Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը նշել է ռազմագերիների եւ պատանդառվածների հայրենադարձման հարցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը

Դեկտեմբեր 09,2021 15:10 Share

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չապագայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել ֆեդերացիայի դերը Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ազգային ընկերությունների կարողությունների զարգացման եւ բնական աղետների դիմակայման գործում:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ պատվիրակությունը շատ բարդ ժամանակաշրջանում է եկել Հայաստան, երբ դեռ կրում ենք Թուրքիայի ու վարձկանների օգնությամբ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետեւանքները եւ բազում չլուծված հարցեր կան:

Զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի բերած հումանիտար խնդիրներին` դրանց կարգավորման առումով կարեւորելով Ֆեդերացիայի մանդատը:

ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին տեղեկացրել է գերեվարվածների եւ անհետ կորածների ծնողների հետ երեկվա հանդիպման մասին: Ալեն Սիմոնյանը նշել է ռազմագերիների եւ պատանդառվածների հայրենադարձման հարցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը: Այս համատեքստում նա շեշտել է համապատասխան հարթակներում հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու հարցի առաջնայնությունը:

Կարմիր Խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին փոխանցել ՀՀ ԱԺ նախագահի խոսքը:

Հանդիպմանը զրույց է ծավալվել տեղահանվածների խնդիրների, համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակի, կարիքների գնահատման եւ լուծումների շուրջ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել