Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կոկո Շանելը, Էդիթ Պիաֆը և այլ հայտնի կանայք՝ Գյումրու բեմում․ մի ամիս առաջ սպառվել են բոլոր տոմսերը

Ապրիլ 05,2022 22:30

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն  ապրիլի 27-ին հանդես կգա առաջնախաղով։  Երեք օր շարունակ՝ ապրիլի 27-ին, 28-ին, 29-ին Մհեր Մկրտչյանի անվան  փոքր  դահլիճում պատրաստվում  են հանդիսատեսի դատին հանձնել  «Բոհեմ»-ը։

Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ներկայացումն առանձնահատուկ է  նրանով,  որ բեմը տրամադրել  են  նորավարտ ռեժիսոր Տաթևիկ Ժաքյանին, իսկ  «Բոհեմ» պիեսի հեղինակը նրա համակուրսեցին է՝ Մարիա Ակոպովան։

«Բեմը վստահեցինք երիտասարդներին, երբ աշխատանքը սկսվեց, հասկացանք, որ նոր խումբ է հավաքվել և բոլորն իգական սեռի ներկայացուցիչ են՝ թատրոնի մեր լավագույն 4 դերասանուհիները՝  Հասմիկ Սուվարյանը, Նառա Սանթոյանը, Դիանա Մացոյանը, Ջեմմա Ադամյանը։ Նրանց միացավ զգեստների ձևավորող, նկարիչ Լուսինե Խաչատրյանը։ Կանայք 5 ամիս է՝ աշխատում են, առաջիկայում կունենանք ներկայացում։

Ինչո՞վ է առանձնահատուկ այս ներկայացումը, բացի նրանից, որ նոր է միտքը, ասելիքը, ձևավորումը, հերոսուհիները մարմնավորում են Էդիթ Պիաֆին, Կոկո Շանելին, Մարինա Ցվիտաևային և Ֆրիդա Կալոյին։  Այս կանայք հանուն արվեստի՝  զոհեցին իրենց կյանքը, նրանք գրավել են ողջ աշխարհի սերը, բայց չեն ունեցել անձնական երջանկություն, կուզենամ, որ մեզ, հատկապես երիտասարդների համար այս կանանց պատմությունը, որն ի ցույց ենք դնում, լինի ոգեշնչում։

Հերոսուհինները նույնիսկ անձնական դժբախտությունն են կողքի դրել ու ստեղծագործել , վառ անհատականություններ են։ Մենք էլ պիտի հասկանանք, որ չնայած մեր իրականության մեջ մեծ դժվարություններ կան, բայց չպիտի ընկճվենք, ավելի պիտի ուժեղանանք, նույնիսկ ցավի դեպքում պիտի ուժ հավաքես, դիմանաս ու պայքարես հանուն գալիք սերնդի։

Ներկայացման  հասցեատերը կլինեն երիտասարդները։ Փաստագրական ֆանտազիա է՝ շատ հետաքրքիր, դեռ գովազդը չկա, բայց տոմսերն արդեն սպառվել են։ Փառատոնային ներկայացում է»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Ի դեպ, թատրոնը հանդես է գալիս մեկ կարևոր նախագծով ևս․ թատրոնը գրություններ է հղել  դպրոցներին, քոլեջներին, ու դերասանները սկսել են այցելել դպրոցներ, հանդիպել աշակերտների, մանկավարժների հետ, քննարկումներ կազմակերպել։

«Միշտ իրենք են հյուրընկալվում թատրոնում, այս անգամ  մենք որոշեցինք գնալ  դպրոցներ, քոլեջներ։  Պատանիները թատրոնի համար կարևոր հանդիսատես են,  նրանց հետ խոսում ենք թատրոնի, իրենց դիտած ներկայացումների մասին, աշակերտները բազում հարցեր ունեն։

Իրենք գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպում դպրոցներում ու  սկսվում է  հարց ու պատասխանը։  Մեզ համար կարևոր է, թե ինչն է պակասում, ինչ կուզեն դիտել, ինչ կարծիք ունեն եղած ներկայացումների մասին, ինչպիսին են տեսնում վաղվա թատրոնը։

Ջերմ հարաբերություններ են․ աշակերտների ու մանկավարժների մոտ մեծ խանդավառությամբ է սա ընդունվում։ Հասկացանք, որ սա միջոց է թատրոնն ու դպրոցն իրար  կապել ու, նաև քոլեջն ու ուսումնարանները»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը։

Շիրավանզադեի «Արտիստ»-ը  մայիսին կբեմադրվի հենց  պատանի հանդիսատեսի համար, այն կլինի թատրոնի  երկրորդ առաջնախաղը։

Ի դեպ, Գյումրու թատրոնը թատրոնի միջազգային օրվա առիթով արժանացել է մրցանակների։  Թատրոնի դերասանուհի Հասմիկ Սուվարյանն արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն երկրորդ պլանի դերակատար»։

Թատերական գործիչների միության կողմից  էլ  «Մաուգլի» ներկայացումն է արժանացել  հատուկ մրցանակի։

«Մաուգլին» թատրոնի վերջին տարիների ամենամասշտաբային ներկայացումն էր։  Հիշեցնենք, որ Գյումրու թատրոնում  շարունակվում է  156-րդ թատերաշրջանը։

Թատրոնի մյուս նորություններին կանդրադառնանք առաջիկայում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930