Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել թշնամի ուժերի` իրենց ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը․ ՀՅԴ

Մարտ 26,2022 13:10
hyd

ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Տեղի է ունենում այն, ինչ ակնկալվում էր. Ադրբեջանը, օգտվելով Ուկրաինայի խնդրի վրա աշխարհի ուշադրության կենտրոնացումից, քայլեր է կատարում` ավարտին հասցնելու իր հակահայ ծրագրերը, որոնք իրականացնելու նորագույն հանգրվանը սկսվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմով:

Միաժամանակ, վերջին ամիսներին նկատելի էին 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի առաքելությանը խոչընդոտող գործողություններ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:
Այս օրերի արտասովոր ցուրտ եղանակին Արցախի գազամատակարարման խափանումով և Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժումով Ադրբեջանը հետապնդում է Արցախը հայաթափելու իր անթաքույց ծրագիրը:

Այս ծանր օրերին անհրաժեշտ է համազգային ուժերով ամենուրեք դիմադրել Ադրբեջանի և Թուրքիայի այս հակահայ քաղաքականությանը:
Առ այդ, անհրաժեշտ է.

ա) Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին՝ պահանջելով` չանտեսել Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի հակահայ քաղաքականությունն ու քայլերը։

բ) Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ բողոքի տարաբնույթ գործողություններով` քաղաքական շրջանակների և հանրային կարծիքի ուշադրությունը հրավիրել նոր թափ առած հակահայ այս քաղաքականության վրա։

Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել թշնամի ուժերի` իրենց ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կանգնած է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողքին և պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրան` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու պատասխանատվության իրականացման գործում:
Ադրբեջան-Թուրքիա դաշինքի այս հակահայ քաղաքականությունը չի կարող մնալ առանց արձագանքի. այս քաղաքականության հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու են այդ երկու պետությունները։

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՐՈ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031