստիճանն էլ արդար քրտինքով է նվաճել: Ոչ թե որպես աշխարհի չեմպիոն, այլ որպես լուրջ գիտնական, որը մեծ ջանքեր է դրել իր աշխատանքի վրա եւ հասել լուրջ արդյունքների»:

Անդրանիկ Իսրայելյան, համակուրսեցի. «Ամենակարեւոր հատկանիշը, որ Արսենը դրսեւորել է սպորտում եւ համալսարանում, եղել է պարտաճանաչությունը եւ պատասխանատվության զգացումը: Նա պարբերաբար գտնվում էր հավաքներում, մրցումներում, սակայն ես որպես գերազանցիկ ուսանող, հավանաբար, ավելի շատ էի բացակայում դասերից, քան նա որպես պրոֆեսիոնալ մարզիկ: Երբ Արսենը մրցումների էր գնում, դասախոսներից նախապես վերցնում էր քննության հարցերը, հավաքում ամբողջ գրականությունը եւ հետը տանում: Իսկ քննությունների պահով միակ բանը, որ նա երբեւէ խնդրել է, դա այն էր, որ շուտ հանձնի: Մի բան եմ ուզում պատմել: 2007 թվականին Արսենը մասնակցում էր երիտասարդների աշխարհի առաջնությանը: Միջազգային իրավունք առարկայի քննությանը,  նա եկավ գերազանց պատրաստված: Բայց դասախոսը նախապես վերցրեց ստուգարքային գրքույկը եւ գերազանց նշանակեց առանց քննելու: Արսենը դրանից շատ զայրացավ եւ ասաց, որ չի ուզում գնահատական նվեր ստանալ: Ու առաջարկեց, որ հարցերին պատասխանի: Վերցրեց տոմսը, պատասխանեց բոլոր երեք հարցերին՝ այդպես վավերացնելով գրքույկում նշանակված գերազանց գնահատականը»:

Հեղինե Շահումյան, համակուրսեցի. «Քիչ առաջ հիշում էի, թե ինչպես եմ ծանոթացել Արսենի հետ: Նոր էինք ընդունվել ու ոչ մեկս իրար չենք ճանաչում: Լսարան մտավ Արսենը՝ պայծառ աչքերով: Առաջինն ինձ զարմացրեցին ականջները: Չգիտեի, որ ըմբիշների ականջներն այդպիսին են լինում: Երկար ժամանակ ընկերություն էինք անում եւ չգիտեինք, որ շփվում ենք աշխարհի չեմպիոնի, աստղի հետ: Ի՞նչն է այստեղ գնահատելի: Նրա համեստությունը, որ մտքով անգամ չէր անցնում շահարկել իր այդ տիտղոսը: Հիմա մեր ուսանողական ընկերությունը վերածվել է ընտանեկան ընկերության: Ասեմ նաեւ, որ մենք միասին ասպիրանտուրա ենք ընդունվել ու խոստովանեմ, որ հարցերից մեկը նրանից արտագրել եմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031