Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին կառաջադրվի Լեւոն Հովհաննիսյանը, թաղապետերը կփոխվեն

Դեկտեմբեր 25,2021 13:17

Այսօր Երեւանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունն էր, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հրաչյա Սարգսյանն արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կադրային փոփոխություն է իրականացնելու, այդ թվում՝ վարչական շրջանների ղեկավարների։ Սակայն Շենգավիթ վարչական շրջանի  ղեկավարը կշարունակի պաշտոնավարել, նրա աշխատանքից, ինչպես Սարգսյանն ասաց, շատ գոհ է։

Թե վարչական որ շրջանների ղեկավարները հրաժեշտ կտան պաշտոնին, քաղաքապետը չասաց։

Նա նախատեսում է քաղաքապետի տեղակալներին էլ փոփոխել, առաջին տեղակալի պաշտոնին առաջարկելու է ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լեւոն Հովհաննիսյանին։

«Նա ֆինանսական համակարգում մեծ փորձ ունի, վստահ եմ՝ այդ պաշտոնում մեծ աջակցություն է ցուցաբերելու մեր թիմին, նպաստելու է Երեւանի զարգացմանը։ Մյուս տեղակալների փոփոխություններ կլինեն, բայց դեռ որոշում չկա»,-ասաց քաղաքապետը։

Քաղաքապետարանի աշխատակազմում եւս կադրային փոփոխություններ կարվեն, Հրաչյա Սարգսյանի կարծիքով՝ ցանկացած կառավարիչ իր ոճով է կառավարում եւ ուզում է տեսնել մարդկանց, որոնք համահունչ են իր կառավարմանը։

Նա նաեւ վստահեցրեց, որ իր եկամտի միակ աղբյուրը աշխատավարձն է։ Պարգեւավճարներ կլինեն, թե՝ ոչ, քաղաքապետն ասաց․«Աշխատավարձի բարձրացումից հետո պարգեւավճարներ  որպես այդպիսին չեն եղել, մեկ -մեկ դեպքեր են եղել»։
Ասաց, որ անվտանգության աշխատակիցների կարիք էլ չունի։

Ծրագրերի իրականացման մասին էլ ասաց՝ որքան լավ հիմքեր են լինում  դրած, այնքան հեշտ է լինում հաջորդ քաղաքապետի համար գործընթացներին  եւ զարգացմանը մասնակցել․« Ես ունեմ տեսլական, որը տեղավորվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, որը պետք է առաջ տանենք»։

Արդյո՞ք Հայկ Մարությանը դրել է այդ լավ հիմքերը, հարցին ի պատասխան Սարգսյանն ասաց․«Երբ պաշտոնավարման տարում էինք, Երեւանի քաղաքապետարանում շատ քիչ ստորաբաժանումներ կային, որոնք պայմանականորեն ասած՝ ինստիտուցիոնալ աշխատում էին ի նպաստ Երեւանի։ Այս պահին մենք 1-2  քայլ առաջ ենք։ Սա թիմային աշխատանք է,  բոլորն ունեն իրենց մասնակցությունն բոլոր ծրագրերում իրենց պատասխանատվության շրջանակներում։ Արձանագրում եմ, որ մենք բարեփոխումներ իրականացրել ենք, հիմա էլ ավելի արագ տեմպերով ենք անելու»։

Տրանսպորտի բարեփոխումների մասին էլ ասաց, որ   հարյուր հատ տասներկու մետրանոց ավտոբուսներ են ձեռք բերելու, մրցույթն ընթացքի մեջ է, բոլորը կահավորված են տեսախցիկներով։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031