Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Շուտով կասֆալտապատվեն Գյումրու Անի թաղամասի՝ ցեխի մեջ կորած բոլոր փողոցները

Հունվար 31,2022 23:20

Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ օրերը տաքանալուն պես կապիտալ վերանորոգման կենթարկվեն Գյումրու Անի թաղամասի բոլոր փողոցները՝ թե՛ գլխավոր, և թե՛ երկրորդական։ Ըստ ճարտարապետի, մի քանի ֆինանսական աղբյուրներ կան։

«Մենք ՎԶԲ-ին՝Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին էինք դիմել, որոշել ենք ասֆալտապատել, բարեկարգել Անի թաղամասի բոլոր փողոցները, երևի թե մեզ կմիանա KFW գերմանական բանկը, որի միջոցով այդ նույն թաղամասի ջրագծերն են փոխվում։

Մենք շուտով կսկսենք այդ աշխատանքները, կապիտալ վերանորոգման կենթարկվեն նաև երկրորդական փողոցները։ Ենթակառուցվածքներն ենք բարեկարգելու, սկսել ու ենք նաև բակերի բարեկարգման աշխատանքները։ Ծրագիր ունենք, որպեսզի շենքի բակերը վերադարձնենք իրենց տիրոջը՝ ժողովրդին։

Այդ թաղամասում ավտոտնակներ կան տեղադրված՝ ցաքուցրիվ, մենք այդ հարցը կկարգավորենք, ավտոտնակների որոշ մասը կհեռացնենք, կան նաև հողազավթումներ մայթերի վրա, նույնպես կվերացնենք, կբերենք պատշաճ տեսքի։

Անի թաղամասի որ փողոցում որ ջրագծերի վրա տարվող աշխատանքներն ավարտեցին, անմիջապես ասֆալտապատելու ենք։

KFW-ն, ըստ պայմանավորվածության, թաղամասի որ ասֆալատապատ հատվածը քանդեր, պարտավորվում էր ասֆալտապատել, բայց քանի որ սա նոր ծրագիր է, մենք ուզում ենք իրենց ֆինանսական միջոցները ներգրավել և կապիտալ վերանորոգել թաղամասի փողոցները»,-ասաց Հենրիկ Գասպարյանը։

Մեր հարցին՝ հաշվարկ կատարվա՞ծ է՝ ինչքան գումար է անհրաժեշտ ասֆալտապատման համար, քաղաքի գլխավոր ճարտարապետն ասաց՝ այս պահին գումարի հստակ չափ չի կարող ասել, որովհետև ֆինանսական աղբյուրներն են ճշգրտում, թե որտեղից ինչքան գումար ձեռք կբերեն։

«Ձեռք կբերենք ՎԶԲ-ից, սուբվենցիոն ծրագրի հայտ ենք ներկայացրել, որ սուբվենցիա ստանանք այս նպատակի համար, մեր համայնքի բյուջեից ներդրում կանենք և նաև օգտագործելու ենք KFW-ի միջոցները»,-ասաց Հենրիկ Գասպարյանը։

Նշենք, որ այս թաղամասի փողոցները խայտառակ վիճակում են՝ անանցանելի, ցեխի մեջ կորած, ջրմուղի կողմից խմելու ջրագծերի անցկացման աշխատանքերից հետո ավելի վատ վիճակում են հայտնվել։ Ցեխոտ ու քարուքանդ փողոցների պատճառով այն դարձել է ապրելու համար ամենատհաճ թաղամասը։

Նշենք նաև, որ Անի թաղամասը կառուցվել է երկրաշարժից հետո, այն ամենամեծ բազմաբնակարանային թաղամասն է, այստեղ է գտնվում նաև Շիրակի պետական համալսարանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31