Լրահոս
Օրվա լրահոսը

«6-ի գործով» ներգրավված է հաշմանդամ կին

Մայիս 14,2026 13:00 Share

3-րդ կարգի հաշմանդամ, միայնակ մայր Ռուբինա Չարչօղլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, եղբոր հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, պաշտոնատար անձ հանդիսացող’ Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի կողմից ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իր օգտին հովանավորչության համար նրան անձամբ տվել է կաշառք (ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր): Իսկ ճարտարապետը մեղադրվում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության, 4,000,000 ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնական կեղծիք կատարելու համար:

Ռ.Չարչօղլյանի հետ քրեական գործով անցնում են Հենրիկ Գասպարյանը, Սևակ Գոմցյանը, Կարապետ Մուրադյանը, Դավիթ Նիկողոսյանը և Արտակ Ադամյանը: ՀԿԴ/0059/01/26 քրեական գործը դատարանում է այս տարվա մարտի 3-ից: Հենրիկ Գասպարյանի, Դավիթ Նիկողոսյանի  նկատմամբ ընտրվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը, Սևակ Գոմցյանի նկատմամբ, Արտակ Ադամյանի (նաև գրավ) և Կարապետ Մուրադյանի նկատմամբ ՀՀ-ից բացակայելու արգելքը:
Քրեական գործով ներգրավված թոշակառու, տեղաշարժման խնդիրներ ունեցող միակ կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Նրա պաշտպանությունն իրականացնում է Հանրային պաշտպան Կարինե Խաչատրյանը:

Տիկ. Ռուբինան չի ընդունում իրեն մեղսագրված արարքը, նա «Առավոտի» հետ զրույցոմ ասաց, որ չի ճանաչել գլխավոր ճարտարապետին: Նա տեղեկացրեց, որ անցած տարվա հոկտեմբերի 20-ից իր հեռախոսը, պայուսակը, բանալիները, ակնոցը, այդի քարտը քննիչ Լևոն Նազարյանի մոտ է: Նաև տեղեկացրեց, որ ինքն է հայցով դիմել դատարան` Գյումրու քաղաքապետարանի դեմ, շինության բակը աճուրդով ուրիշի տիրապետմանն անցնելու համար: Դիմել էր վարչական դատարան, սակայն հետագայում հայցադիմումը հայտնվել է քաղաքացիական դատարանի վարույթում /Մարալիկի նստավայր/: Այդ գործով մարզի դատարանն արձանագրել էր` Դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորը հայցի փաստական հիմքում թեև վկայակոչել է աճուրդի անցկացման օրենքով նախատեսված ընթացակարգի խախտում, սակայն, ինչպես նշվել է վերևում՝ աճուրդի վիճարկման պահանջ չի ներկայացվել։ Տվյալ դեպքում, հայցվորը վիճարկել է նաև վարչարարության արդյունքում հողամասը աճուրդում հաղթող անձին հանձնելու փաստի վերաբերյալ ընդունված վարչական ակտը։ Ընդ որում, նշված որոշումը կայացնելիս Գյումրու համայնքի ղեկավարը հանդես է եկել որպես հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմին, ով իրավասություն ունի հողամասը հանձնելու վերաբերյալ որոշում կայացնելու, իսկ նման որոշում կայացնելու լիազորությունն օրենսդրությամբ չի կարող վերապահվել որևէ քաղաքացիաիրավական մասնավոր սուբյեկտի: Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ ներկայացված հայցադիմումով հայցվորը վիճարկել է համայնքի ղեկավարի գործողությունների՝ վարչարարության իրավաչափությունը, և որպես այն գործողությունների՝ վարչարարության ամփոփման արդյունք՝ վիճարկվող վարչական ակտի ընդունումը, ընդ որում՝ նշված ակտի ընդունման արդյունքում խախտվել է հայցվորի իրավունքը: Տվյալ  դեպքում, հայցվորը վիճարկում է ոչ թե վարչարարության արդյունքում կայացված աճուրդը, այլ համայնքի ղեկավարի գործողությունը՝ որպես ոչ իրավաչափ վարչարարություն։ Դատարանին խնդրել է առոչինչ ճանաչել այնպիսի մի որոշում, որը ըստ հայցվորի՝ հանդիսանում է վարչական ակտ…

Հայցով տիկ. Ռուբինան պահանջել էր անվավեր համարել քաղաքապետի 08.06.2021թ. թիվ 1382-Ա որոշումը, 01.06.2021 թվականի թիվ 29 արձանագրութունը, 10.06.2021 թվականի թիվ թիվ 1382-Ա անշարժ գույքի առք ու վաճառքի պայմանագիրը, կադաստրի կողմից տրված թիվ 15062021-08-0069 վկայականը: Այդ հայցն էլ դատարանում է 2025թ. նոյեմբերի 14-ից:

Տղան նույնպես հաշմանդամ է, մեքենայի տակ ընկնելու հետևանքով ունեն անժամկետ հաշմանդամության կարգ…Դատարանն անգամ պետտուրքի վճարումից է ազատել նրան, հաստատված համարել ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունենալու հանգամանքը։ Ու առնվազն տարակուսելի է նրա կողմից կաշառք տալու մեղադրանքը…Չունենալով հնարավորություն՝ նա մարզի դատարանում նշանակված նախնական դատական նիստին չի կարողացել ներկա գտնվել, իսկ Հակակոռուպցիոն դատարան էլ գալու օրը, Երևան գալով է իմացել, որ նիստը հետաձգվել է…

Դատավորն է Վահե Դոլմազյանը, հանրային մեղադրողներն են
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական  վարույթի օրինականության նկատմամբ  հսկողության վարչության դատախազ Արթուր Դանիելյանը և նույն վարչության պետի տեղակալ Գորիկ Հովակիմյանը:

Ապրիլի 23-ին նշանակված նիստը չկայացավ, և այն նշանակվել է մայիսի 25-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031