Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հրաշք է կատարվել․ մատներս շարժվում են»․ Գյումրիում սուր իշեմիկ կաթվածի ծրագրով բուժել են 88-ամյա տատիկին

Մարտ 14,2022 21:55

Գյումրի բժշկական կենտրոնում պետության կողմից ներդրված սուր իշեմիկ կաթվածի բուժման  ծրագիրն արդեն մեկնարկել է․ ընդունել են առաջին պացիենտին ու նրա կյանքը փրկել են։ Այս ծրագրից օգտվող առաջին պացիենտը Գետքի 88-ամյա  բնակչուհի Սինամ Խաչատրյանն է։

Նա մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչպես  է գիշերվա կեսին մարմնի մի մասը թուլացել, ձեռքն անշարժացել,  իրեն շտապօգնության մեքենայով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ և երկու օրում ոտքի են կանգնեցրել։

«Շատ վատ էի զգում, մարմնիս մի կողմը, թևս չէր աշխատում, երեկոյան ժամը 21․00-ի մոտ էր, պառկեցի քնելու, բայց քիչ անց արթնացա, տեսա վիճակս հեչ լավ չէ, ձայն տվեցի աղջկաս, մտածում էի կանցնի, չանցավ։ Շտապօգնություն կանչեցինք, ինձ բերեցին Գյումրի բժշկական կենտրոն, ասին՝ հասցնենք հիվանդանոց, թող փրկեն, իրենք հույս ունեին, որ այս հիվանդանոցում փրկություն կա։ Ու փրկեցին ինձ, էս ջահել բժիշկներին կարծես իմ խաթր էին ուղարկել էստեղ, հո ես պստիկ չեմ, 88 տարեկան կնիկ եմ»,- ասաց տատիկը։

Նրա դուստրն էլ ասաց՝ հրաշք է կատարվել, իր մայրը բուժման երկրորդ օրն ազատ շարժվում է։

Նյարդաբան, նեյրոինտերվենցիոն վիրաբույժ, Գյումրի բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար Ժորա Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ փայլուն արդյունք են ստացել, նրան հնարավոր է վաղը դուրս գրեն։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ երկար նախապատրաստական աշխատանքից հետո  մի քանի օր առաջ Գյումրի բժշկական կենտրոնում արդեն գործարկվեց կաթվածի պետական ծրագիրը, և մենք արդեն ունենք առաջին պացիենտը, որը ստացել է թրոմբոլիտիկ թերապիա՝ շատ լավ ելքով։

Հիվանդը իրեն լավ է զգում, սիպտոմները հետ են զարգացել և նույնիսկ վաղը հնարավոր է հիվանդին դուրս գրենք»։

Ըստ մեր զրուցակցի,  եթե Գյումրիում չգործեր սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը, այս հիվանդին Երևանում հնարավոր չէր լինի այդ օգնությունը ցուցաբերել։

«Մինչև Երևան հասնելը, ժամանակը թույլ չէր տա, որպեսզի Երևանում այս բուժումը ստանար։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները իրավունք ունեն  պետական պատվերի շրջանակում ստանալ այս բուժումը, բայց ժամանակի սղության պատճառով  շատ դեպքերում հնարավոր չի լինում հեռու մարզերից տեղափոխել Երևան և բուժօգնությունը կազմակերպել։

Այժմ Գյումրի բժշկական կենտրոնում  այս ծառայության հիմնադրումը կմեծացնի մեր բնակչության շանսերը , որպեսզի իրենք էլ կարողանան ստանալ աշխարհում ընդունված լավագույն բուժումը»,- ասաց  Ժորա Բաղդասարյանը։

Նա նշեց, որ պատրաստվում են սպասարկել նաև  հարևան մարզերի բնակչությանը, որոնց համար Գյումրին ավելի մոտ կլինի ու կկարողանան սահմանափակ ժամանակ ունենալով՝ բուժել նրանց։

«Քանի որ այս դեպքում  ժամանակը շատ  մեծ նշանակություն ունի, մենք կոչ ենք անում մեր բնակչությանը, եթե իրենց առաջարկվում են այս բուժական մեթոդները՝ թե՛ թրոմբոլիտիկ թերապիա, թե՛ վիրահատություն, իրենք հնարավորինս շուտ համաձայնություն տան։ Եթե բժիշկն առաջարկում է այս բուժական մեթոդները, դա նշանակում է, որ բուժական մեթոդի արդյունավետությունն ավելի բարձր է, քան  հնարավոր բարդությունների հավանականությունը։ Այսինքն՝ եթե օրինակ՝ 50/50 հարաբերակցություն լինի օգուտի և վնասի, այդ դեպքում արդեն չի առաջարկվի, առավել ևս եթե վտանգի հավանականությունն ավելի բարձր լինի, ընդհանրապես չեն առաջարկվի այս մեթոդները, կհամարվի, որ հակացուցումներ կան և չեն առաջարկվի»։

Ժորա Բաղդասարյանը շատ է կարևորում շտապօգնության կայանների հետ ճիշտ աշխատանքը, այս դեպքում, ըստ նրա, շտապօգնությունը գործել է օպերատիվ և ճիշտ աշխատել։

Ըստ մասնագետի, իրենք կընդլայնեն  համագործակցությունը  մարզի բոլոր բուժհաստատությունների, հատկապես շտապօգնության կայանների հետ։

Հիշեցնենք, որ մարզերից Շիրակն առաջինն է, որտեղ  ներդրվել է կյանքներ փրկող այս ծրագիրը՝ պետպատվերի սահմաններում։ Ծրագիրը Հայաստանում սկիզբ է դրվել 2019 թվականին փետրվարի 1-ից «Էրեբունի» բժշկական կենտրոնում և 1-ին հիվանդանոցում, այնուհետև «Աստղիկ» բժշկական կենտրոնում։

Ըստ մասնագետների, ժամանակակից բուժական մեթոդները թույլ  են տալիս իջեցնել մահացությունը և հաշմանդամությունը։

Մասնագետների փաստմամբ, նախքան այս ծրագրի մեկնարկը, ՀՀ-ում ինսուլտից մահացությունը 30 տոկոսի չափ էր կազմում, 10 ինսուլտով հիվանդացածներից 3-ը մահանում էին։

Իսկ օրինակ՝ « Էրեբունի» բժշկական կենտրոնում այս ծրագրի ներդրումից հետո մահացությունը իջեցվել  է մինչև 12 տոկոս։ Մի քանի անգամ իջեցվում է նաև հաշմանդամ դառնալու հավանականությունը։

Այս ծրագրի շրջանակում հիվանդները լիովին անվճար հետազոտություններ են անցնում, ու եթե հայտնաբերվում են ինսուլտի ախտանշաններ, ապա չորս ու կես ժամվա ընթացքում պիտի կատարվի բուժում, այլապես դրանից հետո բուժման նորագույն մեթոդները կարող են լինել անարդյունավետ։

Մասնագետներն առաջարկում են երկու մեթոդ,  դրանից մեկը թրոմբոլիտիկ բուժումն է․ հատուկ դեղ է ներարկվում, որն ունի թրոմբները քայքայելու հատկություն։ Ներարկված դեղն արյան հոսքով հասնում է ուղեղի խցանված անոթ, քայքայում է թրոմբը և խցանը բացվում է։Իսկ երկրորդ մեթոդը վիրահատականն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031