Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտների մասնակցությամբ աղմուկ հանած ակցիան Գյումրու ռուսական դպրոցում չեն մեկնաբանում

Մարտ 16,2022 20:10

Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում տեղակայված ռուսական թիվ 19 դպրոցում աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցած քաղաքական ակցիան՝ ի աջակցություն Ուկրաինայի դեմ պատերազմող ՌԴ-ի, դպրոցում չեն մեկնաբանում։ Մենք եղանք դպրոցում, որտեղ մեզ պարզաբանեցին, որ իրավունք չունեն մեկնաբանել՝առանց ՌԴ պաշտպանության նախարարության թույլտվության․ իրենց կառույցը փակ է համարվում, խորհուրդ տվեցին դիմել պաշտպանական գերատեսչության մամլո ծառայություն։

Բայց և այնպես հիշեցրեցին, որ դպրոցում սովորողների մեծ մասը 102-րդ ռազմաբազայի զինծառայողների երեխաներն են։ Իհարկե, այս դպրոց հաճախում են նաև հայ երեխաներ։

Լուսանկարները, որտեղ աշակերտները ռուսական դրոշների ներքո բռնել են Z տառը, մեծ աղմուկ են հանել համացանցում, օգտատերերը պնդում են, որ անթույլատրելի է երեխաներին ներգրավել քաղաքական պրոցեսների, հատկապես պատերազմի թեմայի մեջ։

Համացանցում հայտնվել էր նաև երեխաներից մեկի նամակը, որը գրել էր, թե պարտադրել են մասնակցել այդ ակցիային, և երբ առարկել է, հասկացրել են՝ այդ դեպքում ինչո՞ւ ես այստեղ սովորում։ Օգտատերերից ոմանք պահանջում են պատժել այս ակցիայի նախաձեռնողներին, որոնք իրենց թույլ են տվել անչափահասներին ներքաշել պատերազմի թեմայի մեջ։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը խորհուրդ է տվել վերջապես հանդես գալ հայտարարությամբ և բացատրել այս ամենը։ Նա գրել է․ «Մի քանի հոգի, շատ լավ իմանալով, որ երեկ երեխաներին բակ հանած ու Z շարած դպրոցը ՀՀ ԿԳՄՍ ենթակայության դպրոց չէ, այլ ՌԴ ենթակայության դպրոց է, որտեղ սովորում են հիմնականում ՌԴ քաղաքացիների երեխաներ, այդ թվում էթնիկ հայեր, չեն դադարում մատնացույց անել Գյումրին ու գյումրեցիներին, թե բա էս ինչ խայտառակություն է, ինչու տեր չեք լինում: Ուզում եմ հարցնել՝ ի՞նչ կհրամայեք անել, գնալ մտնել ռուսական բազայի զինավա՞ն, քանդե՞լ էդ դպրոցը, թե՞ պատանդ վերցնել դպրոցի տնօրենին, թե՞ անեծքով բավարարվել … Կրկնում եմ՝ խոսքս նրանց մասին է, որոնք շատ լավ գիտեն, որ այդ դպրոցը ՀՀ ենթակայության դպրոց չէ, բազայի ենթակառուցվածքներից է, ու գյումրեցիք չեն մեղավոր, որ այստեղ բազա կա ու դպրոց կա ու Պերմյակով կար ու Ռազգիլդյաև կա»:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն էլ նշում է, թե անկախ այն հանգամանքից՝ երեխաները Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, թե այլ երկրի քաղաքացիներ են, անթույլատրելի է նրանց ներգրավումը պատերազմի թեմայի ու հատկապես պատերազմի քարոզչության մեջ։ Սա երեխայի կրթության իրավունքի կոպիտ ոտնահարում է։

Ըստ նրա, մենք Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի անդամ պետության անդամ ենք, ունենք հստակ պարտավորություններ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Պատերազմի քարոզը, կոչերը քրեորեն հետապնդելի գործողություններ են ու այս դեպքին պիտի արձագանքեն ՀՀ իշխանությունները, քանի որ դեպքը ՀՀ տարածքում է արձանագրվել։

Այստեղ ըստ Արթուր Սաքունցի, անելիք ունի նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031