Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց Եկեղեցին հորդորում է աշխարհասփյուռ իր զավակներին՝ զորավիգ լինելու հայրենիքին և կարելին ի գործ դնելու

Նոյեմբեր 16,2021 21:12

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստությամբ է հետևում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։ Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, նոր հավակնություններ է դրսևորում այս անգամ Հայաստան պետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանը, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին և Քույր Եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները՝ հանուն մարդկային կյանքերի փրկության և հիմնարար իրավունքների պաշտպանության, հանուն նոր ողբերգության կանխման։

Հայոց Եկեղեցին հորդորում է աշխարհասփյուռ իր զավակներին՝ զորավիգ լինելու հայրենիքին և կարելին ի գործ դնելու՝ իրենց պետությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությանը հանձնելու հիշյալ դատապարտելի գործողությունները, որոնք վերստին ապակայունացնում են իրավիճակը  տարածաշրջանում և խաթարում թանկ գնով հաստատված փխրուն խաղաղությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հոգևոր դասը աղոթող են հայոց պետականության անսասանության, ազգի միասնականության ու ամուր կամքի և հայրենյաց պաշտպանների արիասիրտ ոգու համար՝ հաղթահարելու այս մարտահրավերները և վերականգնելու խաղաղ, ապահով և արժանապատիվ կյանքը մեր ժողովրդի։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930