Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տարբերություն չենք դնում քաղաքական գործիչների եւ շամպունների միջեւ, երկուսն էլ պրոդուկտ են, որ պետք է հետազոտել». Հովհաննես Գրիգորյան

Հոկտեմբեր 01,2021 17:33

Aravot.am-ի զրուցակիցն է հետազոտական եւ մարքեթինգային «Բրեվիս» ընկերության տնօրեն Հովհաննես Գրիգորյանը:

-Երկար տարիներ մարդիկ սոցհարցումներին չեն հավատում՝ դրանք ինչ-որ տեղ համարելով «նկարած» թվեր: Հատկապես հավատ չեն ներշնչում քաղաքական թեմաներով սոցիոլոգիական հարցումները, որոնք համարում են պատվիրված արդյունքներ, որով փորձում են ազդել հանրային գիտակցության վրա: Ի՞նչ եք անում, որ ձեզ հավատան:

-Շատ կարեւոր հարց է, որովհետեւ մենք 15 տարեկան ենք, եւ 15 տարի ես պերմանենտ զգացել եմ անվստահություն՝ սոցիոլոգիական հետազոտությունների նկատմամբ, սակայն, պետք է փաստեմ, որ 15 տարիների ընթացքում շատ բան է փոխվել: Նախ՝ որակյալ մասնագետներն ու որակյալ ընկերությունները շատացել են, որոնք իրենց անունն ու հեղինակությունը շատ ավելի բարձր են գնահատում, քան մեկօրյա, այսպես ասած, քաղաքական պատվեր անելը:

Մենք ընդհանրապես հրաժարվում ենք հրապարակել քաղաքական վարկանիշներ, որովհետեւ, եթե քաղաքական թեկնածուների դեպքում հրապարակում ես, որ «ա» թեկնածուն առաջ է, «բ» թեկնածուն՝ հետ, «բ» թեկնածուի բոլոր կողմնակիցները մտածում են, որ դու խաբում ես, եւ հակառակը:

Այնուամենայնիվ, սոցիոլոգիական հետազոտությունները չափում են հասարակության բոլոր շերտերին: Երբ որ քո շրջապատում ինչ-որ մեկը հայտնի է՝ դա դեռ չի նշանակում, որ նա ամբողջ հասարակությունում է հայտնի: Բայց, ցավոք, մեր քաղաքական գործիչները դեռ այդ գիտակցությունը հստակ չունեն կամ նոր են սկսում ունենալ, այդ պատճառով ոլորտը դեռ սաղմնային փուլում է:

Երրորդ կարեւոր հանգամանքն այն է, որ հետազոտական ոլորտում քաղաքականությունը շատ փոքր մաս է կազմում. Բիզնես, միջազգային կազմակերպություններ, միջազգային նախագծեր, որոնք շատ ավելի կարեւոր ու արժեքավոր են հետազոտական ընկերությունների համար, քան ընտրական, նախընտրական նախագծերը, եւ մենք ավելի շատ կենտրոնանում ենք այդ ոլորտների վրա:

-Բայց, այնուամենայնիվ, ունենում եք չէ՞ քաղաքական գործիչ-պատվիրատուներ:

-Այո, քաղաքական գործիչների պատվերներ անում ենք եւ ոչ մի սահմանափակում չունենք՝ աշխատելու քաղաքական այս կամ այն ուժի հետ: Ինչպես մի առիթով ասաց վրացի գործընկերներիցս մեկը՝ մենք տարբերություն չենք դնում քաղաքական գործիչների եւ շամպունների միջեւ, երկուսն էլ պրոդուկտ են, որ պետք է հետազոտել: Նույնն էլ այստեղ է՝ քաղաքական գործիչների վարկանիշները հետազոտելը մեթոդաբանորեն ոչնչով չի տարբերվում շամպունների հետազոտությունից: Այդ առումով՝ բացարձակ կապ չունի, թե որ ուժի հետ ես աշխատում: Իհարկե, միաժամանակ երկու եւ ավելի ուժերի հետ աշխատելը էթիկապես ճիշտ չէ, դրա համար, ինչպես հայտնի ասացվածքում է՝ «ով առաջինը գալիս է, առաջինը ստանում է ճաշը»:

-Տեղյակ եմ, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ տարբեր քաղաքական գործիչներ իրենց վարկանիշը ստուգելու համար, ձեզ սոցհարցումներ են պատվիրել: Ընտրություններից հետո շա՞տ են տարբերվել ձեր արդյունքները ընտրության արդյունքներից:

-Այո, եղել են քաղաքական գործիչներ, որոնք նման հետազոտություն մեզ պատվիրել են: Չեն տարբերվել: Կարող է պարադոքսալ հնչի իմ ասածը, բայց, հիմնականում, 2006 թվականից մինչ այսօր, հետազոտական ոլորտը կարողացել է մինչեւ 5 տոկոս ճշտությամբ կանխատեսել ընտրությունների արդյունքները: Իհարկե, մենք հասկանում ենք, որ ընտրություններն ամենամաքուրը չեն լինում, այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս նաեւ այն շեղումը, որը կարող է լինել կեղծիքների պարագայում եւ, սովորաբար, այդ շեղումները լինում են ոչ ավելի, քան 5-7 տոկոսը:

-Այսինքն՝ ընտրություններից առաջ դուք արդեն տեղյակ եք լինում արդյունքներից:

-Այո, եւ շատ լավ գիտենք՝ ինչ է կատարվում: Երբ ես նայում եմ արդյունքները, հենց առաջին հրապարակումներից հետո՝ հանգիստ գնում եմ քնելու, որովհետեւ գիտեմ արդեն ինչ է ստացվելու, որովհետեւ, մի քանի օր առաջ իմացել ենք ելքը:

-Եղե՞լ են ձեզ «ճնշելու» դեպքեր, երբ ընդդիմության կամ իշխանության ներկայացուցիչները փորձ են արել հակառակ կողմի սոցհարցումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ:

-Ճնշումներ արդյունքներ իմանալու համար չեն եղել, որովհետեւ մեր գործընկերները շատ լավ գիտեն, որ դա գրեթե անհնար է, բայց եղել են ճնշումներ, երբ տարբեր կալիբրի քաղաքական գործիչներ եւ տարբեր ուժերի ներկայացուցիչներ ուզեցել են, որ իրենց վարկանիշը ավելի լավ երեւա, քան իրականում կա: Երկար բացատրական աշխատանքների արդյունքում փորձել ենք իրենց համոզել, որ դրա կարիքը չկա: Խոսքը միայն հանրային հրապարակման մասին չէ, նույնիսկ իրենց շրջապատում, որովհետեւ, երբ դու ճշմարտության հետ գործ ունես, քեզ ավելի հեշտ է լինում, բայց եթե ինչ-որ մի բան կեղծիքի վրա ես անում, հետո՝ որպես կանոն, ավելի մեծ դժվարություն ես ունենում՝ թիմդ է հիասթափվում եւ այլն եւ այլն:

-Բիզնեսն ինչպիսի՞ հետազոտություններ է ձեզ պատվիրում:

-Հետաքրքիր է, որ մարքեթինգային տեսանկյունից բիզնեսի ոլորտը բավական արագ է զարգանում Հայաստանում, եւ բիզնեսները շատ արագ հասկանում են, որ պետք է ձեռքը զարկերակին պահեն եւ զգան, թե հանրային տրամադրությունները ինչպես են փոխվում եւ ինչպես պետք է փոխվի իրենց առաջարկը: Հիմնականում բանկեր, հեռահաղորդակցային ընկերություններ, արտադրողներ են մեր հաճախորդները: Ես շատ ուրախ եմ, որ այս վերջին 2-3 տարում բավական մեծ թվով արտադրողներ ունենք, որոնք սկսել են գիտակցել հետազոտությունների անհրաժեշտությունը:

Հարցազրույցը՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031