Լրահոս
Օրվա լրահոսը

UWC Դիլիջանի միջազգային դպրոցում բացվել է ուսանողների աշխատանքների ամենամյա ցուցահանդեսը (ֆոտոշարք)

Ապրիլ 04,2022 19:25

Ամենամյա կազմակերպվող ցուցահանդեսին յուրաքանչյուր տարի մասնակցում են UWC Դիլիջանն ավարտող ուսանողները։ Այս անգամ «Որտե՞ղ է արվեստը» խորագրով ցուցահանդեսին մասնակցում են 22  ուսանող հետևյալ երկրներից՝ ԱՄՆ, Ֆինլանդիա, Ռուսաստան, Հայաստան, Նիդերլանդներ, Ղազախստան, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Շվեդիա, Լիբանան, Ճապոնիա, Սիրիա, Կամբոջա:

«Իմ աշխատանքների հիմնական թեմաներից մեկն արվեստի ու մաթեմատիկայի փոխկապակցվածության արտահայտումն է: Օգտագործելով տարբեր միջոցներ՝ խավար լուսանկար, կավ և ակրիլ ներկ՝ փորձում եմ ցույց տալ, որ արվեստն ու մաթեմատիկան կարող են միաձուլվել»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց ուսանող Անդրանիկ Գալոյանը՝ Միացյալ Նահանգներից:

 

Նիդեռլանդներից եկած Շինուկ Պլաատը հետաքրքրիր զուգահեռներ էր գտել մաթեմատիկական ՊԱՐԶ թվերի և միայնակ,ընկճված ու ինքնամփոփ մարդկանց միջև։ Նրա աշխատանքներում պատկերված են հիմնականում հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ։

«Իմ աշխատանքներում ոգեշնչվել եմ աուտսայդեր արվեստով, այն է հոգեկան հիվանդություններից և տարբեր խանգարումներից ծնված գործեր, որոնք մարդու աչքին ֆիզիկապես տեսանելի չեն: Ես ուզում եմ ձայն տալ կույրերին, խուլերին, պոստտրավմատիկ սինդրոմով, դեմենցիայով կամ էպիլեպսիայով տառապող մարդկանց »,- հավելեց Շինուկը։

Ճապոնացի Միսակի Մոտոհաշիի աշխատանքները եվրոպական երկրներում ճապոնական մշակույթի տարածման մասին են։ Նա փորձել է պատկերել ֆեմինիզմը արվեստի միջոցով՝ օգտագործելով տարբեր տեխնիկաներ։ UWC Դիլիջանի արվեստների ֆակուլտետի ղեկավար Յարոսլավ Զաբավսկին Aravot.am-ի հետ զրույցում բարձր գնահատեց ուսանողների ներկայացրած աշխատանքները։  Նա  նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է  խրախուսել երկխոսությունը և բացահայտել արվեստի տեղն այսօրվա փխրուն աշխարհում: Ուսանողների աշխատանքները ցույց են տալիս, որ նրանք ունակ են կառուցել կամուրջներ քաղաքական լարումների և ռազմական բախումների առաջացրած անդունդների վրայով:


Հիշեցնենք, որ UWC Դիլիջանը հետխորհրդային տարածքում հիմնված առաջին միջազգային դպրոցն է, որը գործում է UWC կրթական մոդելով։ Դպրոցն իր դռները բացել է 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում: Այն ներկայումս ունի 220 ուսանող աշխարհի ավելի քան 80 երկրից, իսկ դասախոսական կազմը ներառում է 36 ուսուցիչ՝ 15 երկրից։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930