Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի դահլիճ էր ընտրվել հենց այն վայրը, որտեղ 10 տարի առաջ Աբդուլ Համիդի ներկայությամբ հանդիսավոր կերպով բացվել էր օսմանյան խորհրդարանը

Ապրիլ 09,2022 13:30

«Ճանաչում եւ դատապարտում. Երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 թթ. եւ 1926 թ.)» մենագրության հեղինակը թուրքագետ Մելինե Անումյանն է:

Մենագրությունում արխիվային փաստաթղթեր են, օսմանյան եւ այլալեզու մամուլի հրապարակումներ, դատական սղագրություններն ու ժամանակակիցների հուշերի եւ տարբեր գիտական ուսումնասիրությունների հենքի վրա ներկայացված 1919-1921թթ. Թուրքիայում հայերի տեղահանության եւ կոտորածների մեղադրանքով հարուցված դատական գործերը եւ 1919-1920 թթ. ու 1926 թ. երիտթուրքերի դատավարությունները:

Աշխատության մեջ համեմատություն է անցկացվում 1919-1921թթ. եւ 1926թ. իթթիհադականների դատավարությունների միջեւ:
Ներկայացնենք Յոզղատի դատավարությունից մի հատված: Յոզղատի դատավարությունն առաջինն էր հայերի տեղահանության եւ զանգվածային սպանությունների մեղադրանքով հարուցված դատական գործերի շարքում։ Դատը (18 նիստ) տեղի է ունեցել 1919 թ. փետրվարի 5-ից մինչեւ ապրիլի 7-ը։ Կարծես թե ճակատագրի հեգնանքով, որպես դատարանի դահլիճ էր ընտրվել հենց այն վայրը, որտեղ 10 տարի առաջ Աբդուլ Համիդի ներկայությամբ հանդիսավոր կերպով բացվել էր օսմանյան խորհրդարանը:

Մեղադրյալները սկզբնապես 3 հոգի են եղել` Յոզղատի մութասարիֆ, Բողազլըյանի կայմակամ Քեմալը, Յոզղատի ժանդարմերիայի գումարտակի հրամանատար Թեւֆիկը եւ Յոզղատի վաքֆային վարչության նախկին պաշտոնյա Ֆեյյազ Ալին։ 17-րդ նիստում վերջինիս գործն առանձնացվել է` հետագայում քննելու նպատակով, բայց մնացել է թղթի վրա:

Յոզղատի դատաքննության 1919թ. փետրվարի 12-ի նիստում դատարանին տրված վկայությունների շարքում հիշատակման են արժանի հատկապես հայ վկա Օժենի Վառվառյանի ցուցմունքները, որոնք առնչվում էին բռնի կրոնափոխման դեպքերին. «…Այդպես բերվեցինք Օսման փաշա դերվիշների մենաստան, այնտեղ էր գտնվում նաեւ յոզղատցի ոստիկան Նուման էֆենդին, եւ ահա այստեղ գտնվող Ֆեյյազ բեյն ու Նուման էֆենդին վերցրին մեզ մոտ գտնվող դրամները եւ հրամայեցին մեզ ուղարկել Ֆեներ: Գիշերը ինձ եւ մեկ-երկու աղջկա եւս ասացին` «Ձեզ մահմեդական ենք դարձնելու. մնացեք այստեղ» եւ պահեցին։ Մյուսներին տարան 50-60 սայլերով: Այդ օրն այնտեղ էր նաեւ մեղադրյալ Քեմալ բեյը։ Ձեռքին թուր` եկավ մեզ մոտ եւ հետեւյալն ասաց իր մարդկանց. «Եթե դուք սրանց բոլորին էլ, ինչպես որ հարկն է, չսպանեք, ե՛ս ձեզ կսպանեմ։ Մի՞թե մեր մայրերն այսօրվա համար չեն ծնել մեզ: Դե՛հ, ի՞նչ եք կանգնել, գնացե՛ք, կոտորե՛ք։ 6 տարեկանից մինչեւ 70 տարեկան` բոլորին կոտորեք»: Այնտեղ հենց իմ աչքի առաջ կոտորեցին բոլոր մարդկանց` ցորեն հնձելու պես, իսկ ինձ խլեցին մորս գրկից` սպանելու համար, ապա հարվածեցին գլխիս։ Սպանվածների գրպանները դատարկեցին, երեկոյան մեզ տարան ուղիղ կայմակամություն (գավառապետարան)»։ Նույն նիստում հանդես եկած վկա Ազնիվ Իբրանոսյանը Ռազմական ատյանին հայտնել է, թե մոտ 860 տուն ոչ մահմեդական բնակչություն էր բռնագաղթեցվել, ինքն էլ էր եղել նրանց մեջ, մի մասն ուղարկվել էր Թաշփընար եւ այստեղ կոտորվել, իսկ մեղադրյալ Քեմալ բեյն իր գործած ոճիրների համար վաստակել էր «մսագործ գավառապետ» մականունը: 1919 թ. փետրվարի 15-ին կայացած 6-րդ նիստում վկա Ստեփանը ցուցմունքներ է տվել առ այն, որ նախ` Գյուլլեր, ապա` Էլեքչիլեր աքսորված հայերը կացիններով, քլունգներով եւ գերանդիներով սպանվել են տեղի գյուղացիների կողմից: Վկան հայտնել է, որ ջարդին ներկա են եղել նաեւ ամբաստանյալները եւ որ կոտորվել է իրենց ողջ գյուղը: Նույն նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ բողոքական հայերի տեղահանությանը, ովքեր, ըստ օրենքի, չպետք է ենթարկվեին աքսորի։

Քաղհայցվոր Հայկի համաձայն` «…երբ իր մայրը Քեմալ բեյին ասել էր, թե ինքը բողոքական է, եւ խնդրել տեղահանության չենթարկել իրեն, Քեմալը պատասխանել է, թե իր կարծիքով բոլորը մեկ են՝ բողոքական, թե կաթոլիկ, բոլորը հայ են եւ հեռանալու են»: Սույն դատական գործընթացի 10-րդ նիստում, որը կայացել է 1919թ. մարտի 5-ին, վկաներից ունկնդրության է արժանացել Թոքաթի մութասարիֆը, որն ասել է՝ հայերի սպանությունների փաստը հայտնի է եղել բոլորին: Նույն նիստում, որպես վկա, ունկնդրության է արժանացել նաեւ վարչական տեսուչ Նեդիմ բեյը, որը հայտնել է, թե ըստ իրեն հասած խոսակցությունների` տարագրված 140 հոգանոց հայկական քարավանին գիշերը փակել են մի փարախում եւ գավազաններով ոչնչացրել։ Վկան շեշտել է, որ հայերին աքսորել են որոշ գյուղերից, եւ որ ճանապարհին նրանք ենթարկվել են ավազակախմբերի հարձակումներին։ Այս նիստում եւս ընթերցվել է Շահաբ բեյի ցուցմունքը, ըստ որի` Բողազլըյանի տեղահանության ժամանակ կատարվել են սպանություններ եւ չարաշահումներ։ Ներկայացվել է եւս երկու ցուցմունք: Դրանցից առաջինում, որը հաղորդվել էր ժանդարմերիայի կողմից, նշվում էր, թե 36 հայերից 11-ը սպանվել էին հրոսակախմբերի կողմից, եւ մյուսները կոտորվել էին հետագայում, իսկ երկրորդը, որի վրա նշված էր «գաղտնի» բառը, վերաբերում էր Բողազլըյանի տեղահանությանը:

Յոզղատի դատավարության ընթացքում բացահայտվել է, որ հայերի քարավանները հսկելու նպատակով պետության կողմից ուղարկված մարդիկ տեղի բնակչությանը հրահրել են հայերի դեմ: Այսպես` 1919 թ. մարտի 24-ի նիստում դատախազ Հարալամբո էֆենդին ամբաստանյալ Քեմալին հարցրել է, թե հայերի քարավանները հսկելու, կարգուկանոնը պահպանելու նպատակով ուղարկված Աբդուլահը ինչու էր խառնակչություններ հրահրել բնակչության մեջ։ Դատախազը եզրակացրել է, թե պետական պաշտոնյաների առկայության պայմաններում պետության կողմից նման անձանց եւս ուղարկելը հատուկ նպատակ էր հետապնդել։

Ամբաստանյալ Քեմալ բեյի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքի համաձայն, ինքը ստորադասներին հրամայել էր տեղահանությանը վերաբերող հրամանների մի մասն ընթերցելուց հետո այրել: Այդ մասին Քեմալին հիշեցվել է նաեւ 1919 թ. մարտի 24-ի նիստում։ Թեեւ Քեմալ բեյը փորձել է հերքել իր իսկ ցուցմունքը, սակայն դատախազ Հարալամբո էֆենդին հաստատել է այդ փաստը: Միեւնույն նիստում դատարանի նախագահի կողմից հիշատակվել է Յոզղատի հոգեւոր առաջնորդի` նախաքննության ընթացքում տված ցուցմունքը, համաձայն որի` մյուֆթին փորձել էր հանդիմանել Քեմալին, իսկ վերջինս ասել էր. «Դու կառավարությունից բարեգո՞ւթ ես»։

Սույն դատաքննության ընթացքում ամբաստանյալները փորձում էին իրենց արդարացնել` վկայակոչելով կառավարության կողմից ստացված հրամանները։ Դատալսումների ընթացքում նրանց տված ցուցմունքների համաձայն` կառավարությունը գոյության միջոցներ չէր տրամադրել հայերի քարավաններին: Յոզղատի դատավարության 1919թ. մարտի 27-ի նիստի ժամանակ նույն փաստարկով է իրեն փորձում արդարացնել ամբաստանյալներից Քեմալ բեյը: Միեւնույն նիստում դատարանին ցուցմունքներ տված վկա Մեհմեդ բեյը, որն անգլոհպատակ գնդապետ էր, հայտնել է, թե ինքն է անձամբ տեսել, թե ինչպես են կացիններով ու դաշույններով հայերին կոտորում:

Դարձյալ 1919 թ. մարտի 27-ի նիստում հանդես եկած վկա Սկյոտարի մութասարիֆ Մեհմեդ Ալի բեյը չի բացառել հայերի կոտորածներին պաշտոնյաների եւ տեղի բնակչության մասնակցության հավանականությունը, սակայն ըստ վկայի ցուցմունքի` դա հնարավոր էր կառավարության կողմից տրված գաղտնի հրամանի դեպքում միայն: Նույն նիստում ընթերցվել է ամբաստանյալ Թեւֆիկի ստորագրությունը կրող մի տեղեկագիր, որում մասնավորապես առկա էր «Հայերի արմատը չորացնել» արտահայտությունը:

Լուսանկարը՝ Արեգ Վարդանյանի

«Առավոտ» օրաթերթ
08.04.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անուշ Կարապետյան says:

    Խաղաղության դարաշրջանի ջատագովների ուշադրությունն եմ հրավիրում հատկապես այս փաստի վրա (մեջբերում հոդվածից)’
    “աքսորված հայերը կացիններով, քլունգներով եւ գերանդիներով սպանվել են տեղի գյուղացիների կողմից:”

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/04/09/1258964/

    © 1998 – 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930