Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկավարժականն ընդլայնում է միջազգային համագործակցությունը

Նոյեմբեր 22,2021 12:30

Ռեկտորի պաշտոնակատարը հանդիպել է տարբեր երկրների դեսպանների հետ

Երկու տարի աշխարհը փոխակերպած թագավարակը անդառնալի վնաս հասցրեց բոլոր ոլորտներին, այդ թվում՝ նաեւ կրթական։ Ու չնայած պարբերաբար հայտարարվող հեռավար գործընթացներին, Հայկական պետական մանկավարժական համալսարանը ակտիվ գործունեություն է ծավալում հատկապես միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Աշոտ Խոեցյանն անցնող շաբաթվա ընթացքում հյուրընկալել է ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին եւ Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Այս ամենն արվում է բուհի 100-ամյա հոբելյանին ընդառաջ եւ պատահական չէ, որ բոլոր հրավիրյալներն անպայմանորեն այցելում են Մանկավարժական համալսարանի պատմության թանգարան եւ ծանոթանում մեկդարյա բուհի տարեգրությանը:

«Հայաստանը եւ Նիդեռլանդները թեեւ իրարից շատ են տարբերվում ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհագրական նկարագրով, այնուամենայնիվ, այդ հանգամանքը չի կարող խոչընդոտել ակնկալվող համագործակցությանը: Այս հանդիպումն էլ միտված է կրթական ասպարեզում երկու երկրների միջեւ փոխադարձ կապերի ստեղծմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ կարեւոր՝ ապագային ուղղված համագործակցային շփումների տեսանկյունից»,-ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ զրույցում ընդգծեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը: Վերջինս ընդգծեց՝ գիտակրթական ոլորտը ցանկացած երկրի համար համագործակցության կարեւորագույն ասպարեզն է եւ հավելեց՝ տեղյակ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Նիդեռլանդների մեծ ներդրման մասին:

ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը հայերենով սկսեց զրույցը եւ նշեց՝ ուրախ է ծանոթանալու եւ քննարկման հնարավորության համար: «Մեր առաքելությունն է երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում ստեղծել եւ իրականացնել ծրագրեր։ Ներկայացուցչությունն ունի բազմաթիվ ծրագրեր ու մտահղացումներ՝ տնտեսական ու քաղաքական առաջնահերթություններ, որոնցում կարեւորում ենք հատկապես մարդու իրավունքների պաշտպանությունը։ Մեր երկրի դեսպանությունը Հայաստանում երկրի ժողովրդավարական գործընթացներին սատարելու համար է»,- ասաց նա:

Աշոտ Խոեցյանը տեղեկացրեց, որ Մանկավարժական համալսարանի նպատակն է ստեղծել ուսանողների կարողությունների զարգացմանը նպաստող միջավայր եւ ծրագրեր, զարգացնել հետբուհական կրթությունը, ինչպես նաեւ կրթության վրա հիմնված ձեռնարկատիրական ներքին կարողությունները: Ռեկտորի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ եվրոպական կրթական տարածքի շրջանակում կզարգացնեն համագործակցային կարողությունները, իսկ նորագույն տեխնոլոգիաների միջոցով կբարձրացնեն դասավանդման որակը՝ խթանելով ուսանողների շարժունակությունը:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի հետ հանդիպման ընթացքում Աշոտ Խոեցյանը ընդգծեց, որ 2022 թվականը շատ կարեւոր է ինչպես բուհի, այնպես էլ հայ եւ չին ժողովուրդների համար. լրանում է ՀՊՄՀ-ի 100 եւ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 30-ամյակը: «Մեր համալսարանը մեծագույն պատասխանատվությամբ է պատրաստվում հոբելյանին եւ այդ շրջանակներում նախատեսում է Ձեզ հյուրընկալել բուհում` ձեւավորելով համագործակցության նոր ուղղություններ: Չինաստանը լուրջ ազդեցություն ունի ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում` շարունակելով կրթության եւ գիտության ոլորտում լինել լուրջ գործընկեր»,-նշեց ռեկտորի պաշտոնակատարն ու հույս հայտնեց, որ բուհում գործող չինական մշակույթի կենտրոնը կլինի այն բջիջը, որը կարող է հայ-չինական համագործակցության նոր սկիզբ լինել։ Նա անդրադարձավ գործընկերության մի քանի ուղղություններին, մասնավորապես` ուսանողների փոխանակում, չինարեն լեզվի ուսուցում, հետազոտական ծրագրեր, չինական մշակույթի, աշխարհագրության ուղղվածությամբ մասնագիտության ներդրում եւ այլն ու վստահեցրեց, որ ամենատարբեր ծրագրերի իրագործման համար բուհն ունի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների լուրջ ռեսուրս:

Դեսպան Ֆան Յունը հույս հայտնեց, որ հանդիպումը հնարավորություն կտա արդյունավետ համագործակցության համար կատարել հետեւություններ. «Երկու ժողովուրդներն էլ յուրատեսակ վերաբերմունք ունեն կրթության, ուսուցչի եւ ընտանիքի հանդեպ. դա հենց այն իմաստությունն է, որ պատմականորեն ձեւավորվել են երկու ժողովուրդների միջեւ»,-նշեց դեսպան Ֆան Յունն ու կարեւորեց Մանկավարժական համալսարանի դերը վերոնշյալ առաքելության իրականացման գործում: Նա եղավ նաեւ Մանկավարժական համալսարանում գործող չինական մշակույթի կենտրոնում: Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ հանդիպմանը ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Աշոտ Խոեցյանը, խոսելով կրթության ոլորտում երկու երկրների գործակցության հնարավորությունների մասին, նշեց, որ մեր երկրում կրթական համակարգը բարեփոխումների շրջանում է, եւ գիտակրթական հետագա զարգացումներում մեծ աջակցություն կլինի Շվեդիայի հետ համագործակցությունը: «Մենք մեծապես կարեւորում ենք ներառական կրթությունը, եվրոպական արժեքների ներառումը մեր կրթական համակարգում՝ դրանք համարելով կարեւոր գործընթացներ: Կարծում ենք, որ ուսանողների եւ դասախոսների փոխանակման ծրագրերը մեծապես կնպաստեն մեզանում կրթական զարգացումների գործընթացներին նաեւ եվրոպական կրթական տարածքում, իսկ շվեդական կրթական համակարգի օրինակելի եւ դրական փորձի ներդրումը Մանկավարժական համալսարանում մեծապես կնպաստի բուհի կրթական գործընթացներին»,-նշեց Աշոտ Խոեցյանն ու անդրադարձավ համագործակցության հնարավոր ուղիներին։

Հայաստանում Շվեդիայի դեսպանն էլ նկատեց՝ արդեն իսկ կան երկուստեք հետաքրքրություններ։ Դեսպանը հավելեց նաեւ, որ 2022 թվականին եվրոպական երկրները մտադիր են միասնական ձեւաչափով նշել դիվանագիտական հարաբերությունների 30 տարին: Վերջինս իր հիացմունքն արտահայտեց Հայաստանի կրթական մակարդակի մասին՝ բարձր գնահատելով հետազոտական աշխատանքների արդյունավետ զարգացումը, որը գալիս է դեռեւս խորհրդային տարիներից. «Դուք ունեք կրթական լավագույն ավանդույթներ, ինչը նկատելի է նաեւ դեսպանատան հայ աշխատակիցների հետ շփումներում. նրանցից մի քանիսը Մանկավարժական համալսարանի շրջանավարտներ են»,-ասաց դեսպան Սվենսոնը: Խոսելով երկու երկրների կրթական հաստատությունների համագործակցության հնարավորությունների մասին՝ պարոն Սվենսոնը նշեց, որ հայ ուսանողները հնարավորություն ունեն օգտվել Շվեդիայի տրամադրած կրթաթոշակներից, ինչին կարող է նպաստել Շվեդական ինստիտուտը եւ տեղեկացրեց, որ իրենց երկրում ստեղծվում է հայ ուսանողների միություն։ ՀՊՄՀ-ի Աշխատակազմի եւ միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը դեսպանին տեղեկացրեց, որ միջազգային տարբեր ծրագրերում բուհն արդեն իսկ ներգրավված է, իսկ համագործակցությունը տարբեր ծրագրերում կրում է եւ կկրի շարունակական բնույթ։

Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930