Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցում դասասենյակներն անվանակոչվեցին ի հիշատակ զոհված զինծառայողների

Սեպտեմբեր 25,2021 22:48

ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել Վահե Մելիքսեթյանի անվան Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը: Միջոցառումն անցկացվեց դպրոցի բակում օրեր առաջ կառուցված փոքրիկ պուրակ-ջրվեժի մոտ, որի հիմնումը կրթօջախի անձնակազմի մտահղացումն է՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված՝ դպրոցի նախկին 7 սաների:

Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, հերոսների հարազատները, մարտական ընկերներն ու դասընկերները: Աշակերտները համառոտ ներկայացրեցին անկախության ձեռքբերման պատմական ուղին, հանդես եկան պարերի և երգերի կատարումներով և խոստացան ամուր պահել հայրենիքի սահմանները:

«Վահե Մելիքսեթյան» հիմնադրամի, բարերարների, դպրոցի սաների, ծնողների և ուսուցիչների օգնությամբ ստեղծված պուրակ-ջրվեժի հետ մեկտեղ վերանորոգվել են դպրոցի 6 դասարաններ, որոնք նույն օրը անվանակոչվեցին Արցախյան վերջին պատերազմում անմահացած աշակերտների անուններով:

Նորոգված դասարաններն այսուհետ կկրեն հերոսներ Էրիկ Գյոկչակյանի, Արմեն Մարտիրոսյանի, Էրիկ Ավագյանի, Մհեր Ղուկասյանի, Գևորգ Եղշատյանի, Արծրուն Աղաբաբյանի անունները: Արամ Գրիգորյանը Լոռու մարզպետի անունից շնորհակալություն հայտնեց աշակերտներին, ուսուցչական կազմին, հերոսների ընտանիքներին և բարերարներին միջացառման նախաձեռնության և իրականացման համար, նշելով, որ զոհված տղաներից յուրաքանչյուրի կյանքի պատմությունը մեծ դաս է, որով պիտի դաստիարակվեն սերունդներն ու կերտեն հայրենիքի վաղվա օրը:

Դպրոցի տնօրեն Ալբերտ Բրուտյանը շնորհակալագրեր հանձնեց բարերարներին դպրոցին ցուցաբերած աջակցության և մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած անգնահատելի ավանդի համար: Հերոսների հարազատները, ուսուցիչները, մարտական ընկերները կիսվեցին իրենց հուշերով, ընկած տղաների սխրանքների պատմություններով և հայրենասիրության պատգամներով:

Վահե Մելիքսեթյանի անվան Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը հերոսների համար ձևավորած անկյունում 2 մեդալ ունի հասցեատերերին չհասած. դրանք դպրոցի և մանկատան նախկին սաներ՝ Գևորգ Եղշատյանի և Արծրուն Աղաբաբյանի մեդալներն են:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930