Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Շիրակը նոր փոխմարզպետ ունի․ նա ևս մասնագիտությամբ բժիշկ է

Հոկտեմբեր 05,2021 23:15

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հրամանով երեկ Շիրակի փոխմարզպետ է նշանակվել անկուսակցական Հովհաննես Զորաբյանը։

Նա բավական հարուստ կենսագրություն ունի․ Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նոր փոխմարզպետը ևս մասնագիտությամբ բժիշկ է, 33 տարեկան է։

Հիշեցնենք, որ մասնագիտությամբ վիրաբույժ է նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։

Նորանշանակ պաշտոնյան ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  ընդհանուր բժշկության ֆակուլտետը, որից հետո անդադար կրթվել է․ մասնագիտացել է կլինիկական օրդինատուրայի «Պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն», այնուհետ «Համաճարակաբանություն» մասնագիտությունների մեջ։

2020-2021թթ.-ին էլ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի «Առողջապահության կառավարում և վարչարարություն» առկա մագիստրատուրայում։

Նրա կենսագրականից պարզ է դառնում, որ երիտասարդ պաշտոնյան հաճախակի է մասնակցել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում անցկացված դասընթացներին ու զորավարժություններին՝ որպես դաշտային հոսպիտալի բժիշկ- համաճարակաբան կամ դաշտային հոսպիտալի օպերատիվ բաժնի ղեկավար։

Նա աշխատել է ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ որպես բժիշկ-համաճարակաբան, նաև ՀՀ Պաշտպանության նախարարության տարբեր ծառայություններում։

Նախքան Շիրակի փոխմարզպետի պաշտոնում նշանակվելը «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։

Փոխմարզպետը արժանացել է նաև պետական պարգևների, մասնավորապես 2020թ. սեպտեմբերի 18-ի ՀՀ վարչապետի հրամանագրով ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է շնորհակալագրով, իսկ 2021թ. ապրիլի 14-ի ՀՀ նախագահի հրամանագրով պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանը անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Նա 44 օրյա պատերազմի ընթացքում մեկ շաբաթով մեկնել է Արցախի Հանրապետության «Հանրապետական բժշկական կենտրոն»՝ ապահովելով ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում ընթացակարգերի կատարումը։

Հովհաննես Զորաբյանի կենսագրականի մեջ տեղ է գտել նաև անգլերենի լեզվի իմացության մասին տող, մասնավորապես նշված է, որ 2018թ. Բրիտանական խորհրդի կողմից անցկացված անգլերեն լեզվի դասընթացների ավարտին իրականացված թեստավորման արդյունքում նրան տրվել է վկայական, որն ունի միջազգային ճանաչում։

Նշենք, որ նորանշանակ փոխմարզպետն ավարտել է Գյումրիի հեղինակավոր կրթօջախներից մեկը՝ Լորդ Բայրոնի անվան թիվ 20 միջնակարգ դպրոցը, որի շրջանավարտների մեծ մասն ազատ խոսում է անգլերեն։ Այս դպրոցի շրջանավարտներից շատերը ճանաչված թարգմանիչներ ու դիվանագետներ են։

Այսպիսով, Շիրակի մարզն ունեցավ երկու փոխմարզպետ, նրանցից մեկը փորձառու զինվորական Պողոս Աբրահամյանն է, որը նշանակվել էր անցած տարեվերջին և որի  առաքելությունը մարզում աշխարհազորային ստորաբաժանումների ստեղծումն է, համալրումն է։

Հովհաննես Զորաբյանի լուսանկարերը՝ նրա ֆեյսբուքյան էջից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031