Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղի՞ց իմացաք, որ տուրիստների մեծ մասը նարգիլե ծխող է»․ Արսեն Թորոսյան

Մարտ 31,2022 22:55

«Երկու տարում կորոնավիրուս էր ու պատերազմ։ 2,5 ամիս հանրային սննդի օբյեկտները փակ էին, դրանից հետո էլ նարգիլե չի մատուցվել։ Ներդրում հետ բերելու մասին խոսք չէր կարող լինել։ Վնասներ ենք կրել։ Իսկ նոր ներդրողները արտերկրի մեր հայրենակիցներն են, որոնք տեղեկատվության պակաս են ունեցել, արել փաստաթղթավորումը, չհանդիպել որեւէ արգելքի։ Նրանց չի ներկայացվել, որ նման օրենք կա, որն ուժի մեջ է մտնելու»,-ԱԺ-ում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ այսօր ասաց «Նարգիլե-գործարար համագործակցության միություն» հ/կ նախագահ, նարգիլե-ակումբի սեփականատեր Ժորա Փանոսյանը։ Հիշեցնենք, որ մարտի 15-ից հանրային սննդի փակ եւ բաց վայրերում արգելվել է ծխախոտի եւ ծխախոտային արտադրանքի, փոխարինիչների օգտագործումը․ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր նարգիլե-ակումբների տնօրենները խորհրդարանում էին՝ աշխատանքային քննարկման մասնակցելու։ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանն ասել էր, որ տնտեսվարողները երկու տարի ժամանակ են ունեցել վերապրոֆիլավորվելու համար։

Հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը զարմացավ՝ ներդրում անելիս չե՞ն հետաքրքրվում, թե տվյալ երկրում ինչ օրենքներ ու կարգավորումներ կան․ «Մանավանդ այս օրենքը բուռն քննարկվել է»։ Ժորա Փանոսյանը պատասխանեց․ «Արտասահմանից եկածին չեմ կարող մեղադրել, որ տեղյակ չի»։ Հիշեցնենք, որ քննարկմանը ներկա էր նման իրավիճակի բախված գործարար։ Արսեն Թորոսյանն այնուհետեւ հետաքրքրվեց․ «Որտեղի՞ց իմացաք, որ տուրիստների մեծ մասը կալյան ծխող է։ Եկեք զգույշ օգտագործենք թվերը։ Որտեղի՞ց դրանք։ Պետք չի տպավորություն ստեղծել, թե մենք չենք ուզում, որ տուրիստներ գան»։ Ժորա Փանոսյանը պնդեց, որ վիճակագրական տվյալներ կան, որոնք կարող են ցանկացածին ուղարկել։

Ապա նարգիլե-ակումբներից մեկի տնօրեն Ջոն Կասպարովն ասաց, որ ունեն հինգ ռեստորաններ, որոնցից մեկը նարգիլե-ակումբ է․ «Այո, քննարկումները սկսվել են 2019թ․-ից, բայց մեր ասածն այն է, որ լեգալը սարքում եք անլեգալ։ Շատ երկրներում կան նարգիլե-ակումբներ, որոնք սահմանափակումներով աշխատում են։ Կան մարդիկ, որոնք սիրում են դա, օգտվում են։ Մանավանդ, հիմա շատ տուրիստներ կան, որոնց 70%-ն օգտվում է մեր ծառայություններից։ Ես սա միայն մեր անունից չեմ ասում։ Երբ ընդհանրապես չեք թույլատրում, ստվեր է սկսվում։ Դրանից խուսափելու համար ձեր օգնությամբ պետք է լուծում գտնենք»։

Արսեն Թորոսյանը պնդեց․ «Ոչ մի պաշտոնյա չի ուզում, որ որեւէ տնտեսվարող սնանկանա»։ Եկեք դա ֆիքսենք։ Այս օրենքը նարգիլեների մասին չի։ Նարգիլեներն ապրանքատեսակներից մեկն են միայն։ Պետք չի ֆիքսվել մեկ տեսակի վրա, որովհետեւ բացառություններ սահմանելով՝ բացառություն անելու ցանկություն կտանք նաեւ էլեկտրոնային ծխախոտներին, եւ այս օրենքի ճարտարապետությունը կքանդվի։ Օրենքն առողջության մասին է։ Բացի այդ, սիգար-բառերի մեր գործընկերները հաճախ են օգտագործում «մասնագիտացված ակումբ», «մասնագիտացված սիգար-բար» արտահայտությունները, որոնք, բարեբախտաբար, օրենքով որեւէ կերպ սահմանված չեն։ Եթե փորձենք ձեւակերպել, այնպիսի ռիսկերի առաջ ենք կանգնելու, որ վերջում կպարզվի, որ պետք չէր։ Աշխարհում կա նման փորձ»։

Հավելենք, որ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ամփոփելով քննարկումը, հորդորել է մասնակիցներին ներկայացնել առաջարկներ եւ դրանք քննարկելու ու լուծումներ գտնելու պատրաստակամություն է հայտնել:

 

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031