Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Գրիգորյանի հետ ծանոթությունը չի ստացվել, բայց բեմ բարձրացավ մեծանուն տենորի ծննդյան հոբելյանին նվիրված գալա համերգին

Նոյեմբեր 26,2021 12:00

Հարցազրույց ռուսաստանաբնակ օպերային տենոր Խաչատուր Բադալյանի հետ

– Խաչատուր Լիպարիտի, օրերս Երեւանի օպերային թատրոնում կայացավ համաշխարհային ճանաչման արժանացած օպերային տենոր Գեղամ Գրիգորյանի ծննդյան 70-ամյակին նվիրված գալա համերգը, որտեղ ելույթ ունեցան հայաստանաբնակ եւ արտերկրում իրենց կարիերան շարունակող մեր հիանալի ձայները, ինչպես նաեւ դուք։ Ընդ որում, օպերային արվեստի երկրպագուների համար դուք միանշանակ երեկոյի հայտնությունն էիք։ Վերջին շրջանում հետեւելով ռուսաստանյան ԶԼՄ-ներին, տեղեկացված ենք, որ ցանկալի հյուր եք ոչ միայն ռուսաստանյան թատրոններում, այլեւ արեւմտյան։ Ընդամենը գիտենք, որ առաջին անգամ բեմ եք բարձրացել 2007թ.՝ 24 տարեկանում, Մոսկվայի «Նովայա օպերա» թատրոնում՝ Լոհենգրինի դերերգով, Վագների համանուն օպերայում, որից հետո, ուղիղ ասած՝ հրավերների տարափ է տեղացել ոչ միայն ռուսաստանյան, այլեւ արեւմտյան հեղինակավոր թատրոններից։

Այսպես. «Բոլշոյում» Ռոդոֆոյի կերպարն եք մարմնավորել Պուչինիի «Բոհեմում», Վոդեմոնինը՝ Չայկովսկու «Իոլանտայում», նույն թատրոնում դարձյալ Ռոդոլֆո եք երգել Դուրգարյանի ղեկավարությամբ եւ այլն։ Ի դեպ, ձեզ նկատել է Վալերի Գերգիեւը, որի ղեկավարությամբ մեկնաբանել եք տենորի պարտիան Վերդիի «Ռեքվիեմի» բեմականացված տարբերակում։ Ֆաուստի դերերգի համար՝ Գունոյի համանուն օպերայում, հանրահայտ Աննա Նետրեբկոյի հետ ներկայացվել եք «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությունում… Հետաքրքիր է իմանալ, թե ծնվել-ապրելով Հյուսիսային Օսեթիայում, ինչպե՞ս հասաք հեղինակավոր բեմեր։ Մի բան էլ. առաջին անգամ եք հայրենիքում, գոնե մասնագիտական խորհրդի համար երբեւէ չեք այցելել Երեւան, մանավանդ որ ունենք վոկալի հիանալի մասնագետներ, իսկ հայ օպերային ձայները վաղուց հայտնի են աշխարհում։


– Չգիտեմ նույնիսկ որտեղից սկսել։ 16 տարեկանում հորս հետ որոշեցի եւ եկանք Երեւան, ուղիղ Գեղամ Միհրանիչի մոտ։ Այստեղ տեղեկացանք, որ նա հանրապետությունում չէ։ Բնականաբար, վերադարձանք Օսեթիա։ Չասեմ մանկուց, բայց պատանի տարիքից ագահորեն լսում էի Պավարոտիի, Դոմինգոյի եւ մյուս համաշխարհային տենորների ձայնագրությունները։ Մոռացա նշել, որ հայրս, որ մասնագիտությամբ ֆիզիկոս էր, մինչ Երեւան գալը կեսկատակ-կեսլուրջ ասաց՝ տես, եթե Գեղամ Գրիգորյանը քեզ լսի ու ասի, որ դու ոչ թե տենոր ես, այլ բարիտոն, այդժամ անիմաստ կլինի վոկալում խորանալը։ Թույլ տվեք այստեղ ներողամտությունս հայցել բարիտոն գործընկերից… Ի դեպ, տարիներ անց Գեղամ Միհրանիչին հանդիպեցի Մարիինյան թատրոնում, բայց անհարմար զգացի մոտենալ։ Մտածում էի՝ կծանոթացնեն, բայց… Իսկ Գեղամ Միհրանիչի հիշատակի հոբելյանական երեկոյին հանդես եկա իսպանացի կոմպոզիտոր Սարո Զաբալի La tabernera del Puerto ստեղծագործությունից Սամսուելլայի արիայի կատարմամբ, որը շատ էր սիրում հայրս։ Ափսոս, որ նա արդեն երկու տարի մեզ հետ չէ։ Դուք նշեցիք, որ ես հանդես եմ եկել «Բոլշոյում»՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։ Ավելացնեմ միայն, որ ինձ համար դա իսկապես բախտավորություն էր։ Առաջին անգամ Սիցիլիայում եմ հանդիպել հիանալի բաս Գեւորգ Հակոբյանին։ Ընդ որում, այնտեղ կնոջս հետ անցկացնում էինք մեր մեղրամիսը։ Իսկ Գեւորգը, ինչպես միշտ, պարզապես փայլեց, այդ անգամ՝ Մասկանիի «Գեղջկական պատիվ» օպերայում։

Ձեր հարցում ենթատեքստ նկատեցի. հատուկ շեշտադրեցիք, որ ծնվել եմ Օսեթիայում եւ երբեւէ չեմ դիմել վոկալի հայ մասնագետներին։ Հիմա պարզաբանեմ. սովորում էի երկու բուհում. համալսարանում՝ համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում եւ կոնսերվատորիայում։ Ավարտելուց հետո որոշեցի գնալ Մոսկվա, որտեղ գործում էր ճանաչված երգիչ Վլադիսլավ Պիավկոյի ղեկավարությամբ «Տենորների շքերթ» կազմակերպությունը, ընդգրկված էր շուրջ 10 երգիչ։ Առաջին համերգներից հետո ինձ նկատեցին եւ հրավիրեցին «Նովայա օպերա» թատրոն։ Հետո, ինչպես նշեցիք, բեմ եմ բարձրացել ռուսաստանյան այլ թատրոններում եւս։ Արդյունքում ինձ նկատեց իտալացի իմպրեսարիոն, ում հետ մի քանի տարի համագործակցել եմ։ Եվ սկսվեց իմ բեմելը ոչ միայն եվրոպական, այլեւ ամերիկյան բեմերում։ Հանդես եմ եկել Լենսկիի դերերգով՝ Չայկովսկու «Եվգենի Օնեգինում», Բիզեի «Կարմենում»՝ Դոն Խոսե, մարմնավորել եմ Ալֆրեդոյի կերպարը Վերդիի «Տրավիատայում»… երկար կտեւի թվարկումը, մանավանդ մի քանիսն էլ դուք նշեցիք։ Եթե հետաքրքիր է, ասեմ նաեւ, որ կային ժամանակներ, երբ ինձ ձգում էին մրցույթները։ Հաղթող եմ ճանաչվել Գալինա Վիշնեւսկայայի, Իտալիայում՝ Մարչելլո Ջորդանիիի անվան եւ այլն։ Ասացիք, որ 2007-ին է կայացել իմ դեբյուտը «Նովայա օպերայում»։ Կուզեի նշել նաեւ մեկ այլ դեբյուտի մասին. դա 2012-ին էր, Մարիննյան թատրոնում…

– Պարզ է, Վալերի Գերգիեւն էլ ծնունդով Հյուսիսային Օսեթիայից է։ Կասե՞ք ինչու ռուսաստանյան մամուլը ձեզ ներկայացնում է «հայկական արմատներով ռուս տենոր»։

– Հարցի առաջին մասում դարձյալ նկատեցի ենթատեքստ։ Բնականաբար, մաեստրո Գերգիեւը իմ համերկրացին է եւ դրանով ամեն ինչ ասված է։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, հայրս ու մայրս հայ են, ծնվել եմ Հյուսիսային Օսեթիայում, կարիերաս սկսել Ռուսաստանում։ Կինս էլ հայուհի է, ջազ-վոկալի մասնագետ։ Իսկ որդիս՝ 3-ամյա Դավիթը, երազում է դառնալ ավտոմեքենաներ ստեղծող, դիզայներ (ժպտում է)։ Գիտե՞ք, թե ինչ աննկարագրելի էմոցիաներ ունեցա Երեւանում։ Ես ձեզ հավատացնում եմ՝ ճիշտ է, չեմ կարող արտահայտվել, բայց այստեղ ամեն ինչ հարազատ է, կարծես տանը լինեմ։ Պարզ է, սա իմ հայրենիքն է։

– Իսկ հաջորդ բեմելը հայրենիքում ե՞րբ կկայանա։

– Երեւանյան բեմելից հետո դեռ չեմ հանդիպել մաեստրո Դուրգարյանի հետ, ցանկությունս շա՜տ մեծ է։ Բայց դա պարզ կլինի նրա հետ հանդիպում-քննարկումներից հետո։

– Բացի քննարկումները, առկա է նաեւ «նորին գերազանցություն» քովիդը։

– Ինչքան հասցրեցի նկատել, երեւանյան մշակութային կյանքում քովիդի դերը որոշիչ չէ։ Վերջերս Հոնկոնգում էի, այնտեղ օրացուցային 21 օր կարանտին եմ նստել միայնակ, հյուրանոցային համարում, որից հետո միայն հանդես եկա Պուչինիի «Մադամ Բաթերֆլայում»։ Արդեն խելագարվում էի (ժպտում է)…

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
25.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930