Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեստորատորները «չեն հանձնվում». առաջարկում են բացօթյա տարածքն էլ առանձնացնել ծխողների-չծխողների

Մարտ 22,2022 16:03

Ռեստորանային բիզնեսով զբաղվողները պատրաստվում են կառավարության անդամների հետ քննարկել հանրային սննդի օբեյկտների բացօթյա տարածքներում ծխելն արգելքող օրենքի եւ սննդի հաստատությունների սեղաններին աղամանների տեղադրումն արգելող որոշման վերանայման շուրջ։

Հայաստանի մոտ 300 ռեստորաններ եւ սրճարաններ համախմբող Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասում է՝ պետք է վերանայել այս արգելքը։ Նա նշում է, որ միության անդամ կազմակերպության ղեկավարներն ամենեւին դեմ չեն ծխելն արգելելուն, սակայն մյուս կողմից էլ նման կտրուկ միջոցը բիզնեսի վրա բացասական կազդի։
Հիշեցնենք, որ մարտի 15-ից հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործումը:

Իսկ այս արգելքը խախտելու դեպքում տուգանք է նշանակվում. պաշտոնատար անձի նկատմամբ՝ 150-200 հազար դրամ, ֆիզիկական անձի նկատմամբ՝ 50 հազար դրամ: Առողջապահության նախարարության շրջանառության մեջ դրված նախագծով էլ առաջարկվում է արգելել հանրային սննդի օբյեկտներում սեղաննների վրա աղաման դնել առանց սպառողի պահանջի։ Իսկ այս պահանջը խախտելու դեպքում տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով:

Վահե Գեւորգյանն ասում է՝ ռեստորատորներն էլ դեմ չեն փակ տարածքներում ծխելու արգելքին, մանավանդ, որ նրանցից շատերը մինչ օրենքի ընդունումն էլ կարգավորել էին խնդիրը՝ փակ տարածքներն առանձնացրել էին ծխողների եւ չծխողների համար։ Այս բիզնեսի ներկայացուցիչները, ինչպես նշում է Գեւորգյանը, առաջարկում են նույն սկզբունքը կիրառել հանրային սննդի բացօթյա տարածքներում. «Աշխարհի տարբեր երկրներում այս տարբերակը՝ տարանջատումը, շատ լավ աշխատում է եւ լուրջ խնդիր չի առաջացնի։ Այս ուղղությամբ բանակցություններ ենք տանելու կառավարության եւ ոլորտի պատասխանատուների հետ։ Մենք կատերգորիկ դիրքորոշում չենք հայտնում, պարզապես որոշակի առաջարկություններ ենք ուզում ներկայացնել, ասենք՝ հանրային սննդի օբյեկտի բացօթյա տարածքի մի մասը ծխողների համար լինի, մի մասը՝ չծխողների համար»։ Գեւորգյանն ասում է՝ միջազգային փորձից ելնելով, սովորույթի տեսակետից էլ սրճարանի բացօթյա տարածքում սուրճ խմելը հիմնականում ասոցացվում է նաեւ ծխելու հետ. «Բայց կրկնեմ՝ չենք ասում, որ ծխելը լավ է, բայց ասում ենք, որ հաճախորդների մեծ մասը սրճարան հասկացողությունը ծխելու հնարավորության հետ է ասոցացնում։ Կրկնեմ՝ ծխելու հնարավորություն, ոչ թե քաջալերելու հետ է ասոցացվում։ Իսկ թե ինչպես սրճարանը տարածքը կբաժանի, այլ խնդիր է։ Բայց կտրուկ արգելելը սխալ ենք համարում։ Սրճարան ունեցող բիզնեսի համար ծխելու հնարավորությունը շատ կարեւոր բաղադրիչ է, մարդը գիտի՝ սուրճ է խմելու, հետը՝ ծխի, դրա համար էլ այցելում է սրճարան»։

Գեւորգյանն ասում է՝ առանց այդ էլ այս ոլորտում մեծ անկում կա, բիզնեսը մեծ կորուստներ է կրել՝ կորոնավիրուսի համավարկը, հետո պատերազմը բացասական ազդեցին բիզնեսի վրա։ Եթե նկատի չունենանք անցած անկումային երկու տարիները, ապա 2019-ին, ըստ Գեւորգյանի, այս ոլորտի ընդհանուր շրջանառությունը մոտ 200 միլիարդ դրամ է կազմել։

«Այս ոլորտը առեւտրային մեծ շղթայի հետ է կապված, 2019-ի տվյալներով՝ 35 հազար աշխատատեղ է ապահովում, անուղղակի աշխատեղերն ավելի շատ են։ Այսինքն, զարգացման մեծ հեռանկարներ կան, գաստրոտուրիզմի զարգացումը թռիչքային էր լինելու եթե հայտնի ճգնաժամերը չլինեին։ Երեւանը սրճարանային մշակույթ ունի, ուստի առաջարկում ենք նման կտրուկ լուծումների չգնալ»։
Մեր դիտարկմանը՝ նարգիլե օգտագործելն էլ արգելվում է, մինչդեռ զբոսաշրջիկների մեծ խումբ կա, որոնք Հայաստան գալիս այցելում են այն սրճարանները, որտեղ նարգիլե կա, այս դեպքում խնդիրն ինչպես է լուծվելու, Գեւորգյանն ասաց՝ սա էլ դեռ պետք է քննարկեն, հասկանան ինչ կարելի է անել. «Օրինակ՝ ինչպես սիգար ծխելու օբյեկտներն են։ Գուցե կարգավորվի այնպես, որ նարգիլեյի համար ռեստորանում առանձին սրահ լինի, այսինքն սննդի հետ միաժամանակ չմատուցվի եւ ընդհանուր սրահում չլինի։ Պետք է հասկանանք՝ ինչ դիրքորոշում կունենան նաեւ այդ բիզնեսները»։

Ինչ վերաբերում է աղամանների արգելքին, ապա Գեւորգյանն ասում է, որ բիզնեսին ավելի շատ անհանգստացնում է վերահսկողությունը, թե ով եւ ինչպես է ստուգելու. «Պատկերացրեք՝ հաճախորդները նստած են, ընթրում են, ճաշում են ու ոստիկանությունը մտնում է տեսնի՝ աղաման կա՞, թե՞ չկա։ Սա հաճելի տեսարան չէ ո՛չ հաճախորդի եւ ո՛չ էլ գործարարի համար։ Սա նաեւ տնտեսվարողի իրավունքի խախտում է։ Ստեղծվում է հավելյալ հնարավորություն տնտեսավարողին ստուգելու համար, հատկապես, որ հաշվի առնենք, որ վերջին տարիներին փորձում են դուրս գալ այդ ստուգումների մթնոլորտից, փորձում էին քիչ ստուգումներ իրականացնել։ Ոստիկանը մտնի եւ ստուգի աղաման դրված է թե ոչ, դա հաճելի պատկեր չէ։ Այս նախագիծն էլ պետք է քննարկենք, նպատակահարմարությունը գնահատենք։ Պետք է հնարավորինս քիչ միջամտություն լինի տնտեսվարողի գործունեությանը։ Իսկ աղի վնասակարության մասին ոլորտի պատասխանատուները պետք է հանրային արշավ իրականացնեն, եթե իրենց նպատակը աղի օգտգործման նվազեցումն է, քանի որ աղամանի արգելքով՝ առանց մարդկանց իրազեկելու արդյունավետությունը բարձր չի լինի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031