Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղվան Հովսեփյանի թեման թիվ մեկ թեման է լինելու լրահոսով եւ դրանով ստվերվելու է իրական սպառնալիքը, որն այսօր տեղի է ունենում». Աննա Գրիգորյան

Սեպտեմբեր 07,2021 23:40

«Այսօր Աղվան Հովսեփյանի թեման թիվ մեկ թեման է լինելու լրահոսով եւ դրանով ստվերվելու է իրական սպառնալիքը, որն այսօր տեղի է ունենում Լաչինում: Երկու օր շարունակ փակ է եղել Կապան-Գորիս ճանապարհը եւ դրան զուգահեռ ինչ-որ մեկը եկել է Ամերիկայից եւ նրա շուրջ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում: Այսինքն, այս իշխանությունները հասկանում են, որ միգուցե նման թեմաներով հնարավոր է շեղել հանրային տրամադրությունները: Բայց հանրային տրամադրությունները շեղելով՝ միեւնույն է, չես չեզոքացնում քո երկրի եւ տարածքային ամբողջականության նկատմամբ դրված սպառնալիքները»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Նա նշեց. «Եթե համադրում ենք ադրբեջանական կողմի հայտարարությունները ու իրականում ինչ գործողությունների են դիմում, հասկանալի է, որ ուղղակի հռետորական հայտարարություններ չեն: Տարիների ընթացքում նրանց հնչեցրած ռազմատենչ հայտարարություններն ի վերջո 2020-ին իրականություն դարձան, հետեւաբար ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմից հնչեցված հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերվեն, այդ թվում նաեւ այս պահին Լաչինում տեղի ունեցող Թուրքիայի եւ Ադրբեջանի միասնական զորավարժություններին»:

Ըստ Աննա Գրիգորյանի,բացարձակ անհամարժեք պատասխան է հնչում Հայաստանի կողմից. «Փոխանակ մեր ամբողջ մտավոր եւ այլ ռեսուրսը կենտրոնացնենք ու հաղթահարենք իրական թշնամու կողմից առաջ դրված մարտահրավերներն եւ ռիսկերը, մենք գնում ենք ներքին թշնամիների փնտրտուքների ճանապարհով, այն, ինչ տեղի է ունեցել վերջին 3 տարիների ընթացքում: Ակնհայտ է, որ այս իշխանությունները որեւէ բան չեն անում՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, մեր անվտանգությունն ապահովելու համար: Ի վերջո, մեր երկրում այսօր թե՛ Գեղարքունիքում, թե՛ Սյունիքում շարունակում են տեղակայված մնալ ադրբեջանցի զինծառայողները: Նույնիսկ հայտարարություններով են հանդես գալիս, որ սրանք մեր տարածքներն են, չենք պատրաստվում դուրս գալ: Արդեն 3 զինծառայող ունենք, որոնք Սեւ լճի շրջակայքից մոլորվել են եւ այս պահին գերության մեջ են հայտնվել Ադրբեջանում: Սրանք են իրական մարտահրավերները եւ այն խնդիրները, որոնք պետք է լուծենք:

Այսօր Գեղարքունիքում, երեկ Երասխում մեր զինծառայողներն են մահանում ու դա արվում է այն նույն ժամանակահատվածում, երբ մեր իշխանությունները տարբեր մակարդակներով խաղաղության թեզն են առաջ տանում: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեզ բոլորիս համար նախընտրելի է ապրել խաղաղ միջավայրում, խաղաղության մեջ, բայց եկեք հասկանանք, թե ինչ իրական մարտահրավերներ կան: Երբ քո զինծառայողներին գողանում են, ռազմագերու կարգավիճակով էլ չեն, երբ անընդհատ հարձակումներ են լինում, քո միջպետական ճանապարհներն են փակում, դրա համարժեք պատասխանն ամենեւին էլ խաղաղության թեզն առաջ տանելը չէ: Նախ` քո զինված ուժերն այնպիսի վիճակի բեր, որ կարողանա քիչ թե շատ պահել քո երկրի սահմանները, քո ռազմավարական դաշնակիցների հետ այնպիսի հարաբերություններ կառուցիր, որ կարողանան քեզ օժանդակել եւ քո մեջքին կանգնել եւ միջազգային հանրության հետ էլ պետք է աշխատանք տարվի, որը ես այսօր ամենեւին չեմ տեսնում»:

Սահմանամերձ Սոթք համայնքում բնակիչներն ուրախանում են, երբ ռուս զինվոր են տեսնում, որովհետեւ իրենց ընկալմամբ՝ ռուսն ավելի լավ է, քան թուրքը, իսկ թե մեր երկրի ինքնիշխանությունն այսօր ինչ մակարդակի է՝ Աննա Գրիգորյանը պատասխանեց. «Այն իշխանությունը, որ ռուսական դրոշներ էր վառում տարիներ առաջ, այսօր ստիպված է ռուսական դրոշներ տեղակայել այս կամ այն դիրքերում, որպեսզի մեր երկիրն իրեն ապահով զգա: Սա ամբողջ թշվառությունն է մեր երկրի ու ինքնիշխանության: Այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ ինքնիշխանությունը վերցրել էին՝ որպես դրոշակ եւ ասում էին, որ Հայաստանն ինքնիշխանություն չունի, այսօր կործանել են մեր ինքնիշխանությունը եւ հարցականի տակ են դրել մեր պետականությունն առհասարակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Մարդը, որը սեփական երկրին թշվառ բնութագրումն է կպցնում, «պատգամավոր» լինելու իրավունք չունի:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930