Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է Արմեն Շեկոյանը

Հուլիս 29,2021 18:08
Armen Shekoyan

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է հայ ժամանակակից գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող Արմեն Շեկոյանը:

Արմեն Շեկոյանը ծնվել է 1953 թ. մարտի 28-ին Երևանում: 1974 թվականին գրողն ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1985 թ. սովորել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտում:

1976-1990 թթ. աշխատել է «Ծիծեռնակ» ամսագրում, Գրականության ինստիտուտում, «Սովետական գրող» հրատարակչությունում, ՀՀ մշակույթի նախարարությունում։ 1990-1992 թթ. եղել է «Նաիրի» հրատարակչության գլխավոր խմբագիրը, 1992-1997 թթ.՝ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը։

Ավելի քան 8 ժողովածուի հեղինակ է, այդ թվում՝
• «Մետաքսի ճանապարհ» (պատմվածքների ժողովածու), Երևան, 2004
• «Երևան-հյուրանոց» (բանաստեղծություններ), Երևան, 2003
• «Անտիպոեզիա» (բանաստեղծություններ), Երևան, 2000
• «Թուղթ ու գիր» (բանաստեղծությունների ժողովածու), 1991
• «Բախտ» (բանաստեղծությունների ժողովածու), 1987
• «Ճոճք» (բանաստեղծությունների ժողովածու), 1982
• «Ճամփորդ արևը» (բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980
• «Անձրև, անձրև, մի արի» (բանաստեղծությունների ժողովածու, մանկական), 1980

Արմեն Շեկոյանը գրել է նաև «Հայկական ժամանակ» վեպը, որը մաս-մաս հրապարակվում է «Առավոտ» օրաթերթի կայքէջում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ուկրաիներեն, էստոներեն, ռուսերեն և չեխերեն։

1981 թ. Վրաստանում անցկացված և Վ. Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնում արժանացել է Վ. Մայակովսկու անվան մրցանակին, իսկ 2003 թ.-ին՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան, 2005 թ.-ին «Երևան հյուրանոց» գրքի համար՝ «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակներին, 2017 թ.՝ ՀԳՄ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է Արմեն Շեկոյանի հարազատներին, ընկերներին, գործընկերներին:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031