Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ուրախալի է, երբ մասնագիտությունների ցանկերը, կրթական ծրագրերը վերանայելու ազդակներ ստանում ենք գործատուներից». քննարկում` քոլեջների և ուսումնարանների տնօրենների և գործատուների մասնակցությամբ

Մարտ 29,2022 17:19

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) ներկայացուցիչների, միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները:

Համատեղ գործիքակազմի ներդրման մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանին ՄԿՈՒ ոլորտի հետ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության համար:

«Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և գործարար ոլորտների կապերը պետք է առավելագույնս սերտ լինեն և ունենան կոնկրետություն: Ուրախալի է, երբ մասնագիտությունների ցանկերը, կրթական ծրագրերը վերանայելու, աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու ազդակներ ստանում ենք գործատուների կողմից: Սա նշանակում է, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, այն է՝ կրթությունը ծառայեցնել հանրության և տնտեսության կարիքներին` պատրաստելով մրցունակ կադրեր: Պետք է քննարկենք և հասկանանք, թե այս նպատակով ինչպիսի համատեղ գործիքակազմեր կարող ենք ներդնել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ քննարկմանը մասնակցում են այն հաստատությունների տնօրենները, որոնք իրականացնում են մասնագիտական ուսուցում արդյունաբերության, շինարարության, էներգետիկայի, սննդի և այլ ոլորտներում:

ՄԿՈՒ հաստատություններում կառավարման նոր մոդելների ներդրման մասին

Նախարարի տեղակալը նաև նշել է, որ Կառավարության ծրագրով գործարար ոլորտի և կրթության համակարգի համագործակցությունը սահմանված է որպես թիրախային առաջնահերթություն, որից ածանցվում է մասնագիտությունների ցանկի և կրթական չափորոշիչների վերանայման խնդիրը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է քննարկելու նաև ՄԿՈՒ հաստատությունների կառավարման, ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման հարցերը` ընդհուպ մինչև գործատուների հետ համատեղ կառավարման նոր մոդելների ներդնելը:

«Եթե լինեն կոնկրետ առաջարկներ, պատրաստ ենք դրանք ներառելու Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) առաջիկա նիստի օրակարգում»,- ամփոփելով խոսքը՝ նշել է նա:

Չհամալրվող աշխատատեղերի մասին

Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանն անդրադարձել է աշխատաշուկայում առկա մի շարք ոլորտների՝ չհամալրվող աշխատատեղերի հարցին` նշելով՝ շուկայում միջին որակավորում ունեցող որակյալ մասնագետների բաց կա: Նրա ընդգծմամբ` աշխատաշուկան այսօր շինարարական մասնագետների` գաջագործների, երեսպատողների, պատշարների, ներքին հարդարման աշխատանք կատարողների, ենթակառուցվածքներ (կոյուղի, ջրատարներ) տեղադրողների, եռակցողների, զոդողների, էլեկտրիկների, կռունկավարների խիստ պահանջարկ ունի:

Կրթության գործընթացում գործատուների մասնակցության մասին

Համապատասխան ոլորտների կադրեր պատրաստելու առումով մտահոգիչ խնդիրներից մեկը դասավանդող մասնագետների պակասն է:

«Գործատուները պատրաստ են դասավանդող վարպետների և դասախոսների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել, աջակցել ուսումնական հաստատություններին ուսումնական պրակտիկաների կազմակերպման հարցում: Գործատուները պատրաստ են ակտիվորեն մասնակցել աշկերտության և պրակտիկաների կրթական ծրագրերի կազմմանը, ինչպես նաև կրթական ծրագրի շրջանակում որոշ դասաժամեր կազմակերպել հենց արտադրամասում՝ որպես աջակցություն տրամադրելով ուսուցման գործընթացի համար անհրաժեշտ նյութեր, ենթակառուցվածքներ և մասնագետներ»,- նշել է Գագիկ Մակարյանը` վստահեցնելով, որ պատրաստ են ընդունել և քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ:

Հանդիպման ընթացքում ծավալվել է մտքերի ակտիվ և շահագրգիռ փոխանակում գործատուների և ՄԿՈՒ հաստատությունների տնօրենների միջև: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցությունը ընդլայնելու` հաշվի առնելով աշխատաշուկայի տարածքային առանձնահատկությունները` գործատու-ՄԿՈՒ հաստատություն ուղիղ ձևաչափով:

Օրենսդրության փոփոխության մասին

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ հանրային քննարկման է դրված «Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության օրենքի» փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է ՄԿՈՒ ոլորտում ներդնել տարակարգի և ատեստավորման համակարգեր, ինչը հնարավորություն կտա բարելավելու դասավանդող վարպետների և դասախոս-մանկավարժների վարձատրությունը:

Քննարկման մասնակիցները կարևորել են մասնագիտական կողմնորոշումը` նշելով, որ դպրոցական տարիքից սկսած՝ երեխաները պետք է բավարար տեղեկատվություն ունենան պահանջված մասնագիտությունների մասին, որը նրանց կօգնի ընտրել այնպիսի մասնագիտություն, որով հետագայում կկարողանան մրցակցային կամ բարձր վարձատրությամբ տեղ ունենալ աշխատաշուկայում:

Նշվել է, որ Հանրակրթության պետական նոր չափորոշչով, 7-րդ դասարանից սկսած, պարտադիր է մասնագիտական կողմնորոշման ակումբների առկայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կադրերի պատրաստման գործընթացին, ձեռնարկատիրական կրթության և մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցեր:

 ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031