Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենդանաբանական այգին դառել է Մարոյի մանկապարտեզը, ով ինչ ուզի՝ անում է… Հազիվ մաքրել ենք այգին, նորից եկել եք մխտռե՞ք». ցույց՝ Կենդանաբանական այգում

Օգոստոս 09,2021 14:23

Այսօր Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները կրկին բողոքի ցույց էին անում: Շաբաթ օրը Երեւանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է կենդանաբանական այգի՝ կենդանաբանական այգու նոր տնօրենի պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանին ներկայացնելու: Իսկ նա, ըստ այգու աշխատակիցների, նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աջակիցներից է, աշխատել է նրա հիմնադրամում:

Կենդանաբանական այգու աշխատակիցները նախկին տնօրենի դեմ բազմաթիվ բողոքի ցույցերից հետո ի վերջո հասան նրա ազատմանը, հիմա էլ Արեւիկ Մկրտչյանին են ուզում նշանակել:

Այգու աշխատակիցները ցուցադրաբար լքել են հանդիպման վայրը: Նրանցից մեկը՝ վարորդ Գրիգոր Բալասանյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, թե ինչու. «Ասացի՝ հազիվ մաքրել ենք այգին, նորից եկել եք մխտռե՞ք: Ինչի՞ համար, որովհետեւ ես գիտեմ դրա հետեւն ով է կանգնած՝ հին տնօրենը, որը գալիս էր կողքներովս անցնում էր, նույնիսկ բարեւ չէր տալիս: Մենք բոլորս հիմա աշխատում ենք մեր երեխեքի համար, մի հատ մտեք նայեք այգին ինչ օրի է՝ փայլում է:  Բայց իրենք մի գործը 3 անգամ էին անում ու փողեր էին դուրս գրում իրար հետ, առձեռն փող էին բաժանում, իրավունք չունեին: Եթե «պրեմիա» են ստանում, թող գան ստորագրեն, ստանան, առձեռն ի՞նչ են ստանում: Արդար պետք է լինի, ոչ թե սաղ խառնեն իրար»:

Մեկ այլ աշխատակից ասաց. «Անձնավորված չի, սա ուղղակի մեր պայքարն է, որ հները հետ չգան եւ իրենց պլանները չիրագործվեն: Մեր բողոքի ակցիան շարունակական է լինելու՝ ամեն օր: Պահանջում ենք կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որտեղ ներկայացնեն, թե ինչ է կատարվում մեր այգում: Մեր միակ պահանջը առայժմ դա է: Ինչի՞ են ուզում գան նախկինները, որպեսզի ի՞նչ անեն: Մենք այստեղ գիշեր-ցերեկ աշխատում ենք, որպեսզի կենդանիներին փրկենք: Ես աշխատել եմ մութ ու ցուրտ տարիներին՝ 93 թվին մինչեւ 95-ը: Պատերազմական երկիր էր, այդ ժամանակ ուզում էին փակել կենդանաբանական այգին, բայց աշխատակիցների անձնազոհ աշխատակիցների շնորհիվ մնաց, BBC-ն նկարեց մեզ ու ասաց՝ այս ազգը արժանի է կենդանաբանական այգի ունենալ: Իսկ հիմա՝ այս լեն ու բոլ ժամանակներում ինչ-որ մարդիկ ուզում են որպես տարածք օգտագործել այս այգին»:

Այգու աշխատակիցները ենթադրում են, որ նոր տնօրենը կրճատումներ է անելու, ուստի նախապես բողոքի ձայն են բարձրացնում:

Այգու աշխատակիցներից մեկն էլ, որը ներկայացավ Արթուր, դժգոհում էր, որ այգու վարչական շենքի դուռը կապարակնքել են, մինչեւ նոր տնօրենի հետ հանձնում-ընդունում լինի. «Քաղմասով գալիս են դուռ են փակում: Ինձ վարչականից թուղթ էր պետք՝ 3 օր է չեն տվել, ո՞վ է դրա համար պատասխանատու: Ո՞ւր է, քաղաքապետարանից ինչո՞ւ չեն գալիս այսքան մարդու պատասխանում: Դառել է Մարոյի մանկապարտեզը, ով ինչ ուզի՝ անում է»:

Նա ասաց, որ կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը շատ լավ կառավարում է. «Սիմոնյանը կարգին տղա է, որձ է: Բոլորին հարցրեք՝ այսքան ժամանակ, ինչ Սիմոնյանը նստած է, աշխատավա՞րձն է ուշացել, կենդանի՞ն է սոված մնացել: Կամ ո՞ւմ է ինքը թթու խոսք ասել»:

Աշխատակից Գրիգոր Բալասանյանը պնդում էր, որ 8 տարի է՝ աշխատում է այգում ու Սիմոնյանի նման ղեկավար չի տեսել. «Հինը գործարքների մեջ է եղել, ուզում է երեւի նորից կրկնի: Օրինակ, ինձ անհիմն աշխատացրել է, ուղարկել է Ուրցաձոր, Խոսրովի անտառները՝ առանց վարձատրելու, ասել է՝ համատեղ գործ է դա: Բայց այգին ու հիմնադրամի գործը, Ուրցաձորի անտառները իրար հետ ի՞ն չ կապ ունեն: Հիմա նույնը կրկնվելու է: Իսկ ժամանակավոր պաշտոնակատարը՝ Սիմոնյանը, մի արտակարգ անձնավորություն է: Նոր տնօրենի՝ այդ աղջկա հանդեպ ոչ մի բան չունեմ, բայց որպես ի՞նչ են բերում: Պետք է ժամանակավոր պաշտոնակատարը վատ աշխատի, որ ուրիշին բերեն, եթե լավ է աշխատում, ինչո՞ւ են բերում նոր մարդ»:

Լրագրողների հետ զրույցում Կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Վալյա Մարգարյան ասաց, որ Վլադիմիր Սիմոնյանը հիվանդանոցում է ու նրան չեն էլ ծանուցել, որ նոր տնօրեն են նշանակում: Նա վստահեցրեց, որ աշխատակիցների հավաքն ինքնաբուխ է՝ առանց իր հորդորի են ցույց անում՝ ընդմիջման ժամին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031