Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենդանաբանական այգում կենդանիներ են անկել, արջերն իրար գզել են»․ ցույց այգու տնօրինության դեմ

Հունվար 31,2022 17:30

«2018-19 թվականներից ցույցերի եմ մասնակցել, երբ կենդանաբանական այգու տնօրենը Ռուբեն Խաչատրյանն էր։ Նրա աշխատաոճից ենք դժգոհել, նրան հեռացրեցին, Վլադիմիր Սիմոնյանին, որը Խաչատրյանի օրոք էր ընդունվել, նշանակեցին այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հետո նրան էլ հանեցին, նշանակեցին Ռուբեն Խաչատրյանի հետ աշխատող, միջազգային կապերը ներկայացնող Արեւիկ Մկրտչյանին, որը Ռուբեն Խաչատրյանի շարունակությունն է»,-այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կենդանաբանական այգու մոտ բողոքի ցույց անող Անուշ Ռաֆայելյանը, որը այգու նախկին աշխատակիցն է։

Անուշ Ռաֆայելյան

Նա ասաց, որ Արեւիկ Մկրտչյանն էլ նույն աշխատաոճով է աշխատում․« Ամեն ինչ կրկնվում է, կրկնվում են կենդանիների անկումները, աշխատակիցների հեռացումը։ Մեկ ամսում աշխատողների 20-25%-ը դուրս է եկել գործից»։

Անուշ Ռաֆայելյանի խոսքով՝ այգում անկել են սիբիրյան լուսանը, անգղերը, արջերն իրար գզել են։ Նրա կարծիքով՝ այս ամենը դիտավորյալ է արվում, որպեսզի այգին փակվի, տարածքի վրա, ըստ Ռաֆայելյանի, կառուցապատողները աչք են դրել։ Բացի սրանից, նա մի քանի այլ վարկածներ էլ ներկայացրեց․ «Հավանական է, որ Ռուբեն Խաչատրյանն իր հիմնադրամով կարող է կենդանիներ բերել, այստեղ վարձով տա, կամ էլ այգին տան վարձակալության, դառնա մասնավոր»։

Մորուքավոր անգղի լուսանկարը՝ Երեւանի կենդանաբանական այգու ՖԲ էջից

Անուշ Ռաֆայելյանի վստահեցմամբ․ «Մորուքավոր անգղերի բազմացող զույգեր կային, եզակի բան է, աշխարհում մի քանի երկրում են բազմանումԼ Մենք մի անգղով մի ինքնաթիռ կենդանի էինք փոխանակում։ Մորուքավոր անգղերը Ռուբեն Խաչատրյանը իր հիմնադրամի հետ փոխանակեց, տեղն ինչ-որ կրիաներ, խոտանված, կռտած կենդանիներ բերեց, դրեց տեղն ու գնաց։ Հիմա էլ լուրեր կան, որ մորուքավոր անգղերից մեկը անկել է։ Չորս սպիտակագլուխ, երկու սեւ անգղերն էլ անկել են։ Յուրաքանչյուրը մոտ տասը հազար դոլարի արժեք ունեն, էնդեմիկ են»։

Բողոքի ցույցին Անուշ Ռաֆայելյանի հետ մասնակցում էին այգու եւս երկու աշխատակիցներ։ Նախապես պայմանավորվել էին, որ ավելի շատ մարդ պետք է մասնակցի, սակայն, այգու կառավարման խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել, ինչի պատճառով, ըստ շատերը խուսափել են մասնակցել ցույցին։

Այգու շահագործման բաժնի տասը տարվա աշխատակից Սարգիս Շարամարյանն էլ ասաց, որ իր վրա հոգեբանական ճնշում է գործադրվում, այգու ղեկավարությունն այնպես է անում, որ զզվի՝ թողնի, դուրս գա։

Մեկ այլ աշխատակից էլ, որը Սեդրակ անունով ներկայացավ, պատմեց, որ հունվարի 3-ին աշխատանքի չի ներկայացել, հաջորդ օրն էլ ներկայանալով աշխատանքի, պատճառաբանել է, որ հիվանդ է եղել, սակայն բժշկի թուղթ չի ունեցել, ինչի համար նրան կշտամբել է փոխտնօրենը․ «Առուշանյանն ասաց՝ դիմումդ գրի ս․․․․․դ քաշիր։ Ու քաղաքապետարանում լավ տեղյակ են էս խառը վիճակից, ոչ մեկը չի գալիս, որ տեսնի՝ ինչ է կատարվում, լարվածությունը թուլացնի»։

Անուշ Ռաֆայելյանն էլ հավելեց, որ այգում շատ ապօրինություններ են տեղի ունենում, օրինակ՝ աշխատողների աշխատավարձից պահումներ են անում․ «Ընդամենը 90 հազար դրամ ստացող մի աշխատողից 50 հազար դրամ են պահել, կենդանու բաժնից մեկ բանան ուտելու համար»։

Հիշեցնենք, որ Երեւանի կենդանաբանական այգու կառավարման խորհուրդն այսօր հայտարարություն է տարածել, որով ցույցի մասնակիցներին կոչ է արել չստուգված տեղեկություններ չտարածել։ Իսկ անգղերի անկման պատճառները պարզելու համար լաբորատոր հետազոտություններ են կատարվում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31