Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռքերս լվացել, ինքներս մեզ կամովին օտարել ենք երկրի սահմանային անվտանգության ապահովման հարցերից՝ հանձնվելով աշխարհի ողորմածությանը»

Փետրվար 09,2022 16:41

Հայաստանյան իրականության տխուր այսօրն ու վաղը

Գնալով Հայաստանն ավելի ու ավելի հաստատակամորեն է խրվում տխուր իրականության կործանարար մթնոլորտի մեջ` առանցքային հարցերում հանդես գալով որպես ներազդելուց զրկված դիտորդ, անատամ պահվածքով անդեմություն։

Փաստարկնե՞ր՝

-կողմ ենք  քաշվել 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարվածներին վերադարձնելու խնդրից,  ամբողջովին կախված ենք այլ երկրների, կառույցների ձեռնարկելիք քայլերից,

-արդեն տարին է լրանում, սակայն ի զորու չենք մեր սուվերեն տարածք ներխուժած թշնամուն շպրտել սահմանից այն կողմ՝ աղոտ հույսով ակնկալելով այլոց հնարավոր աջակից արձագանքը,

-ձեռքերս լվացել, ինքներս մեզ կամովին օտարել ենք երկրի, այդ թվում և Արցախի սահմանային անվտանգության ապահովման հարցերից՝ հանձնվելով դրսի աշխարհի ողորմածությանը,

-կադրային անհասկանալի փոխատեղումներով կազմաքանդվեց բանակը, կանգնեցվեց սարսափելի պատերազմին դեմ հանդիման, զարհուրելի մսաղացին հանձնվեց հայրենիքի նվիրյալ հազարավոր զավակներ, ավերվեց երկրի ինքնիշխանությունը, զրոյացվեց դիմադրողականությունը,

-կուլ տրվեց Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, մասնավորապես փոխադարձ ռազմական օգնություն, ռազմարդյունաբերական ոլորտում սերտ համագործակցություն պայմանավորող Շուշիի հռչակագրի  վավերացումը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ Արցախի անվտանգության վերջնական թաղման հետ համակերպում,

-երկրի ներսում հետևողականորեն վարկաբեկվում է ինքնուրույնությունը քիչ թե շատ պահպանած դատական համակարգը, ամենօրյա համառ, հետևողական աշխատանք է տարվում նրան զսպաշապիկ հագցնելու համար,

-թիրախավորված է այլախոհությունը, հնարավոր ամեն առիթով այն ենթարկվում է բռնաճնշման,

-հակառակ միջազգային հարթակում նոր պատերազմի դեպքում թուրքական բանակի Կովկաս ներխուժելու  ռուսաստանյան քաղաքական, ռազմական մտքի սթափության մղող դիտարկումներին, մենք մեզ պահում ենք մանկուրտի պես, Հայաստանը Թուրքիայի գիրկ տանելու կայուն քայլեր ձեռնարկում` մոռացած պատմական անցյալ, 1915 թվի Եղեռն:

Քաղաքական, տնտեսական, ռազմական, բարոյական, ազգային նկարագրի այս աննախադեպ դեգրադացիայի արդյունքում բնավ էլ չի կարելի զարմանալ, որ մասնավորապես Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իրեն թույլ է տալիս ծայր արհամարհանքով արտահայտվել Հայաստանի մասին որպես որևէ բանի անունակ, անկյուն քշված միավորի,  իսկ երկրի քաղաքական ղեկավարությունը փաստին, ըստ էության, արձագանքում է աչք փակելու մակարդակով՝  ակնհայտորեն ուղղորդիչ ունենալով  նույն անբարո, անպատիվ պահվածքը, որ դրսևորվում է Ադրբեջանի նախագահի հետ հարաբերություններում։

Մինչդեռ ոչ վաղ անցյալում, մինչև հայաստանյան բնակչության ուղեղի թավշապատումը, ոչ մեկը չէր համարձակվի կասկածի տակ առնել Հայաստանի ինքնիշխանությունը, առավել ևս սեփական մաշկի վրա փորձարկել հայ զինական ուժի ավերիչ ազդեցությունը։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28