Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վանաձորում ստեղծվում է անվասայլակով բասկետբոլի թիմ. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 04,2021 23:59

Այսօրվանից Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան կենտրոն համալիր մարզադպրոցում հաշմանդամություն ունեցող անձանց համար կկազմակերպվեն անվասայլակով բասկետբոլի մարզումներ:

Առհասարակ Հայաստանում անվասայլակով բասկետբոլի թիմ ստեղծվել է 1990-ականների սկզբներին, իսկ արդեն 2019 թվականին ստեղծվում է ֆեդերացիան:

Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի տնօրեն Հարություն Եսայանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ խոշոր քաղաքներում բասկետբոլի թիմ ստեղծելու գաղափարը կյանքի են կոչել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ միասին: Իսկ առաջին քաղաքը, որտեղ ծրագիրն իրականացրեցին Վանաձորն է. «Վանաձորն իր ենթակառուցվածքներով հնարավորություն է տալիս: Ունենք հարմարեցված դահլիճ, որտեղ կարող ենք պարապմունք անցկացնել: Սայլակների մասով մեզ օգնեցին: Հիմա փորձում ենք մեր գործընկերների օգնությամբ Վանաձորում եւս ստեղծենք թիմ: Ուզում ենք, որ մեր հաշմանդամություն ունեցող անձիք տանը չնստեն, զբաղվեն սպորտով, ակտիվ լինեն: Իսկ հաջորդ քաղաքը կլինի Գյումրին», ասաց ֆեդերացիայի տնօրենը շեշտելով, որ գաղափարն իրագործելու ճանապարհին խնդիրների չեն հանդիպել. «Վանաձորում քանի դուռ թակել ենք բոլորը բացվել են, բոլորը պատրաստակամ են աջակցելու: Մինչեւ տարեվերջ ոչ մի ֆինանսական խնդիր չենք ունենա: Տարեսկզբից կսկսենք աշխատել՝ քաղաքապետարանի եւ մարզպետարանի հետ: Կարծում եմ ոչ մի խնդիր չենք ունենա: Բոլորս միտված ենք լավ գործ անելու, աջակցելու այն մարդկանց, որոնք ունեն մեր ուշադրության կարիքը»:

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ Վանաձորում շատ կան: Դրանցից մեկի՝ «Լուսաստղ» բարեգործական ՀԿ նախագահ Անի Գաբրիելյանի կարծիքով՝ սպորտը Վանաձորում այդքան էլ ակտիվ չէ. «Վանաձորում այս ուղղությամբ պասիվություն է: Ցանկացած նախաձեռնություն, ցանկացած քայլ նոր թափ կբերի մեր համայնք, նոր ակտիվություն կմտցնի հաշմանդամություն ունեցող անձանց առօրյայում: Այս պահին պասիվ են եւ չեն պատկերացնում, թե խոսքն ինչի մասին է: Այս ցուցադրական ելույթը կօգնի, որպեսզի նախ պատկերացում կազմեն, հետո նաեւ ցանկություն հայտնեն մասնակցելու»:

Այսօր Երեւանից ժամանած թիմը հանդես եկավ ցուցադրական ելույթներով, փորձելով վանաձորցիների շրջանում զարգացնել հետաքրքրությունը դեպի բասկետբոլ. «Նման սպորտաձեւ Վանաձորում չի եղել, սա շատ կարեւոր նախաձեռնություն է: Այս պահին Վանաձոր քաղաքի սահմանափակ կարողությամբ մարդկանց կողմից հետաքրքրություն չի նկատվում այս սպորտաձեւի նկատմամբ: Ինչը ցավալի է: Բայց կարծում եմ բավականին մեծ ակտիվություն կցուցաբերեն անպայման»,- ասում է աշխարհի ծանրամարտի ոսկե մեդալակիր Հարություն Մխիթարյանը:

Անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Խզմալյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ մայրաքաղաքում սպորտով հետաքրքրվողների թիվը մեծ է, ինչի արդյունքում էլ մեծ հաջողություններ են գրանցում. «Հասցրել ենք իրականացնել 5 միջազգային մրցաշարեր: Վաղը եւս մեկնելու են Հունաստան մասնակցելու այնտեղ կայանալիք մրցաշարին: Վանաձորում մենք լուծել ենք ոչ միայն գույքի, այլ նաեւ տրանսպորտի հարցը: Մարզիկները տնից մարզասրահ տեղափոխման ոչ մի խնդիր չեն ունենալու, ունենք հարմարեցված տրանսպորտ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031