«25 տարի առաջ պարոն Ծառուկյանը եկավ, առավ այս գործարանը, ու մի օր այն չի կանգնել: Դրանից առաջ ամեն օր աշխատում էր, կանգնում էր: Խանութի աշխատողը, որ խանութի աշխատող է ու կապ չունի գործարանի հետ, ուրախանում է, որ այս գործարանից փոշի է դուրս գալիս, ասում է՝ ինչ լավ է, կգան ու փողով առեւտուր կանեն այս մարդիկ»,- լրագրողների հետ զրույցում ասաց կապարակնքված «Արարատցեմենտի» 15 տարվա աշխատակիցներից մեկը: Գործարանի աշխատակիցներն առավոտից բողոքի ցույց են անում:
«Եվրոպայում էի, թողեցի, եկա գործի, միամտվեցի ու մնացի այստեղ, այսօր դրել-փակել ես, ընկեր վարչապետ, ինչ անեմ, ուր գնանք… 100 ձեւի բաներ կան մեջքներիս դրած, ընտանիք պահող տղամարդ եմ, կինս չի աշխատում, 2 հատ էլ երեխա ունեմ: Դե արի իրենց պահի»,- նեղսրտեց նա:
«Ես հիմա հայտարարում եմ, ու խոսքիս տեր եմ: Եթե ինձ որեւէ ոստիկան զանգի ու ասի՝ ինչի՞ չես մուծել այսինչ գումարը, գալիս ենք ինչ-որ բան բռնագրավենք, դրա պատասխանը ուրիշ ձեւ կտամ: Ես ամեն ինչի ընդունակ եմ, ու խոսքս ուրիշ ձեւ չընկալեք… Հայրենասիրությունից ում խոսեցնես, 3 կիլոմետր կխոսի, մտնես քոմենթների տակ, ինչ ասես կգրեն, բա հիմա ուր եք, դե եկեք ձեր ազգին տեր եղեք…»,- ասաց մեկ այլ աշխատակից:
«Եկել նստել ես ղեկին, էս ազգի համար ինչ ես արել, մի հատ հիմնարկ սարքե՞լ ես, որ իմ նմանը աշխատի»,- զայրացավ «Արարատցեմենտի» աշխատակիցներից մեկը՝ խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին:
Կարդացեք նաև
«Փակել է, որ տա թուրքին, դե եկեք իմ պատասխանը տվեք»,- ասաց մյուսը:
«Արարատցեմենտի» աշխատակիցներն ի վերջո բացեցին գործարանի դարպասները ու ներս մտան։ Նրանք հայտարարեցին,որ եթե կառավարությունն ուզում է գործարանում ժամանակավոր կառավարիչ նշանակել, թող նշանակի, բայց իրենք պետք է չտուժեն այդ գործընթացից եւ շարունակեն աշխատել։ «Կառավարության վեջը չի, որ մի հատ գա տեսնի 1300 աշխատողները ինչով են կերակրելու իրենց երեխաներին։ Հո մենակ փակելով չի»,-ասաց նրանցից մեկը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Նույն ժամանակ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը սպառնաց գործարանի բողոքի ցույց անող աշխատակիցներին։ Ի՞նչ մեղավոր են այն մարդիկ, որոնք աշխատում են Ծառուկյանին պատկանող ընկերություններում և հիմա հարկադիր պարապուրդի են մատնված։ Այս հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Այն, ինչ անհրաժեշտ է պետության շահերը, այդ թվում՝ պետության գույքերը վերադարձնելու համար, այդ գործընթացները պետք է տեղի ունենան»։ Ու նախազգուշացրեց չանել այնպիսի բաներ, որ արժանան ԶՊՄԿ-ի նախկին աշխատակիցների ճակատագրին. «Ես Կապանում զգուշացրեցի, ասեցի՝ էն մարդիկ, ովքեր էսօր պատվերով գործողություններ են անում, ազատվելու են աշխատանքից։ Ես հունիսին ասեցի, այդ մարդիկ օգոստոսին բոլորն ազատված էին աշխատանքից, նրանց մի մասի դեմ քրեական գործ է հարուցված, մի մասն էլ դատվել ա, մի մասն էլ միջնորդում ա, որ վերականգնվեն աշխատանքի»։


















































