Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարականի դիմում է ներկայացրել Շիրակի մարզի ամենակիրթ պաշտոնյաներից մեկը

Նոյեմբեր 11,2021 17:03

Շիրակի բժիշկ մարզպետ Հովհաննես Հարությունյանի հրաժարականից հետո՝ նախքան Նազելի Բաղդասարյանի Շիրակի մարզպետ նշանակվելը, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաև փոխմարզպետը՝ Հովհաննես Զորաբյանը։ Նա Հովհաննես Հարությունյանի մոտ ընկերն է․ գյումրեցի է։

33-ամյա Հովհաննես Զորաբյանը ևս մասնագիտությամբ բժիշկ է, անդրադարձել ենք, որ նա անդադար կրթվում է․ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետն ավարտելուց հետո մասնագիտացել է կլինիկական օրդինատուրայի «Պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն», այնուհետ «Համաճարակաբանություն» մասնագիտությունների մեջ։ Իսկ 2020-2021թթ.-ին սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի «Առողջապահության կառավարում և վարչարարություն» առկա մագիստրատուրայում։

Հովհաննես Զորաբյանն աշխատել է ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես բժիշկ-համաճարակաբան, նաև ՀՀ Պաշտպանության նախարարության տարբեր ծառայություններում։ Հաճախակի է մասնակցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված դասընթացներին ու զորավարժություններին՝ որպես դաշտային հոսպիտալի բժիշկ- համաճարակաբան կամ դաշտային հոսպիտալի օպերատիվ բաժնի ղեկավար։

Նա Շիրակի մարզում պաշտոնավարում է ընդամենը մեկ ամիս․ փոխմարզպետ նշանակվել էր հոկտեմբերի 5-ին, երբ մարզպետ Հովհաննես Հարությունյանն արդեն արձակուրդում էր․ որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու՝ ակտիվ քարոզարշավի մեջ էր։

Aravot.am-ը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք արդյունավե՞տ է ղեկավար պաշտոնի նշանակված անձանց այս արագությամբ փոխելը։

Նախարարն ասաց․ «Միգուցե շուտ-շուտ փոխելն արդյունավետ չէ, բայց մյուս կողմից էլ՝ կարծում եմ նորմալ, հանգիստ, բնական պրոցես է․ որոշակի պաշտոնյաներ, երբ որ փոխվում են, ամեն մեկն, այսպես ասած, թիմով է աշխատում, նորմալ եմ վերաբերվում։

Լրագրողները միգուցե ինչ-որ սուր բան տեսնում են, ես ոչինչ չեմ տեսնում։ Ես նույնիսկ սուր բան չեմ տեսնում, երբ ընդդիմադիրներն ընտրվում են համայնքի ղեկավար։ Նորմալ է, հարգում ենք մեր քաղաքացիների ընտրելու իրավունքը, ընտրությունը և սկսում ենք աշխատել համայնքապետերի հետ։ Նորմալ է ամեն ինչ»։

Նշենք, որ փոխմարզպետի դիմումը դեռ ստորագրված չէ։ Ինչպես տեղեկանում ենք՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից՝ նա դեռ պաշտոնավարում է․ այսօր փոխմարզպետը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Իսահակյանի հետ հյուրընկալել է Հայաստանի կաթվածի գործադիր խորհրդի անդամներին, այնուհետ այցելել Գյումրու՝ վերջերս վերանորոգված ծննդատուն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930