Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն պետք է Ադրբեջանի նկատմամբ իր քաղաքականությունը կոշտացնի. Տարոն Հովհաննիսյան

Հոկտեմբեր 15,2021 15:38

Վերլուծաբան Հայկ Սուքիասյանը համաձայն չէ, որ երեկ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցածը որակվում է իբրեւ ադրբեջանական կողմից սադրանք եւ համարում է, որ դա 30 տարվա ամուլ մտածողության արդյունք է: Իր գնահատմամբ, այն ամենն, ինչ այսօր կատարվում է՝ բավական խորքային արմատներ ունի եւ ուղղված է կարեւոր նախագծի, որը կբարձրացնի Հայաստանի ինքնիշխանությունը. «Դա Հյուսիս-Հարավն է, որը հնարավորություն է դուրս գալ Արեւելք-Արեւմուտք միջանցք-տանդեմից»: Այս մասին Հայկ Սուքիասյանն այսօր ասաց «Ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած քննարկման ժամանակ: Այս ամենին, ըստ նրա գիշատիչ հակադրվում են ռուս-թուրքական շահերը եւ սրա «գլխին կանգնած է Հյուսիսը», քանի որ Արցախում «Մոզամբիկի դրոշը չի դրված, գերտերության դրոշ է» եւ ցանկացած պահի Ալիեւի «ականջները կարող են ձգել», բայց սա «թույլատրված ոտնձգություն է»:

Վերլուծաբանի գնահատմամբ, այսօր Հայաստանը հնարավորություն ունի Հնդկաստանի եւ Իրանի հետ Մեղրիի հանգույցով գործակցել, ինչն էլ շարժել է այլոց խանդը: Ներկայիս զարգացումները նա համարում է լավագույն շանս՝ տապալվելու կամ հաջողելու եւ ապրելու իշխանության խոստացած խաղաղության դարաշրջանում:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ երեկ տեղի ունեցածին նախորդել էր Մարտակերտում հայ խաղաղ բնակչի սպանությունը, ռուս խաղաղապահի վիրավորումը եւ իրադարձությունների հետագա վերլուծությունում հանգեց նրան, որ սա Ադրբեջանի կողմից պետական քաղաքականություն է, որի նպատակն Արցախի մնացած հատվածի բռնազավթումն է, որը Ադրբեջանը երբեք էլ չի թաքցրել: Ուստի, ըստ բանախոսի, դրան հասնելու տարբեր ուղիներ կան, որոնցից մեկն էլ Արցախի եւ Հայաստանի բնակչությանն անընդհատ խուճապի մեջ պահելն է եւ նման միջադեպերը անընդհատ են լինելու:

Ադրբեջանագետը գտնում է, որ իր նպատակին հասնելու համար Ադրբեջանին խանգարում է ՊԲ-ն եւ այս ուղղությամբ էլ անընդհատ տրամադրություններ են գեներացնելու՝ ՊԲ-ի հեղինակությունը, վարկը գցելու եւ ի վերջո այն չեզոքացնելու համար, մանավանդ, որ իրենց հաղորդագրություններում ՊԲ-ին համարում են «ահաբեկչական կառույց»:

Անկախ ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքից՝ նա գտնում է, որ այդ հատվածում Ադրբեջանին նաեւ ռուս խաղաղապահներ պետք չեն, ուստի չեզոքացնող գործողությունները նրանց դեմ էլ են ուղղվելու: Թե ի՞նչ պետք է անել այս ամենը կանխելու համար, Տարոն Հովհաննիսյանը կարծում է, որ ՌԴ-ն պետք է կոշտացնի իր քաղաքականությունը՝ Ադրբեջանին սանձելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031