Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ոչ թե 10-15 հոգով, այլ 4-5 հոգանոց տաք սենյակներում եք ապրելու»․ պաշտոնյան՝ բողոքի ցույց անող անօթեւաններին

Հունվար 03,2022 13:37

Ինչպես հայտնել էինք, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության դիմաց այսօր բողոքի ցույց էին անում Վարդաշենի տուն-ինտերնատի շահառուները, որոնք դեռեւս դեկտեմբերի 31-ին պետք է տեղափոխված լինեին թիվ 1 տուն-ինտերնատ, բայց համաձայն չեն։

Հիշեցնենք՝ տոներից առաջ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել էր, որ կհոգա «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի շահառուների տեղափոխումը «Երևանի N1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնաշենք, իսկ մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ հիմնադրամը թույլ է տվել մի շարք լուրջ խախտումներ և բացթողումներ, շահառուների ընտրությունն իրականացրել է օրենսդրության կոպիտ խախտումներով․ օրինակ՝ որպես շահառու ընդգրկվել են քաղաքացիներ, ովքեր ոչ հաշմանդամություն ունեցող անձ են և ոչ էլ տարեց, բացի այդ, եղել են նաև քաղաքացիներ՝ տուբերկուլյոզ կամ շիզոֆրենիա ախտորոշմամբ։

Նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ ներկայացած Հայկ Հարությունյանը կրկին մոտեցավ ցուցարարներին եւ առաջարկեց առանց լրագրողների ընդունելություն։ Անօթեւանները կրկին պնդեցին, որ իրենց հետ լրագրողներ բարձրանան։ Պաշտոնյան ասաց՝ ոչ։ «Մենք մեր ներքին կարգուկանոնն ունենք։ Կարո՞ղ է մտածում եք մենք ձեզ խաբելու ենք։ Որեւէ մեկը ձեզ չի խաբելու։ Ձեր խնդրանքը պետք է տեղավորվի մեր ներքին կարգուկանոնի մեջ։ Եկեք, համեցեք։ Մենք ձեզ ու ձեր իրավունքներն այնքան ենք հարգում, որ մտածել ենք ձեր մասին, գիշեր-ցերեկ գույքը տեղափոխել, շենքը պատրաստել ձեր համար, որ գնաք ու ապրեք տաք սենյակներում»,-Yerkir.am-ի ուղիղ եթերում հայտարարեց Հայկ Հարությունյանը։

«Ոչ թե 10-15 հոգով, ինչպես «Կոֆոեդ»-ում էր, այլ 4-5 հոգանոց սենյակներում։ Դուք ճիշտ չեք տեղեկացված, 70 հոգուն մեկ բաղնիք-զուգարան չի հասնում։ Իրականում 5-6, իսկ ամենաշատը՝ 8 հոգուն մեկ բաղնիք-զուգարան է հասնում։ Այսպիսի շատ ուրիշ հարմարությունների մասին է խոսքը։ Եթե չպարզաբանված հարցեր ունեք, նորից խնդրում եմ, որ երկու հոգով բարձրանաք վերեւ։ Երկու շահառու, երկու աշխատակից՝ առանց լրագրողների։ Մենք իրենց չենք կարող ընդունել»,-ասաց պաշտոնյան։

Ապա անօթեւաններից մեկն ասաց, որ դեկտեմբերի երեսունմեկին նախարարության աշխատակիցն իրենց տեղեկացրել է, որ թիվ 1 տուն-ինտերնատը մասնակի է նորոգված, եւ նորոգման մյուս աշխատանքները կկատարվեն իրենց տեղափոխումից հետո՝ մինչեւ մարտ։ Հայկ Հարությունյանը պատասխանեց, որ դա լրացուցիչ հարց է, ուստի նորից հրավիրում է ներս՝ քննարկման․ «Եկեք խոսենք, հետո կգաք, ձեր բառերով ամեն ինչ կպատմեք լրագրողներին»։

Պաշտոնյան հեռացավ, ցուցարարներն առաջարկն անպատասխան թողեցին։ Ավելի ուշ չորս հոգով համաձայնեցին բարձրանալ վերեւ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31