Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյան․ «Այսինքն, եթե հներն են Ազատության հրապարակում, դրա համար ես այնտեղ չեմ գնում, ստացվում է` ինձ համար մեկ է, որ երկիրը կկորցնենք, կարևորը հները հետ չգա՞ն». «Փաստ»

Ապրիլ 26,2022 09:30

Ազատության հրապարակում, Երևանի փողոցներում ու հանրապետության ճանապարհներին այս օրերին մեր երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներն են` լինեն մտավորական, զինվորական, ուսանող, թե քաղաքական գործիչ, նրանք բոլորը նախ և առաջ ՀՀ քաղաքացիներ են, որոնք վախեր ունեն Հայաստանի և Արցախի վաղվա օրվա վերաբերյալ:

Դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանն ասում է` իհարկե, ցանկալի կլիներ, որ այս ամենն ավելի շուտ լիներ, բայց կարծում է, որ հասարակությունը դեռ չէր հասունացել, համենայն դեպս, գոնե այն մասը, որն ընտրել էր Նիկոլ Փաշինյանին:

«Նրանք դեռ գտնվում էին իր ամեն ասածի տպավորության տակ: Հիմա շատ վատ բան պիտի ասեմ, բայց երևի պետք էր այս ամեն ինչի միջով անցնել, որպեսզի մարդիկ ամեն ինչ վերլուծեին, հասկանային, թե ինչ կատարվեց, ինչ եկավ բոլորիս գլխին: Մեծամասնության կողմից ընտրված իշխանությունն ամբողջովին ձախողեց այն ամենը, ինչ խոստացել էր, մինչդեռ շատերը նրանց հետ հույսեր էին կապել: Հիմա էլ հասարակությունն ամբողջովին չի արթնացել, հրապարակում մարդկանց քանակը և երկրի դրությունը չեն համապատասխանում իրար: Մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան մեզանից շատերը դա պատկերացնում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է դերասանը:

Ասում է` այս օրերին պետք է հստակ խնդիր ձևակերպել և առաջ շարժվել` դրան հասնելու համար: «Չպետք է գլխավոր խնդիրը մասնատել տարբեր մասերի, այսօր կա խնդիր համար մեկ: Կորցնում ենք երկիր, կորցնում ենք Արցախը: Աստված չանի, բայց կարող ենք կորցնել Հայաստանի մի մասը, եթե ոչ ամբողջ Հայաստանը: Դրա համար այսօր պետք է միաբանվել մեկ խնդրի շուրջ` այս իշխանությունը պետք է հեռանա: Բնականաբար, բոլորի մոտ հարց է առաջանալու` լավ, սրանք գնացին, դուք ի՞նչ եք անելու, ո՞վ է գալու: Այդ «դուք»-ը օդ նետած ֆրազա է, որովհետև այդ «դուք»-ն այսօր «դուքեր» է: Պետք է միավորվել մեկ խնդրի շուրջ ու կարողանալ իսկապես ձևակերպել այն միտքը, թե ինչու այս իշխանությունը պետք է գնա և մտածել երկրի զարգացման մասին, այդ դեպքում կհաջողենք: Առաջարկներ կան, որոնց կյանքի կոչման պարագայում հնարավոր կլինի ապահովել երկրի անվտանգությունը, վերականգնել ու հզորացնել տնտեսությունը, առաջընթաց գրանցել բոլոր ոլորտներում: Նաև այս պատճառով ինձ համար անհասկանալի է այն միտքը, երբ ասում են` «չենք գնա հրապարակ, քանի որ այնտեղ հներն են»:

Այսինքն, եթե հներն են Ազատության հրապարակում, դրա համար ես այնտեղ չեմ գնում, ստացվում է` ինձ համար մեկ է, որ երկիրը կկորցնենք, կարևորը հները հետ չգա՞ն: Դա ամենացավալի մտածելակերպն է: Դրա փոխարեն պետք է գտնել ճանապարհներ ու այլընտրանք հարցերը լուծելու համար»,-ասում է ՀՀ ժողովրդական արտիստը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930