Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղանուշի բնակիչները, քիչ չէ պոչամբարից առողջական ու տնտեսական վնասներ են կրում, հիմա էլ ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ են

Հոկտեմբեր 29,2021 00:33

«Է՜, էդքան ջահել երեխա զոհվեց, դարձան հաշմանդամ, հարազատ-բարեկամ կորցրինք, թուրքը եկել՝ մեր տուն է մտել, հիմա ես բարոյական իրավունք չունեմ իմ առողջությունից խոսելու, ասելու, թե պոչամբարն ինչ վնասնե՞ր է հասցնում»,-մատնացույց անելով գյուղին դեմ դիմաց սարն ասում է Սյունիքի մարզի Գեղանուշի բնակիչ Սամվել Սաֆարյանը: Գեղանուշը խոշորացման արդյունքում միավորվել է Կապան քաղաքին:

Ադրբեջանական հենակետը, մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ուղիղ գյուղին է նայում: Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո Գեղանուշ համայնքն էլ հայտնվել է հակառակորդի ուղիղ նշանառության տակ: Գեղանուշում չեն մոռացել առաջին պատերազմի թողած հետքը, երբ այդ նույն դիրքերից դիպուկահարի կրակոցից տան պատշգամբում երիտասարդ տղա էր գնդակահարվել:

Գեղանուշի տարածքում «Չաարատ Կապան» գործարանի պոչամբարն է գտնվում, որտեղ թափվում են հանքավայրից արդյունահանված եւ վերամշակված հանքաքարի թափոնները: Այս կոմբինատը շահագործում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:
Գեղանուշ համայնքի բնակիչները դեմ են եղել, որ իրենց բնակավայրին կից պոչամբար կառուցվի, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում նրանք են նշում, իրենց կարծիքը որեւէ մեկը հաշվի չի առել:

Գեղանուշի պոչամբարը ընդհատումներով շահագործվել է 1962 թ.-ից: Այն կառուցվել է հին պոչամբարի տարածքում: Պոչամբարը շահագործման է հանձնվել 2007թ-ին: 2012թ. Գեղանուշի պոչամբարի պոչատար խողովակաշարը երեք անգամ վթարվել է, ինչի արդյունքում պոչերը լցվել են շրջակա միջավայր:

Գեղանուշի բնակիչ Գուրգեն Հայրապետյանն ասում է՝ իրենց ոչ մի փոխհատուցում էլ պետք չէ, մաքուր օդ է պետք: Նրա խոսքով, գյուղում կենդանիները «ռախիտ» են ծնվում, մարդկանց կյանքը կրճատվել է, հիվանդություններն էլ ավելացել են:

Գյուղի մեկ այլ բնակչի՝ Արթուր Էլչյանի խոսքով, ծառերի վրա տերեւ չի մնում, ինչ վարում են բերքատվությունը շատ ցածր է լինում, բերքը փչանում է, գյուղացիներն էլ այլեւս ցանկություն չեն ունենում այգիները մշակելու: Ասում է՝ շատ է եղել, որ անասունները խրվել են պոչամբարի մեջ, եկել՝ հանել են: Արթուրի խոսքով, պոչամբարի ջրերը անընդհատ հոսում են եւ լցվում իրենց գյուղ տանող ճանապարհին, Ողջի գետը:

Գեղանուշի բնակիչների խոսքով, տնտեսապես էլ են տուժում. Ով իմանում է, որ կանաչին, բերքը Գեղանուշից է, չեն հրաժարվում են գնել:

Մեր այցելության պահին պոչամբարի հարակից հատվածում ամրացման աշխատանքներ էին ընթանում, որպեսզի կանխեն պոչամբարից ջրերի հոսքը:

Կապանի տարածաշրջանում գործող Գեղանուշի պոչամբարը կարող է  վտանգ ներկայացնել տարածաշրջանի բնակչության կյանքին ու առողջությանը: Այս կարծիքին է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Նա մեկ առ մեկ թվարկում է՝ ինչ վնասներ են կրում պոչամբարներին մերձակա բնակավայրերը:

Իրավաբա-բնապահպան Նազելի Վարդանյանի խոսքով, մեր երկրում առողջության վրա ազդեցության գնահատում չի իրականացվում: Ըստ նրա, օրենսդրության խախտում է, երբ պոչամբարը գտնվում է բնակավայրին մոտ:

Նազելի Վարդանյանի խոսքով, Գեղանուշի տարածքում պոչամբարի պատվարի վերակառուցումն էլ օրենքի խախտումներով է կատարվում, քանի որ ո՛չ փորձաքննություն է անցկացվել, ո՛չ էլ համայնքի բնակիչների համար լսումներ են կազմակերպել. «Եթե, նույնիսկ, դիմել են ու թույլտվություն են ստացել, դա անօրինական է, քանի որ բնակիչները տեղյակ չեն, լսումներ չեն եղել»:

Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ պոչամբարները պաշտպանիչ միջոցներով առանձնացված չեն տարածքներից եւ անասունները, երեխաները կարող են վտանգի ենթարկվել:

Կապանի տարածաշրջանում է գտնվում նաեւ ամենախոշոր պոչամբարը՝ Արծվանիկը, որի ընթացիկ ծավալը կազմում է հանրապետության բոլոր պոչամբարների ընդհանուր ծավալի 75%-ը: Այն շահագործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Ինգա Զարաֆյանի խոսքով, Արծվանիկի պոչամբարի գործունեության հետեւանքով շրջակա բնակավայրերում, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կան մի շարք ծանր մետաղներ, որոնք կարող են մարդու առողջությանն ու բնությանը անդառնալի կորուստներ հասցնել: Նրա խոսքով, երեխաների մազերի մեջ հայտնաբերվել է մկնդեղ, կապար, սնդիկ:

Ըստ տիկին Զարաֆյանի, ԶՊՄԿ -ի հանքավայրում տարեկան արդյունահանվում է մոտավորապես 18,5 միլիոն տոննա հանքաքար (2017 թ), ինչը կազմում է Հայաստանի ողջ հանքարդյունաբերության ոլորտի շրջանառության ավելի քան 60%-ը:

«Ծառեր կա, բայց բերք չկա, չեն տալիս: Մենք ջուր չունենք, բերք որտեղի՞ց լինի»,-ասում է Արծվանիկ գյուղի բնակիչ Նարինե Սարգսյանը: Արծվանիկ գյուղը գրեթե  կպած է պոչամբարին: Նարինեի խոսքով, նախկինում պոչամբարից վնասներն ավելի մեծ էին, սակայն վերջին տարիներին փոփոխություն նկատում են. «Առաջ որ քամի էր լինում խեղդվում էինք, սեւ անձրեւ էր գալիս, բայց երկու-երեք տարի է այդ երեւույթները չկան, հոտն էլ չկա, առաջ սուր հոտ էր գալիս»:

Երեք տարի է Արծվանիկի բնակիչները կոմբինատից սոցիալական աջակցություն են ստանում: Գյուղի յուրաքանչյուր բնակչի 40 հազարական դրամ է հատկացվում՝ որպես փոխհատուցում: Եթե տանը հինգ անդամ են, 200 հազար դրամ գումար են ստանում: Նարինեն ասում է, որ գյուղի բնակիչները այնպիսի առողջական խնդիրներ՝ ինչպիսիք են չարորակ նորագոյացությունները, գրեթե չունեն, բայց նկատել են, որ իրենց գյուղում շաքարային դիաբետով հիվանդներն են ավելացել:

Արծվանիկը տնամերձ հողամասերից բացի գրեթե այլ հողատարածքներ չունի, ամբողջը հանձնվել է Արծվանիկի պոչամբարին, մի մասն էլ 44-օրյա պատերազմից հետո անցել է հակառակորդի ադրբեջանցիների տիրապետության տակ: Դա այն հատվածն է, որը Արծվանիկի համայնքին չի պատկանել, բայց այնտեղ մարդիկ վարուցանք են կատարել, անասունների արածեցրել: Բայց հիմա տնամերձերն էլ գրեթե չեն մշակում՝ ջրի բացակայության ու ցածր բերքատվության պատճառով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031