Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ ծառայողը անչափահասին խեղդամահ անելուց առաջ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ. մանրամասներ դաժան սպանությունից

Փետրվար 01,2022 15:59

2020 թվականի հունվարի 5-ին ՊՆ ծառայողի կողմից 16-ամյա աղջկա սպանության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործը դռնփակ նիստերով ընթանում է դատարանում:

Ռաֆայել Սուքիասյանն ու Արա Սուքիասյանը

Մեղադրյալ Ռաֆայել Սուքիասյանի հայրը՝ Արա Սուքիասյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ գործի քննությունն օբյեկտիվ չի ընթանում:

«Ամբողջ նախաքննությունն ուղղված է եղել միայն տղայիս մեղավոր դարձնելուն: Փորձաքննության բոլոր եզրակացություններն ապացուցում են իր անմեղությունը: Մասնավորապես՝ աղջկա դեմքին եղել է հարվածի հետք, հարվածը, ենթադրվում է, որ եղել է արդուկով: Արդուկի վրայի մատնահետքը, փորձաքննության արդյունքով, Ռաֆայելինը չէ: Քննիչը էլ չի հետաքրքրվել՝ բա ումն է, դա խանգարում է իրենց նպատակաուղղվածությանը, իրենց նպատակն է՝ կոնկրետ բռնել են անտեր մեկին, Ռաֆայելին սարքել են քավության նոխազ, իրենով ուրեմն պետք է գործը փակեն: Ըստ փորձաքննության՝ աղջկա վրայի քրտինքի հետքերն էլ Ռաֆայելինը չեն եղել: Աղջիկը մահացել է ոչ թե արդուկի հարվածից, այլ խեղդամահ է արվել. կոկորդի վրայի խնձորակը ներս է ընկել, ընդ որում, եթե անմիջապես շտապ օգնություն կանչեին, այդ աղջիկը չէր մահանա, բայց, չգիտես ինչու, տանը դեպքի ժամանակ գտնվող եւս երկու հոգին, որոնք կողքի սենյակում են եղել, երեք ժամ հետո են շտապ օգնություն կանչել: Տղաս պնդում է, որ իրեն կանչել էին սպանվածի տուն պլանշետ վերանորոգելու համար, ինքը նաեւ համակարգիչներ էր վերանորոգում։ Նա ասում է, երբ մտա այդ տուն, տեսա՝ ինչ միջավայր է, ինչ ծառայություններ են ինձ առաջարկում, պլանշետը վերցրի, դուրս եկա, որ վերանորոգեմ, հետո վերադարձնեմ։ Քննիչն ասում է, որ տղաս սեռական հարաբերություն է ունեցել այդ աղջկա հետ, իսկ այդ աղջիկն արդեն մեկ տարվա մարմնավաճառ է եղել, դա հաստատվել է»,- պատմեց Արա Սուքիասյանը:

Մեր զրուցակցի տվյալներով, ըստ մեղադրանքի, իր որդու ու սպանվածի սեռական հարաբերությունը նկարահանվել է հենց այն պլանշետով, որն իր որդու ձեռքին է հայտնվել, նկարողները շանտաժ են արել, թե կուղարկեն նրա սիրած աղջկան, տղան էլ վերցրել է նկարահանածը վերացնելու համար. «Վկաների ցուցմուքնները հակասական են, պատմում են, թե գտնվել են կողքի սենյակում, ձայն ու աղմուկ չի եղել, իսկ դրանից հետո, երբ իրենց սենյակից դուրս են եկել, մտել այդ աղջկա սենյակ, տեսել են՝ այդ աղջիկն այդպես պառկած է: Իրենց ասելով, տղայիցս հետո այդտեղ էլ հաճախորդ չի եղել։ Իսկ շենքի տեսախցիկների արձանագրությունն էլ քննիչը մեկնաբանում է այսպես՝ զինվորական համազգեստով մարդ մտավ, զինվորական համազգեստով մարդ դուրս եկավ: 8-11 ընկած ժամանակահատվածում միայն տղաս է որպես կասկածյալ մտել, դուրս եկել, քննիչն ուրիշների ելումուտը չի դիտարկում, ասում է՝ էլ դիտարկման ենթակա չէ, կենտրոնացել են տղայիս մեղավորությունն հաստատելու վրա»:

Քանի որ այս գործը դռնփակ է ընթանում, մեղադրական եզրակացությունն այս պահին անհասանելի է որպես դատական գործի մաս, իսկ տուժողը ներկայացուցիչ փաստաբան չունի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28