Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների՝ սահմանային եւ մաքսային հսկողության կետեր տեղադրելու մասին այսօր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ ի՞նչ իրավական հիմքի վրա են ադրբեջանցիները դա համարում իրենց տարածք, պատասխանեց՝ կա ողջամտություն եւ այդ ողջամտությունը խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած սահմաններն են։
«Եվ մենք ելնում ենք, ընդհանուր առմամբ, այդ տրամաբանությունից։ Այսինքն՝ հասկանալի է, որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր մենք ունենք պատկերացում այդ սահմանի մասին, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է։ Եվ այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք, ընդհանուր առմամբ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը, որը առավել հստակեցման համար առաջարկել ենք, որպեսզի սահմանագծման եւ սահմանազատման գործընթաց անցնենք»,-ասաց Գրիգորյանը։
Նրա ներկայացմամբ՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի է ունեցել 1920-ին, ավարտվել է 1929 թվականին։ Հարցին՝ այդ քարտեզներով արդյոք ճանապարհի այդ հատվածը դուրս է մնացել ՀՀ սահմաններից, Գրիգորյանը պատասխանեց․ «Այն, ինչ մենք հայտարարել ենք, հիմնված է մեր կատարած ուսումնասիրությունների, բոլոր փաստաթղթերի․․․ այսինքն, 29 թվականի քարտեզը ավելի հստակ քարտեզ է, որ կարողանանք նշել թղթի վրա։ Ըստ այդ քարտեզների, ճանապարհի այդ հատվածները իրենց վերահսկողության տակ պետք է լինեն»։
Հայկական կողմում էլ մաքսային եւ սահմանային կետեր տեղադրելու մասին Գրիգորյանն ասաց՝ այդ ճանապարհին կան հատվածներ, որոնք մոտ կիլոմետրի չափ մտնում են ՀՀ տարածք ու դուրս գալիս Ադրբեջանի տարածք․ «Եթե այդ ճանապարհի Գորիս-Կապանի որոշակի տեղեր մտնում է Հայաստան, որոշակի տեղեր՝ Ադրբեջանի տարածք, եթե նրանք դնում են մաքսակետեր, ապա մենք էլ ենք տեղադրում մաքսակետեր»։
Կարդացեք նաև
Ի՞նչ ընթացակարգով են ՀՀ քաղաքացիներն անցնելու այդ մաքսային կետով, եւ արդյոք կարո՞ղ են անցնել, ի պատասխան այս հարցի, Գրիգորյանն ասաց․ « Ճանապարհի այդ հատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի։ Եվ այդ յուրահատուկ կարգավիճակի պատճառով սահմանակետերը, որոնք հնարավոր է տեղադրվեն, հնարավոր վճարի դեպքում քաղաքացիները կանցնեն։ Այս պահին Ադրբեջանն ամբողջովին չի տեղեկացրել ընթացակարգի մասին, բայց տրամաբանությունը հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճար կամ ինչ-որ բան կարող է լինել, եւ քաղաքացիները վճարելով՝ կարող են անցնել։ Բայց քանի որ մենք ունենք այլընտրանքային ճանապարհ՝ Կապան-Տաթեւ ճանապարհն ամբողջովին վերանորոգված է, ապա քաղաքացիների համար ամբողջովին հարմար է, որպեսզի օգտագործեն այդ ճանապարհը»։
Ըստ Արմեն Գրիգորյանի, ՀՀ քաղաքացիները այդ ճանապարհն օգտագործում էին օրինակ՝ Գորիսից Կապան գնալու համար, եւ այդ ճանապարհի օգտագործումը Ադրբեջանի կողմից շահարկվում էր, որ իրենք էլ ցանկանում են ճանապարհ ստանալ՝ դեպի Նախիջեւան, որը նաեւ միջանցքի տրամաբանություն ունի․ «Մեզ համար սա անընդունելի է եղել, մենք, բնականաբար, առաջնահերթություն ենք համարել չունենալ միջանցքային տրամաբանության մեջ որեւէ գործարք»։
Արմեն Գրիգորյանի ներկայացմամբ՝ ճանապարհի հայկական կողմում տեղադրվող հայկական մաքսակետերը տեղադրվելու են Ադրբեջանի հնարավոր քաղաքացիների օգտագործելու դեպքում․ «Այդ 21 կիլոմետր ճանապարհի որոշակի մասն Հայաստանի տարածքով է անցնում եւ հնարավոր է, որ Ադրբեջանի քաղաքացիները նույնպես այդ ճանապարհն ուզենան օգտագործեն եւ Հայաստանը պատասխան քայլով է հանդես գալու»։
ԱԽ քարտուղարը վստահեցրեց՝ Սյունիքում որեւէ համայնք շրջափակման մեջ չէ, իհարկե, ճանապարհների որակը շատ բարձր մակարդակի չէ, բայց վերջին շրջանում լայնածավալ աշխատանքներ են կատարվել ճանապարհները գոնե գրունտային մակարդակում բարեկարգելու համար։ Բայց նաեւ այդ աշխատանքները շարունակվում են, համոզված ենք, որ շատ շուտով կունենանք նաև ասֆալտապատ ճանապարհ։ Այդ համայնքներում կոմունիկացիոն որեւէ խնդիր չի առաջանալու»։ Ճշտող հարցին՝ բոլոր բնակավայրերը կունենա՞ն այլընտրանքային ճանապարհներ, Գրիգորյանը պատասխանեց․ «Բնականաբար, այս պահին գրունտային է, աշխատանքներ են կատարվում, բայց երկարաժամկետ կտրվածքով կլինեն ասֆալտապատ բարձրակարգ ճանապարհներ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































