Ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով այսօր կառավարությունը որոշեց ընտանիքում ծնված 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան առիթով դրամական աջակցություն տալ՝ ամսական 50 000 դրամի չափով, մինչեւ երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ: Հարցը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Նրա խոսքով, ներկայումս գործող կարգավորումներով՝ երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ է։ Որոշման շահառուներ կարող են դառնալ 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ ծնված երեխաները։
Նախարարը նաեւ հայտնեց, որ երկվորյակ կամ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար: Դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի միջոցով։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս վճարումը չի ազդելու երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա:
Հիշեցնենք, որ երրորդ երեխայի ծնվելու դեպքում նախատեսված է 1 միլիոն դրամի միանվագ աջակցություն:
Կարդացեք նաև
Ըստ Փաշինյանի, սա նաեւ չի ազդում մինչեւ 2 տարեկան դառնալը երեխայի խնամքի նպաստի վրա: Բայց, փոխարենը կարող է ազդել նպաստ ստացող քաղաքացիների աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ