Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Լուծումը նոր պետություն ձեւավորելն է՝ նոր սկզբունքներով». Արա Հակոբյան

Նոյեմբեր 25,2021 23:35

«Մենք հայտնվել ենք նոր իրողության մեջ: Այս իրողության հիմքերը դրվել են դեռեւս 94-95 թվականներին, երբ ձեւավորվեց հակահայկական իշխանական համակարգ: Իր էությամբ, համակարգը հակապետական էր ու ապազգային ու այն տիրում է Հայաստանը առ այսօր: Այդ համակարգը տարիներ շարունակ մսխել է այն պաշարները եւ ձեռքբերումները, որոնք հայությունը կուտակել ու կերտել է իր ռազմական եւ պետականաշինության փայլուն հաղթանակներով: Այսօր մենք ունենք իրողություն, որտեղ Հայաստանը փաստորեն որպես պետություն չի գործում»,- այսօր սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:

Նա նշեց, որ մեր երկիրը կորցրել է ինքնիշխանությունը, միջազգային սուբյեկտ չէ, մեր հարցերը լուծում են այլ պետությունները եւ մենք դրանք ընդունում ենք ի գիտություն. «Փաստորեն, այն ձեւաչափը, որը ձեւավորվել էր ու որում գոյություն ուներ ՀՀ-ն, տապալվել է: 30 տարվա այդ ձեւաչափը տապալվել է ու սա է այն իրողությունը, որի հետ մենք պետք է առերեսվենք ու ճանաչենք այն: Ո՞րն  է լուծումը՝ նոր պետություն ձեւավորելն է: Նոր պետություն՝ նոր սկզբունքներով, ազգայնական իշխանությամբ, ազգային պետություն»:

Ինչ վերաբերում է սահմանազատման ու սահմանագծման հարցերին՝ Արա Հակոբյանը հիշեցրեց, որ 88-ի շարժումը սկսվեց «միացման» կարգախոսով, հետո դարձավ պայքար՝ ինքնորոշման համար. «Հաղթանակած հայկական կողմը շարժվեց ազատագրված տարածքները Ղարաբաղի կարգավիճակի, ինքնորոշման իրավունքի համար վերադարձնելու բանակցային ճանապարհով: Արդեն այս իշխանական խումբը կազմակերպված պարտությամբ մեր ազգային պետական տարածքները հանձնեց թշնամուն: Այսպիսով, բանակցային գործընթացում արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման համատեքստում չի բարձրացվել Առաջին հանրապետության բռնազավթման եւ բռնակցման խնդիրը, անդրադարձ չի կատարվել Կարսի ապօրինի պայմանագրին, դրանով ուրվագծված սովետական վարչական եւ արտաքին սահմաններին: Եվ այժմ նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի կապիտուլյացիոն փաստաթղթերով փաստորեն համաձայնություն է տրվում այդ ապօրինի սահմաններով սահմանագծում եւ սահմանազատում իրականացնելուն: Դա նշանակում է, որ Կարսի, նաեւ Մոսկվայի՝ 100 տարի առաջ կնքված ապօրինի պայմանագրերի օրինականացում եւ դա նշանակում է, որ մենք հրաժարվում ենք  հայրենազրկման, նաեւ Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման հնարավորությունից, մենք հրաժարվում ենք մեր ազգային եւ պետական տարածքներից»:

Ըստ Արա Հակոբյանի, եռակողմ պայմանագրերը, որոնք ստորագրվել են այս իշխանության կողմից, առ ոչինչ են, կատարման ենթակա չեն Հայաստանի հանրապետության համար. «Մինսկի ձեւաչափն ինչու չի գործում, որովհետեւ այն օրակարգը եւ այն մանդատը, որն ուներ Մինսկի համանախագահների ձեւաչափը, այսօր փաստացի առօրեական չի: Եվ պետք է ոչ թե մտածել այն մասին, որ 3+3 կամ որեւէ այլ կեղծ ձեւաչափեր ձեւավորել, այլ պետք է մտածել այն մասին, որ Մինսկի համանախագահներին ձեւաչափին պետք է տալ նոր լիազորություններ ու նոր մանդատ, որ կարողանա միջազգային իրավունքի շրջանակներում քննարկել ադրբեջանա-թուրքական առաջացած խնդիրները»:

Նա նշեց, որ ԱԺ հայտարարության տեքստում պետք է ներառել նաեւ պահանջ Նիկոլ  Փաշինյանի եւ իր իշխանախմբի հրաժարականի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930