Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը ոչ միայն վառելիք, այլ նաեւ զենք է մատակարարում Ուկրաինային». Արգիշտի Կիվիրյան

Ապրիլ 15,2022 19:55

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը տեղեկություններ ունի, որ Ադրբեջանը ոչ միայն վառելիք, այլ նաեւ զենք է մատակարարում Ուկրաինային: «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը դա չի նկատել»,- այսօր, «Հայկական օրակարգ» շարքի՝ «Ինչպե՞ս Հայաստանին տալ զարգացման նոր հույս եւ հեռանկար» թեմայով քննարկման ժամանակ ասաց նա: Հիշեցնենք, երեկ, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը կեղծ անվանեց նման լուրերը:

Վերլուծաբանի գնահատմամբ, Ադրբեջանն ուժեղացնում է իր ռազմական ներուժը, բայց թշնամին, այս դեպքում, միայն Հայաստանը չէ, եւ, գուցե, ոչ այդքան Հայաստանն է։ Ստեղծված իրավիճակու, երբ Հայաստանի ղեկին, իր գնահատմամբ, գտնվում են ոչ սթափ, ոչ ադեկվատ, ոչ կոմպետենտ իշխանություններ, արցախահայությունը, պետք է լուծի իր խնդիրները՝ աշխարհասփյուռ հայերի, այդ թվում նաեւ Կրեմլի հետ առնչվող հայերի օգնությամբ. «Արցախը պետք է ուղղահայաց հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ, խորացնի այդ հարաբերությունները, համակարգի իր քայլերը Մոսկվայի հետ, աջակցություն ցուցաբերի աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը՝ հաշվի առնելով նաեւ Բաքվի հակառուսական դիրքորոշումն ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ։ Աղետից խուսափելու համար պետք է ամեն գնով ժամանակ շահել»:

Ադրբեջանին լայնամասշտաբ հարձակումից, բանախոսի համոզմամբ, ետ է պահում ռուսական զորախմբի ներկայությունն Արցախում. «Եթե Ռուսաստանն Ուկրաինայում խնդիրների բախվի, վստահ եմ, որ Ադրբեջանը կրկին, ինչպես Փառուխի դեպքում, կփորձի ակտիվանալ մի քանի ուղղություններով»:

Անդրադառնալով անցած երկու օրերին, խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին էլ, Արգիշտի Կիվիրյանը կարծիք հայտնեց, որ միջազգային հանրության մասին հնչեցրած թեզերի քողի տակ, Փաշինյանը միացել է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու գործընթացներին։ Իր գնահատականներով, աշխարհում ազդեցության ոլորտների բաժանումը կավարտվի 6-7 պետությունների գերիշխանությամբ, որոնք որոշիչ դեր կխաղան տարբեր տարածաշրջաններում. «Փաշինյանը, հավանաբար, իրեն եւ Հայաստանին ռուսական ճամբարում չի տեսնում»:

Բանախոսը հիշեցնում է Փառուխի դեպքերի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները եւ ռուս խաղաղապահների գործողությունները հետաքննելու անհրաժեշտության մասին հայտարարությունը եւ նկատեց, որ նախօրեին էլ նա հրապարակայնորեն մեղադրում էր ՀԱՊԿ-ին, թեեւ հենց Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման օրերին նման քննադատություն չէր հնչել. «Բացի այդ, անհամապատասխանություն կա ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, թեեւ Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ կոշտ առճակատման պայմաններում անհնար է պատկերացնել, որ հանուն հայ ժողովրդի նրանք կթողնեն իրենց տարաձայնությունները, կնստեն սեղանի շուրջ եւ միասնական հարթակ կձեւավորեն: Իսկ միջազգային հանրությանը հղումներն ընդհանրապես հիմք չունեն, քանի որ միջազգային հանրություն չկա, այն քանդվել է։ Դա բնակչության գիտակցությունը հերթական անգամ մանիպուլացնելու փորձ է։

Փաշինյանը Եվրոպա կատարած այցից հետո ակտիվորեն սկսեց առաջ մղել գոյություն չունեցող միջազգային հանրությանն աջակցելու մասին թեզերը։ Դա ոչ այլ ինչ է, քան միասնական Արեւմուտքի դիրքորոշումը։ Փոքր ազգերն ամենաշատն են տուժում, երբ չկա միջազգային հանրություն եւ դաժան բախումներ են տեղի ունենում։ Որպես օրինակ, կարելի է նշել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Չի բացառվում, որ կոնֆլիկտն Ուկրաինայից կտարածվի այլ տեղեր, ինչից եւ կարող են օգտվել մեր հակառակորդները, ինչպես եղավ 1915-ին»:

Վերլուծաբանը կարծում է, որ 2018 թվականից հետո Փաշինյանն ու Ալիեւն անձնական կապեր հաստատեցին, Ռուսաստանին որոշ չափով դուրս բերեցին գործընթացներից, ինչը նրա չեզոք դիրքորոշման պատճառ դարձավ 2020-ին: Իր գնահատմամբ, Արցախի եւ Սյունիքի խնդիրները հայոց պետականության ճգնաժամի արդյունքն են, իսկ վաղը կարող են առաջանալ Տավուշի ու Արարատի խնդիրները՝ Հայաստանը դարձնելով մանրադրամ, միջազգային քաղաքականության մեջ: Իրավիճակից ելքը նա տեսնում է գործող ռեժիմի հեռացմամբ եւ զարգացման ծրագիր ունեցող, սթափ, կոմպետենտ կառավարության ձեւավորմամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930