Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Մեր հազարավոր հայրենակիցներ սկզբունքներ են հայտարարել, որոնցից շեղվելու պարագայում մենք մեզ իրավունք ենք վերապահելու հասանելի ցանկացած ճանապարհով փոխել այս իշխանությանը»

Ապրիլ 05,2022 22:20

Այսօր Ազատության հրապարակում խորհրդարանական ընդդիմության հրավիրած հանրահավաքին ներկա էր նաեւ Սերժ Սարգսյանը: Երբ հավաքի մասնակիցները քայլերթով գնացին Ֆրանսիայի հրապարակ եւ կենտրոնում կանգնեցրին Արցախի դրոշը, այդ արարողությանը հետեւում էր նաեւ ՀՀ 3-րդ նախագահը:

Aravot.am-ը նախագահից հարցրեց, որ եթե ապրիլի 6-ին պարզվի, որ  Բրյուսելում բանավոր պայմանավորվածությամբ էլի տարածքներ են զիջվել, այդ դեպքում ո՞րն է լինելու ընդդիմության եւ հանրության անելիքը:

«Ես վստահ եմ, որ վաղը որեւէ՝ փաստաթուղթ չի ստորագրվելու: Որ ստորագրվի, չստորագրվի, ինչ էլ ուզում է լինի, այսօր մեր հազարավոր հայրենակիցներ սկզբունքներ են հայտարարել եւ այդ սկզբունքներին հավատարիմ են մնալու: Այդ սկզբունքներից շեղվելու պարագայում, ինչպես Ազատության հրապարակում հայտարարվեց, մենք մեզ իրավունք ենք վերապահելու հասանելի  ցանկացած ճանապարհով փոխել այս իշխանություններին»,-պատասխանեց նախագահը:

Հետաքրքրվեցինք նաեւ, որ հանրահավաքում «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը իր ելույթում հայտարարեց, որ Արցախի խնդրի լուծումը միայն Մինսկի խմբի համանախագահների տիրույթում է: Նկատի առնելով, որ այսօր Ռուսաստանի Դաշնության նկատմամբ խիստ պատժամիջոցներ են սահմանվում, որի ամենաակտիվ մասնակիցներն են ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, Մինսկի խումբը այս պարագայում ի՞նչ արդյունավետությամբ կաշխատի, պարոն Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, դժվարություններ կունենա: Տեւական ժամանակ է, որ հակասություններ կան Ռուսաստանի եւ արեւմուտքի միջեւ, բայց այդ ժամանակահատվածում Մինսկի խումբը աշխատել է եւ աշխատել է բավական արդյունավետ: Հույս ունենանք, որ այս անգամ էլ կաշխատի: Բայց առանց Մինսկի խմբի էլ մենք սկզբունքներ ենք թելադրել, եւ Հայաստանը պետք առաջնորդվի այդ սկզբունքներով: Հակառակ պարագայում կլինի այն, ինչ որ ասացի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930