Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Գյումրու կենտրոնում 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի սպանության մեջ կասկածվողը․ մանրամասներ

Դեկտեմբեր 29,2021 11:25

Գյումրու Բագրատունյաց օղակում 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի սպանության մեջ արդեն կասկածյալ կա․ նա 1972 թվականին ծնված՝ Երևանի Դավթաշեն թաղամասի բնակիչ է, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Կասկածյալը բնակվում է Դավիթաշենում, սակայն գյումրեցի է՝ Արցախ թաղամասից, իր բակում «կրիստալ» թմրամիջոց աճեցնելուց և ոստիկանության կողմից հայտնաբերվելուց հետո բնակության է տեղափոխվել Երևան։

Նա Անահիտ Իսկանդարյանին պատկանող շորերի խանութում կտրել էր նրա կոկորդը, թալանել պայուսակը, գողացել հեռախոսը։

Կասկածյալն Անահիտ Իսկանդարյանին պատկանող իրերը Գյումրու Երևանյան խճուղու վերջնամասում վառել էր, դանակն էլ, որով կտրել է կնոջ կոկորդը, գցել էր մի կողմ։ Այս մասին նա խոստովանել է իրեն հայտնաբերած ու բերման ենթարկած իրավապահներին։

Նա ասել է, թե 10 տարի առաջ ֆինանսական պարտք ու պահանջ է ունեցել Անահիտ Իսկանդարյանի հետ․ ինչը իրավապահները պարզում են։

Aravot.am-ի տեղեկություններով, կասկածյալն ամիսներ առաջ բռնվել էր Գյումրիի իրավապահների կողմից՝ կրիստալ տեսակի թմրանյութ պահելու ու օգտագործելու համար, հարուցվել է քրգործ, որն ուղարկվել է դատարան։

Հիշեցնենք, որ սպանված Անահիտ Իսկանդարյանը 9 տարի առաջ Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրն էր։ Կարեն Եսայանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-դ մասի 8-րդ կետով, սպանություն՝ զուգորդված ավազակային հարձակմամբ։

ՀՀ ոստիկանության պաշտոնական էջում ևս մանրամասներ են հաղորդվում դեպքի շուրջ։

«Դեկտեմբերի 28-ին, ժամը 13.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Բագրատունյաց օղակում գտնվող խանութի մոտ մահացած մարդ կա:

Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Բագրատունյաց օղակ թիվ 2/9 հասցեի հագուստի խանութ-սրահում հայտնաբերեց 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին:

Դիակի արտաքին զննությամբ պարանոցի առաջնային հատվածում հայտնաբերվեցին կտրած վերքեր:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։ Նա նույն օրը հայտնաբերվեց իր բնակարանում ու, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին։ Բերման ենթարկվածը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն և տվել խոստովանական ցուցմունք։

Պարզվել է, որ գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով, 50-ամյա տղամարդը դեկտեմբերի 28-ին, ժամը 12.30-ի սահմաններում, գնացել է 63-ամյա կնոջը պատկանող՝ Բագրատունյաց օղակում գործող հագուստի սրահ, որտեղ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է նրա պարանոցին, սրահից վերցրել է սպանվածի պայուսակն ու բջջային հեռախոսը և փախել։ Իր հետ վերցրածն այրել է Երևանյան խճուղու վերջնամասում, իսկ դանակը նետել է Գյումրի-Երևան ճանապարհին:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

50-ամյա տղամարդը ձերբակալվել է։

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է», -գրված է ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ»։

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է «Գյումրու շտապ բուժական օգնություն» ՓԲԸ-ից 2021թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 13:50-ին, որով ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժինը տեղեկացվել է, որ Գյումրի քաղաքի Բագրատունյաց փողոցում գործող հագուստի սրահում հայտնաբերվել է կնոջ դի:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ նշված հագուստի սրահի հատակին հայտնաբերվել է Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչուհու դիակը՝ պարանոցի առաջնային մակերեսին հորիզոնական կտրած վերքերով:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի, դիակի զննություն, վերցվել են նմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել են առգրավումներ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1972թ. ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ 63-ամյա կնոջ սպանության կասկածանքով և տվել է ինքնախոստովանական ցուցմունք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031