Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան խմբակցությունը դարակազմիկ լսումներ կազմակերպեց, որը իմ խորին համոզմամբ վնասեց մեր երկրի անվտանգությունը». Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 04,2022 19:15 Share

Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի կապի համատեղ (միավորված) համակարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը:

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, նախագիծը ներկայացնելով, ասաց, որ սա ենթադրում է տարբեր երկրների զինված ուժերի միջեւ կապի պահանջվող ծառայությունների տրամադրման ու տեղեկատվության փոխանակման ապահովում:  Բայց Հայաստանը մեկ վերապահում է ներկայացրել՝ ՀՀ-ն առանձին որոշում կկայացնի այն պետությունների վերաբերյալ, որոնք միացել են համաձայնագրին մայիսի 20-ից հետո: Մասնավորապես, մինչ այդ համաձայնագրին միացել են ՌԴ-ն, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուս, Ղրղըզստանը: Իսկ  Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Մոլդովան չեն միացել: Թե ինչու չեն միացել՝ նա պատասխանեց. «ժամանակի հարց է»:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանն ասաց, որ փաստացի ՀԱՊԿ անդամ երկրներն են միացել, իսկ ՀԱՊԿ-ի հետ առանձին պայմանագրեր էլ ունեն, սրա վավերացումը մեզ ի՞նչ նոր բան է տալու, որը չեն տվել ՀԱՊԿ-ով փաստաթղթերը:

Արման Սարգսյանը պատասխանեց, ՌԴ-ին է հասանելի լինելու մեր տվյալները բացառապես, կապը վերաբերելու է հեռախոսային եւ տեսակապին, որը պաշտպանված է լինելու. «Լինելու է կատարելագործում, կապի հանգույցների ակտուալացում ու սինխրոն աշխատանք ՌԴ-ի ԶՈՒ-ում գործող կապի հնարավորությունների օգտագործում»:

Տիգրան Աբրահամյանը հարցրեց՝ բացի ՌԴ-ց կա՞ն պետություններ, որտեղից կարող ենք մենք համակարգեր բերել, հակառակ դեպքում անհասկանալի է՝ սա ինչ է տալու, ի՞նչ նոր հնարավորություն է տալու: ՊՆ փոխնախարարի խոսքով՝ մեր կապի համակարգը սրա արդյունքում դարձնելու է ավելի պաշտպանված ու ժամանակակից, անխոցելի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՊՆ փոխնախարարին հարցրեց՝ զինված ուժերի բարեփոխումների փաթեթի մասին են խոսում իշխանությունները, բայց մինչ օրս պաշտպանության հանձնաժողով չի ներկայացվել այդ փաթեթը. «Ի վերջո ե՞րբ է առարկայական այդ փաթեթը ներկայացվելու»: Նա նաեւ հետաքրքրվեց՝ի վերջո ԳՇ ղեկավար կազմը ե՞րբ է ամբողջացվելու՝ ԳՇ պետից սկսած: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կանխեց փոխնախարարին, որ չպատասխանի, ասաց հարցի հասցեատերը նա չի ու քննարկվող թեմային չի առնչվում: Արման Սարգսյանը կրկնեց Անդրանիկ Քոչարյանին՝ ասելով, որ իսկապես այդ հարցի հասցեատերը ինքը չէ:

Ինչ վերաբերում է բարեփոխումներին՝ Արման Սարգսյանը պատասխանեց. «Բարեփոխումները սկսված են, եթե դրանք տեսանելի չեն, դրանք տեսնելը քաղաքական նպատակահարմարության հարց են, բայց մեկնարկել են բարեփոխումները:

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն իր ելույթում կոչ արեց հանձնաժողովի անդամներին ի վերջո հասկանալ՝ այս հանձնաժողովի գլխավոր գործառույթը ո՞րն է: Նա հորդորեց քննարկում կազմակերպել ու հրավիրել ՊՆ նախարարին, ԳՇ պետի պաշտոնակատարին:

Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանեց. «Հայաստան խմբակցությունը մի քանի օր առաջ դարակազմիկ լսումներ կազմակերպեց, որը իմ խորին համոզմամբ վնասեց մեր երկրի անվտանգությունը: 230 անդամ էիք հրավիրել, եթե մենք ունենք անվտանգային խնդիրներ, եթե այդ 230 անդամները իրենց ընտանիքի անդամներով մասնակցություն ունենային Արցախի հանրապետությունում անվտանգության խնդիրներին, մենք հաստատ մի խնդիր լուծած կլինեինք»: Նա հիշեցրեց, որ փակ քննարկում առաջարկվել է, ի զարմանս իրենց, ընդդիմությունը դրական կարծիք չի տվել: Քոչարյանը հեգնեց, թե վաղն էլ միտինգ եք անում, բայց դա ձեր իրավունքն է, արեք:

Գեղամ Մանուկյանը նրան պատասխանեց, որ էլի են անելու լսումեր արդեն հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, իսկ վաղը հրավիրում են միտինգի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930