Լրահոս
Օրվա լրահոսը

Նժդեհն ու ռուս-ադրբեջանական վախերը

Փետրվար 02,2022 12:00

Եվս մի առիթ, որպեսզի ի ցույց դրվի այն մթնոլորտը, որը տիրում է այսօրվա Ռուսաստանում

Հունվարի 28-ին ռուսաստանյան եւ ադրբեջանական լրատվական որոշ ծառայություններ հաղորդեցին այն մասին, թե Մոսկվայում ոստիկանությունն ընդհատել է Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը, որի ցուցադրությունը կազմակերպել էր Ռուսաստանի հայերի միությունը: Ռուսաստանյան լրատվականների շարքում էին օրինակ՝ Regnum-ը, Sputnik-ը, որոնք վկայակոչել էին իրենց աղբյուրները՝ հաղորդելով այդ լուրը: Ըստ այդ տեղեկությունների՝ «ոստիկանությունը ներկաներին ցրել է նացիզմի ռեաբիլիտացման» անթույլատրելիության հոդվածով:

Այն փաստը, որ ադրբեջանական վախերն արտացոլվում են նաեւ Ռուսաստանում, սա արդեն առանձին խոսակցության թեմա է: Ռուսաստանում Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության շուրջ թոհուբոհով մեկ անգամ եւս ապացուցվեց այն անհերքելի փաստը, որ Ռուսաստանում գործում են տարբեր կառույցներ, որոնք սպասարկում են ադրբեջանական շահը:

Ռուսական եւ ադրբեջանական լրատվական կայքերի հաղորդած լուրից ժամեր անց Ռուսաստանի հայերի միությունը հաղորդեց, որ Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց միջադեպերի: Միությունը փաստում էր, որ «կրքերի արհեստական բորբոքումը» ցույց է տալիս, որ ռուսական մի շարք լրատվամիջոցների եւ պետական մարմինների ներկայացուցիչների վարքը թելադրվում է դրսից, այն երկրներից, որտեղ ազգային հերոսներն են Ռասուլզադեն եւ Սաֆարովը: Հայտարարությունում հստակ արձանագրվեց, որ Ռուսաստանի հայերի միությունը քննություն կնախաձեռնի բոլոր այն սադրիչների նկատմամբ, որոնք փորձել են օգտագործելով ֆիլմի ցուցադրության առիթը՝ «սեւացնել մեր կազմակերպությունը, ապականել մեր հերոս նախնիների բարի անունը, որոնք կողք կողքի կռվել են ԽՍՀՄ ժողովուրդների հետ եւ հաղթանակ տարել ֆաշիզմի նկատմամբ»:

Մոսկվայում «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունն անցել է առանց էքսցեսների: Մարկովի եւ նրա նմանների հնչեցրած մնացած բոլոր վարկածները իրենց խավիարի հովանավորների անկատար երազանքն են, նշվում էր Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ, որի թարգմանությունը ներկայացրել էր Պանորաման.

«1. ՌՀՄ Երիտասարդական կենտրոնում «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի հաջող ցուցադրության շուրջ կրքերի արհեստական բորբոքումը վկայում է այն մասին, որ մի շարք ռուսաստանյան լրատվամիջոցների եւ պետական պաշտոնյաների վարքագիծը թելադրված է դրսից՝ մի երկրից, որի պաշտոնական ազգային հերոսներն են Ռասուլզադեն, Վերմախտի ադրբեջանական լեգեոնի հրամանատարը, որը Հայրենական մեծ պատերազմում կռվել է Կարմիր բանակի դեմ Լեհաստանում, ինչպես նաեւ ադրբեջանցի սպա Սաֆարովը, որը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրով սովորելիս 2004 թ. կացնով սպանել է խաղաղ քնած հային:

2. Ընդհանուր առմամբ ՏՀՄ-ում ֆիլմի ցուցադրության սովորական իրադարձության շուրջ կրքերը լարվեցին հունվարի 28-ին ռուսական մի շարք լրատվամիջոցների հրապարակումներով՝ հիստերիկաբար ու լկտիաբար փորձելով մեզ «ֆաշիզմի ջատագովներ» եւ այլ անհեթեթ որակումներ տալ։ Մեր իրավաբանական բաժինն արդեն զբաղվում է այդ դեպքերով։

3. Բայց կցանկանայինք հրապարակայնորեն հարցնել, թե որտե՞ղ էին այս բոլոր կերպարները, երբ տասնամյակներ շարունակ ՀՍՀ-ն ամեն տարի «Տարբեր ճակատագրեր՝ մեկ հաղթանակ» խորագրով ֆորումների շրջանակում փորձագետների, վետերանների, հաղթանակ կերտած հրամանատարների ժառանգների մասնակցությամբ հարյուրավոր միջոցառումներ էր անցկացնում՝ ուղղված Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին աջակցմանը եւ մեծարելուն, այդ մասին գրքերի հրատարակմանը։

4. Ըստ երեւույթին, որտեղ սեւ խավիար չի բաժանվում, ձեզ՝ ոչ հարգելի պարոնայք, այդ միջոցառումը չի հետաքրքրում։

5. Բայց, հանուն խավիարի, դուք պատրաստ եք աջակցել ցանկացածին, օրինակ՝ նստել ադրբեջանական համայնքի կողմից կազմակերպված հիշատակի երեկոյին ռուսական պետական հաստատությունում՝ MDN-ում եւ փառաբանել ֆաշիստ կամակատար Ռասուլզադեին, ով հրաման է տվել գնդակահարել խորհրդային զինվորին: Իսկ վաղը խավիարի գերդոզավորումից արբեցած՝ դուք կսկսեք Ռուսաստանում առաջ տանել, օրինակ՝ Իլհամ Ալիեւի գիծը, ով Ղրիմը համարում է ուկրաինական։ Իսկ ի՞նչ կասեք վաղը չէ մյուս օրը…

6. Ռուսաստանի հայերի միությունը հետաքննություն կսկսի բոլոր այն սադրիչների դեմ, որոնք փորձել են, օգտագործելով ՌՀՄ ԵՄ-ում ֆիլմի ցուցադրության թեման, նսեմացնելու մեր կազմակերպությունը, պղծելու մեր հերոս նախնիների բարի անունը, որոնք ԽՍՀՄ ժողովուրդների կողքին հաղթանակ տարան ֆաշիզմի դեմ։

7. Միեւնույն ժամանակ, մենք չափազանց վտանգավոր ենք համարում տեսնել անընդհատ աճող այն միտումը, երբ Ռուսաստանում իրականում գոյություն ունի օտարերկրյա հետախուզական ցանց, որը պատրաստ է ցանկացած պահի միանալ ցանկացած «պատվերի»՝ նույն եռանդով գործելով ե՛ւ մեր դեմ՝ որպես կազմակերպության, ե՛ւ մեր պետության՝ Ռուսաստանի Դաշնության դեմ։

8. Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհին, ապա նրա անվան շուրջ շահարկումները դադարեցնելու համար, երեք տարի առաջ Ռուսաստանի հայերի միությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Փաշինյանին՝ առաջարկելով պետական մակարդակով նախաձեռնել ռուս-հայկական հանձնաժողովի ձեւավորում՝ Գարեգին Նժդեհի համբավը պաշտպանելու համար: Այն թույլ կտար մուտք գործել ռուսական համապատասխան արխիվներ եւ հասնել ճշմարտության: Ի պատասխան՝ մեզ՝ որպես հասարակական կազմակերպության, խորհուրդ տվեցին չխառնվել այս գործին, քանի որ, իբր, «այդ հարցով արդեն իսկ զբաղվում են իշխանության ամենաբարձր մակարդակով»։

9. Համոզված ենք, որ պարոն Մարկովին եւ նրա նմաններին, որոնք կեցվածք են ընդունում, թե ոչինչ չեն լսել Նժդեհի իրական կյանքի եւ գործունեության մասին, որը ի տարբերություն նրանց սիրել է իր ժողովուրդը, այդ պատասխանը դուր կգար: Ի դեպ, Ռուսական կայսրությանը ծառայելու համար Նժդեհը արժանացել է երկու Սբ. Գեորգիի խաչերի եւ Սուրբ Վլադիմիր եւ Սուրբ Աննա պատվո նշանի:
Հարկ է հիշեցնել, որ 1948թ. Նժդեհը դատապարտվել է ՌԽՖՍՀ Քրեական օրենսգրքի չորս հոդվածով, եւ դրանցից ոչ մեկը չի վերաբերում նացիստների հետ համագործակցությանը։ 1948թ. ապրիլի 24-ի մեղադրական դատավճիռը կայացրել է ոչ թե դատարանը, այլ ՊԱԿ-ի հատուկ ժողովը՝ 1920 թվականին հակահեղափոխական գործունեության համար»։

Ռուսաստանյան լրատվամիջոցների կողմից սույն հրապարակմանը զուգահեռ ադրբեջանական գիծը բռնած իրենց տելեգրամյան ալիքներում հանդես էին գալիս ռուս «անկախ» համարվող փորձագետներ, որոնց դիրքորոշումը Նժդեհի վերաբերյալ նույնական էր, ինչ Ադրբեջանի այսօրվա իշխանություններինը:

Մեկ օր անց, թերեւս, նպատակ ունենալով հանդարտեցնել մթնոլորտը, Ռուսաստանում ՀՀ դեսպանությունն իր մտահոգությունը հայտնեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրության շուրջ «արհեստական կրքեր բորբոքելու փորձերի» վերաբերյալ:

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում էր, որ կապի մեջ է ինչպես «Ռուսաստանի հայերի միության», այնպես էլ Ռուսաստանի Դաշնության տարածքում գործող այլ հայկական կազմակերպությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի իշխանությունների հետ։ Դեսպանությունը փաստում էր, որ ուշադրությամբ հետեւում է նաեւ մամուլի հրապարակումներին եւ իր խորին մտահոգությունն է հայտնում հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները զրպարտելու մեջ շահագրգռված որոշ շրջանակների կողմից Հայաստանի անկախության մարտիկ Գարեգին Նժդեհի հիշատակը պղծելու փորձերի առնչությամբ. «Անընդունելի ենք համարում այս թեմայի շուրջ շահարկումները եւ հորդորում ենք զերծ մնալ սուտ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելուց»։

Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության շուրջ իրադարձությունները եւս մի առիթ են, որպեսզի ի ցույց դրվի այն մթնոլորտը, որն այսօր տիրում է Ռուսաստանում: Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ է. 44-օրյա պատերազմի արդյունքների հետ զուգահեռ Ալիեւը երբեմն չի թաքցնում այն վախերը, որոնք նրանք ունեն Հայաստանի կողմից հնարավոր ռեւանշի մտադրությունների դեպքում:
Իսկ ահա Ռուսաստանում այսօր կան թե՛ լրագրողներ, թե՛ խմբագիրներ, թե՛ փորձագետներ, թե՛ պատգամավորներ ու տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, որոնք ուղղակի սպասարկում եւ իրականացնում են ադրբեջանական իշխանական քարոզչություն: Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել փաստը, որ ռուսաստանյան հեղինակավոր պարբերականների խմբագրատներ ուղղակի սպասարկում են ադրբեջանական շահերը:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 01.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28